ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՐԱԶԴԱՆԻ ՋԷԿ-Ի ԳՈՒՅՔԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆԸ Ի ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 5-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան 19 նոյեմբերի 2002 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,

մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարար Ա. Մովսիսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 21 հոդվածի, 25 հոդվածի 1 կետի, 56 եւ 67 հոդվածների,

դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող Հրազդանի ՋԷԿ-ի գույքային համալիրը Ռուսաստանի Դաշնությանը ի սեփականություն փոխանցելու վերաբերյալ 2002 թվականի նոյեմբերի 5-ին Երեւանում ստորագրված արձանագրությունում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու մասին» գործը։

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան։

Լսելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Վ. Պողոսյանի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Ա. Մովսիսյանի բացատրությունները, հետազոտելով արձանագրությունը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. Սույն արձանագրությունն ստորագրվել է 2002 թվականի նոյեմբերի 5-ին՝ Երեւանում: Արձանագրության նպատակն է Ռուսաստանի Դաշնությանը փոխանցվող գույքային համալիրի (Հրազդանի ՋԷԿ) արժեքի չափով Հայաստանի Հանրապետության պետական պարտքի մի մասի մարումը։

2. Արձանագրությամբ սահմանվում են փոխանցվող գույքի ընդունման եւ հանձնման նպատակով լիազորված մարմինները, փոխանցվող գույքի կարգավիճակը եւ արժեքը (31 մլն ԱՄՆ դոլար), պարտքի մարման կարգը եւ սեփականությանն առնչվող հարցերը։ Նշված գումարը համարվում է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության օտարերկրյա ներդրում։

3. Արձանագրությունը նախատեսում է, որ փոխանցվող գույքն ստանալու է օտարերկրյա ներդրումներով ձեռնարկության կարգավիճակ, իսկ դրա կառավարումը՝ ըստ արձանագրության, պայմաններ կստեղծի նոր տեխնոլոգիաների ներդրման, համապատասխան պատվերների ծավալների ավելացման, արտադրանքի իրացման շուկայի ընդլայնման համար։

Արձանագրության անբաժանելի մասն են հանդիսանում փոխանցվող գույքի կազմը եւ դրան ամրակցված հողատարածքների հատակագծերը։

4. Արձանագրությամբ Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է մի շարք պարտավորություններ, մասնավորապես.

- տրամադրել գույքի փոխանցման համար սահմանված փաստաթղթերը՝ ըստ ժամանակացույցի, ինչպես նաեւ ապահովել գույքի փոխանցման համար անհրաժեշտ պահանջները,

- ազատել գույքային համալիրի փոխանցումն ավելացված արժեքի հարկից, ինչպես նաեւ տրամադրել մաքսային եւ հարկային այնպիսի արտոնություններ, որոնք արտոնվում են ՀՀ եւ երրորդ պետության իրավաբանական անձանց,

- երաշխավորել, որ փոխանցվող գույքն ազատ է ցանկացած պարտքից, ծանրաբեռնվածությունից եւ երրորդ անձանց իրավունքներից,

- անհատույց ի սեփականություն փոխանցել գույքին ամրակցված հողատարածքները, ինչպես նաեւ չգանձել հողի վարձավճարը՝ գույքային համալիրին ամրակցված հողատարածքներից,

- տրամադրել օրինաչափորեն պատկանող դրամական միջոցներն ազատ օգտագործելու եւ ՌԴ անարգել փոխանցելու իրավունք, ինչպես նաեւ ֆինանսատնտեսական գործունեություն իրականացնելու համար ոչ պակաս բարենպաստ ռեժիմ, քան տրամադրվում է ՀՀ եւ երրորդ պետության իրավաբանական անձանց, եւ այլ իրավունքներ,

- ՌԴ-ին տրամադրել բացառիկ իրավունք մինչեւ 2005 թ. հունվարի 1-ը՝ որպես սեփականություն, ձեռք բերել «Հրազդան-5» ԾԻԳ ՊՀ գույքային համալիրը, եւ նշված ժամանակահատվածում այդ գույքային համալիրը պահպանել որպես պետական սեփականություն։

5. Արձանագրության ստորագրման միջազգային պայմանագրային հիմք են հանդիսացել Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանի Հանրապետությանը պետական վարկերի տրամադրման վերաբերյալ մի շարք վավերացված համաձայնագրեր, ինչպես նաեւ ՌԴ-ի կողմից ՀՀ-ին տրամադրված պետական վարկերի գծով պարտքի մարման համար ՀՀ պետական սեփականություն հանդիսացող գույքը ՌԴ-ին փոխանցելու վերաբերյալ համաձայնագիրը (ստորագրվել է 2002 թ. հուլիսի 17-ին)։

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող Հրազդանի ՋԷԿ-ի գույքային համալիրը Ռուսաստանի Դաշնությանը ի սեփականություն փոխանցելու վերաբերյալ 2002 թվականի նոյեմբերի 5-ին Երեւանում ստորագրված արձանագրությունում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

19 նոյեմբերի 2002 թվականի
ՍԴՈ - 395

print page Տպել էջը