ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ «ԵՐԵՎԱՆԻ ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆԸ ՈՐՊԵՍ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 5-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան 19 նոյեմբերի 2002 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,

մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կ. Ճշմարիտյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի եւ 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող «Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը Ռուսաստանի Դաշնությանը որպես սեփականություն փոխանցելու վերաբերյալ 2002 թվականի նոյեմբերի 5-ին Երեւանում ստորագրված արձանագրությունում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու մասին» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:

Լսելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Վ. Սահակյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Կ. Ճշմարիտյանի բացատրությունը, ուսումնասիրելով արձանագրությունը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. Սույն արձանագրությունն ստորագրվել է 2002 թվականի նոյեմբերի 5-ին Երեւանում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրված պետական վարկերի գծով պարտքի մարման համար Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն հանդիսացող գույքը Ռուսաստանի Դաշնությանը փոխանցելու վերաբերյալ 2002 թվականի հուլիսի 17-ի համաձայնագրի (2002 թվականի նոյեմբերի 5-ի արձանագրությամբ մտցված փոփոխություններով) կատարման նպատակով։

2. Արձանագրությամբ Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետեւյալ պարտավորությունները.

- փոխանցել Ռուսաստանի Դաշնությանն ի սեփականություն «Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի՝ իրեն պատկանող 100 տոկոսը (գույքային համապատասխան համալիրը): Գույքի՝ Կողմերի միջեւ համաձայնեցված արժեքը կազմում է 2«75 միլիոն ԱՄՆ դոլար,

- տրամադրել «Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությանը եւ նրա իրավահաջորդին՝

ա) լիցենզիա եւ կանոնադրական գործունեության իրականացման իրավունքը հաստատող այլ փաստաթղթեր,

բ) օրինական ճանապարհով ստացած իր դրամական միջոցներն ազատ օգտագործելու, դրանք արտարժույթով անարգել փոխարկելու, Ռուսաստանի Դաշնություն փոխանցելու իրավունք,

գ) ֆինանսատնտեսական գործունեություն իրականացնելու իրավունք՝ ոչ պակաս բարենպաստ պայմաններում, քան այն պայմաններն են, որոնք տրամադրվում են ինչպես Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձանց, այնպես էլ երրորդ պետության իրավաբանական անձանց՝ գիտատեխնիկական գործունեության եւ արդյունաբերական արտադրության ոլորտում,

- ազատել մաքսային տուրքերի գանձումից «Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության կամ նրա իրավահաջորդի կողմից պատրաստի արտադրանքի արտահանումը Ռուսաստանի Դաշնություն եւ երրորդ երկրներ, ինչպես նաեւ նշված բաժնետիրական ընկերության կամ նրա իրավահաջորդի կողմից արտադրական գործունեության մեջ օգտագործվող սարքավորումների, նյութերի, գույքի, տեխնոլոգիական եւ գիտատեխնիկական բնույթի ծառայությունների ներմուծումը։

3. Արձանագրությամբ նախատեսվում են նաեւ դրանում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու, տարաձայնությունների լուծման, դրա ուժի մեջ մտնելու կարգն ու պայմանները։

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող «Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը Ռուսաստանի Դաշնությանը որպես սեփականություն փոխանցելու վերաբերյալ 2002 թվականի նոյեմբերի 5-ին Երեւանում ստորագրված արձանագրությունում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

19 նոյեմբերի 2002 թվականի
ՍԴՈ - 396

print page Տպել էջը