ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ «ՆՅՈՒԹԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆԸ ՈՐՊԵՍ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երեւան 19 նոյեմբերի 2002 թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,
մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կ. Ճշմարիտյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի եւ 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,
դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող «Նյութաբանության գիտահետազոտական եւ արտադրական ձեռնարկություն» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը Ռուսաստանի Դաշնությանը որպես սեփականություն փոխանցելու վերաբերյալ արձանագրությունում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու մասին» գործը։
Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան։
Լսելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Մ. Սեւյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Կ. Ճշմարիտյանի բացատրությունները, հետազոտելով արձանագրությունը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Քննության առարկա արձանագրությունն ստորագրվել է 2002թ. նոյեմբերի 5-ին Երեւանում՝ Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրված պետական վարկերի գծով պարտքի մարման համար Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն հանդիսացող «Նյութաբանության գիտահետազոտական եւ արտադրական ձեռնարկություն» ՓԲԸ-ի բաժնետոմսերի՝ իրեն պատկանող 100%-ը (դրան համապատասխան գույքային համալիրը) Ռուսաստանի Դաշնությանը փոխանցելու նպատակով։ Կողմերի միջեւ այդ գույքի համաձայնեցված արժեքը կազմում է 0,35 մլն ԱՄՆ դոլար:
2. Ռուսաստանի Դաշնության տրամադրած պետական վարկերն այս միջոցով մարելու իրավական հիմք է հանդիսանում Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանի Հանրապետությանը պետական վարկեր տրամադրելու վերաբերյալ սույն արձանագրության 4 հոդվածում նշված՝ նախկինում ՀՀ եւ ՌԴ կառավարությունների միջեւ կնքված առանձին համաձայնագրերով նախատեսված այն ընդհանուր դրույթը, որը նախատեսում է Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրված պետական վարկերը եւ հաշվարկված տոկոսները գույք տրամադրելու միջոցով մարելու հնարավորություն։
3. Հայաստանի Հանրապետության՝ Ռուսաստանի Դաշնությանը վճարվելիք պետական պարտքը հիմնականում գոյացել է արձանագրության 4 հոդվածում նշված՝ Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ կնքված համաձայնագրերով տրամադրված պետական վարկերի գումարներից:
4. Արձանագրությունը բաղկացած է 9 հոդվածներից, որոնցով կարգավորվում է գույքի փոխանցման, հանձնման, ընդունման, սեփականության իրավունքի գրանցումը հավաստող փաստաթղթերը Ռուսաստանի Դաշնությանը փոխանցելու ընթացակարգերի իրականացման, հետագա ֆինանսատնտեսական, արտադրական գործունեության ու պատրաստի արտադրանքի արտահանման, ինչպես նաեւ արձանագրության մեկնաբանման ու կիրառման, ուժի մեջ մտնելու եւ դրանում փոփոխություն կատարելու կարգը:
5. Արձանագրությամբ նշված փակ բաժնետիրական ընկերությունը ստանում է օտարերկրյա ներդրումներով ձեռնարկության կարգավիճակ՝ ՀՀ օրենսդրությանը համապատասխան:
Վերոհիշյալից հետեւում է, որ Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրված եւ որպես պետական պարտք ձեւակերպված միջոցները փոխակերպվում են օտարերկրյա ներդրումների՝ դրանից բխող բոլոր իրավական հետեւանքներով:
Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող «Նյութաբանության գիտահետազոտական եւ արտադրական ձեռնարկություն» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը Ռուսաստանի Դաշնությանը որպես սեփականություն փոխանցելու վերաբերյալ արձանագրությունում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
19 նոյեմբերի 2002 թվականի
ՍԴՈ - 398