2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 5-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ «ՄԱՐՍ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆԸ ՈՐՊԵՍ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երեւան 19 նոյեմբերի 2002 թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,
մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կ. Ճշմարիտյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի եւ 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրականդատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,
դռնբաց նիստում քննեց «2002 թվականի նոյեմբերի 5-ին Երեւանում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող «Մարս» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը Ռուսաստանի Դաշնությանը որպես սեփականություն փոխանցելու վերաբերյալ արձանագրությունում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու մասին» գործը։
Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի ՀՆ-1634 թվակիր դիմումը սահմանադրական դատարան։
Լսելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Ռ. Պապայանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Կ. Ճշմարիտյանի բացատրությունը, հետազոտելով արձանագրությունը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Արձանագրությունն ստորագրվել է 2002թ. նոյեմբերի 5-ին՝ Երեւանում: Դրանով փաստորեն առարկայացվում են այն պարտավորությունները, որոնք Հայաստանի Հանրապետությունն արդեն իսկ ստանձնել է «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրված պետական վարկերի գծով պարտքի մարման համար Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն հանդիսացող գույքը Ռուսաստանի Դաշնությանը փոխանցելու վերաբերյալ» համաձայնագրով:
2. Հայկական կողմը պարտավորվում է.
ա) Ռուսական կողմին ի սեփականություն փոխանցել «Մարս» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի՝ իրեն պատկանող 100 տոկոսը (գույքային համապատասխան համալիրը),
բ) փոխանցվող գույքի համաձայնեցված արժեքի (56,29 միլիոն ԱՄՆ դոլար) համապատասխան գումարը համարել Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության ներդրում՝ տրամադրելով «Մարս» փակ բաժնետիրական ընկերությանը օտարերկրյա ներդրումներով ձեռնարկության կարգավիճակ,
գ) արտոնել Ռուսաստանի Դաշնությանը նշված գույքի նկատմամբ տիրապետման, օգտագործման եւ տնօրինման, սեփականության կազմակերպաիրավական ձեւն առանց որեւէ սահմանափակման փոփոխելու իրավունք,
դ) ազատել փոխանցվող գույքը բոլոր պարտքերից, ծանրաբեռնվածություններից եւ երրորդ անձանց իրավունքներից,
ե) ճանաչել «Մարս» ՓԲԸ-ի եւ նրա իրավահաջորդի սեփականության իրավունքը գիտատեխնիկական գործունեության արդյունքների եւ մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ,
զ) տրամադրել «Մարս» ՓԲԸ-ին եւ նրա իրավահաջորդին կանոնադրական գործունեության իրականացման իրավունքը հաստատող փաստաթղթեր, ստեղծել բարենպաստ պայմաններ ֆինանսատնտեսական գործունեություն իրականացնելու համար, երաշխավորել օրինական ճանապարհով ստացած իր դրամական միջոցների անարգել օգտագործումը, արտարժույթով փոխարկումը եւ Ռուսաստանի Դաշնություն փոխանցելը։
3. Արձանագրությունում սահմանվում են գույքի հանձնման եւ ընդունման, գույքի նկատմամբ Ռուսաստանի Դաշնության սեփականության իրավունքի գրանցման կարգն ու ժամկետները։ Հստակեցվում է նաեւ Կողմերի միջեւ կնքված այն միջկառավարական համաձայնագրերի ցանկը, որոնցով տրամադրված պետական վարկերի հաշվին կնվազեցվի Ռուսաստանի Դաշնության հանդեպ Հայաստանի Հանրապետության պարտքի չափը։
Համաձայնագրի սահմանադրականության տեսակետից հարկ է կարեւորել՝ ա) որ պետությունը փոխանցում է Ռուսական կողմին «Մարս» ՓԲԸ-ի բաժնետոմսերի սոսկ իր մասը, բ) նախատեսում է մտավոր սեփականության իրավունքի պաշտպանությունը, գ) գործում է իր միջազգային պարտավորությունների շրջանակում՝ մի շարք պետությունների կառավարությունների հետ կնքված՝ ներդրումների խրախուսման եւ պաշտպանության մասին պայմանագրերում նախատեսված իրավական ռեժիմին համապատասխան:
Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 2002թ. նոյեմբերի 5-ին Երեւանում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող «Մարս» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը Ռուսաստանի Դաշնությանը որպես սեփականություն փոխանցելու վերաբերյալ արձանագրությունում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
19 նոյեմբերի
2002 թվականի
ՍԴՈ - 399