ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ՝ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԱՆՁՆՄԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան, 3 փետրվարի 1997 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Ստեփանյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Հ. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,

մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Մ. Ալեքսանյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի եւ 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության եւ Վրաստանի միջեւ՝ հանցագործություն կատարած անձանց հանձնման մասին պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան՝ Հայաստանի Հանրապետության եւ Վրաստանի միջեւ՝ հանցագործություն կատարած անձանց հանձնման մասին պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը համապատասխանության հարցը քննության առնելու եւ որոշում ընդունելու մասին:

Լսելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Վ. Հովհաննիսյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Մ. Ալեքսանյանի պարզաբանումները, հետազոտելով պայմանագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

Հայաստանի Հանրապետության եւ Վրաստանի միջեւ՝ հանցագործություն կատարած անձանց հանձնման մասին պայմանագիրն ստորագրվել է 1996 թվականի հունիսի 4-ին՝ Թբիլիսիում, երկու օրինակից, յուրաքանչյուրը հայերեն, վրացերեն եւ ռուսերեն, որոնց տեքստերը համազոր են:

Պայմանագիրը կարգավորում է Հայաստանի Հանրապետության եւ Վրաստանի միջեւ՝ հանցագործություն կատարած անձանց հանձնման հետ կապված հարաբերությունները:

Պայմանագրի համաձայն Կողմերը պարտավորվում են սահմանված կարգով միմյանց հանձնել իրենց տարածքում գտնվող անձանց՝ քրեական պատասխանատվության ենթարկելու կամ օրինական ուժի մեջ մտած դատավճիռն ի կատար ածելու համար :

Պայմանագիրը սահմանում է հանցագործություն կատարած անձանց հանձնման հիմքերը, հանձնումից հրաժարվելու պայմանները, Կողմի տարածքում քրեական վարույթի հարուցման կարգը, հանձնված անձի քրեական հետապնդման սահմանները, հանձնման մասին պահանջի ներկայացման, լրացուցիչ տեղեկություններ պահանջելու եւ տրամադրելու կարգն ու ժամկետները, հանձնման համար հանցագործություն կատարած անձանց կալանքի վերցնելու եւ այլ հարցեր:

Պայմանագրի մեկնաբանման տարաձայնությունների դեպքում հիմք է ընդունվում դրա ռուսերեն տեքստը:

Սահմանադրական դատարանը միաժամանակ արձանագրում է, որ.

1. պայմանագրի 3 հոդվածի 1-ին կետի ,,ե,, ենթակետով նախատեսվում է հանձնումից հրաժարում այն դեպքում, երբ անձը, որի հանձնումը պահանջվում է. դատապարտվել է դիմող Կողմի արտակարգ դատարանի կողմից կամ ենթակա է դատապարտման այդպիսի դատարանի կողմից։ Դա այն դեպքում, երբ ՀՀ Սահմանադրության 92 հոդվածով եւ Վրաստանի Սահմանադրության 83 հոդվածով արգելվում է արտակարգ դատարանների ստեղծումը.

2. պայմանագիրն, ըստ վերնագրի, վերաբերում է հանցագործություն կատարած անձանց, սակայն ներառում է նաեւ հանցագործության մեջ կասկածյալների հանձնման հետ առնչվող հարաբերությունները (հոդվածներ 1, 2, 8, 9) , որն իրավակիրառական պրակտիկայում կարող է հանգեցնել հակասությունների, ինչպես նաեւ խախտել ՀՀ Սահմանադրության 41 հոդվածում ամրագրված անմեղության կանխավարկածի սկզբունքը.

3. պայմանագրի հայերեն եւ ռուսերեն տեքստերում տեղ են գտել էական տարբերություններ, մասնավորապես, սահմանվող ժամկետների առնչությամբ (հոդված 9)։

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. Հայաստանի Հանրապետության եւ Վրաստանի միջեւ՝ հանցագործություն կատարած անձանց հանձնման մասին 1996 թվականի հունիսի 4-ին ստորագրված պայմանագրի առաջին, երկրորդ եւ քրեական պատասխանատվության ենթարկելու համար հանձնումը կարգավորող մյուս հոդվածները, երրորդ հոդվածի առաջին կետի ,,ե,, ենթակետը չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

3 փետրվարի 1997 թվականի
ՍԴՈ - 40

print page Տպել էջը