ԱՌԵՎՏՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ, ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՒՄ ԵՎ ԱՌԵՎՏՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երեւան 16 դեկտեմբերի 2002 թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,
մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կ. Ճշմարիտյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 21 հոդվածի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,
դռնբաց նիստում քննեց «Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության արձանագրությունում, կից փաստաթղթերում եւ Առեւտրի համաշխարհային կազմակերպության ստեղծման համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան:
Լսելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Հ. Նազարյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Կ. Ճշմարիտյանի բացատրությունը, հետազոտելով արձանագրությունը (կից փաստաթղթերով), համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Առեւտրի համաշխարհային կազմակերպությունն ստեղծվել է Եվրոպական համայնքների եւ այլ պետությունների միջեւ Ուրուգվայում ընթացած եւ 1994 թվականի ապրիլի 12-15-ը Մարաքեշում կայացած առեւտրի բազմակողմ բանակցությունների արդյունքում ստորագրված՝ Առեւտրի բազմակողմ բանակցությունների Ուրուգվայի փուլի արդյունքները պարփակող եզրափակիչ փաստաթղթի, վերջինիս բաղկացուցիչ մասը կազմող՝ Առեւտրի համաշխարհային կազմակերպության ստեղծման Մարաքեշի համաձայնագրի (այսուհետ՝ ԱՀԿ համաձայնագիր) հիման վրա, որն ուժի մեջ է մտել 1995 թվականի հունվարի 1-ից:
Առեւտրի համաշխարհային կազմակերպության ստեղծմամբ, ինչպես այն ամրագրված է Ուրուգվայի բազմակողմ բանակցությունների արդյունքում 1994թ. ապրիլի 15-ին ընդունված Մարաքեշի հռչակագրում, նպատակ է հետապնդվել.
- հիմնել առավել ամրապնդված ու հստակ իրավական կառուցվածք՝ միջազգային առեւտրի իրականացման եւ ազատականացման համար, ներառյալ՝ վեճերի կարգավորման ավելի արդյունավետ ու վստահելի ընթացակարգը,
- ստեղծել ծառայությունների առեւտրի եւ առեւտրին առնչվող մտավոր սեփականության իրավունքի պաշտպանության համար բազմակողմ կառույց,
- ապահովել մաքսադրույքների համաշխարհային իջեցում, ապրանքային շուկաների ստեղծման համաձայնագրերի, մաքսային պարտավորությունների շրջանակների առավել ընդլայնման կանխատեսելիություն ու ապահովվածություն:
Առանձնահատուկ կարեւորված է տարբերակված եւ ավելի բարենպաստ մոտեցումը հատկապես զարգացող եւ առավել թույլ զարգացած տնտեսություններ ունեցող պետությունների նկատմամբ՝ ապահովելու համար վերջիններիս առեւտրի եւ ներդրումների հնարավորությունների ընդլայնումը:
2. Հայաստանի Հանրապետությունն ԱՀԿ համաձայնագրին՝ վերջինիս 12-րդ հոդվածին համապատասխան, ուստի եւ՝ Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը (այսուհետ՝ ԱՀԿ), միացել է 2002 թվականի դեկտեմբերի 10-ին՝ Ժնեւում ստորագրելով անդամակցության արձանագրությունը (այսուհետ՝ Անդամակցության արձանագրություն), որի 8-րդ կետի համաձայն այն ուժի մեջ է մտնում վավերացման ներպետական ընթացակարգերի ավարտման օրվանը հաջորդող երեսուներորդ օրը:
Հայաստանի Հանրապետությունն ԱՀԿ-ին անդամակցելու հայտ է ներկայացրել եւ անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներ ծավալել 1992 թվականից:
Անդամակցության արձանագրության 2-րդ կետի համաձայն արձանագրությունը՝ ԱՀԿ-ին անդամակցության աշխատանքային խմբի զեկույցի (այսուհետ՝ Աշխատանքային խմբի զեկույց) 218-րդ կետում թվարկված՝ Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորություններով, կազմում է ԱՀԿ համաձայնագրի անբաժան մասը:
Որպես Անդամակցության արձանագրության կից փաստաթղթեր՝ սահմանադրական դատարան ներկայացվել են. Աշխատանքային խմբի զեկույցը, վերջինիս հավելված՝
- ապրանքների վերաբերյալ կոնցեսիաների եւ պարտավորությունների ժամանակացույցը,
- ծառայությունների ոլորտին վերաբերող որոշ պարտավորությունների աղյուսակը,
- համապատասխանության պարտադիր հավաստմանը ենթակա ապրանքների ցանկը,
- ներմուծվող՝ մաքսատուրքի «0» տոկոս դրույքաչափ ունեցող եւ ակցիզային հարկով չհարկվող ապրանքների ցանկը,
- լիցենզավորման ենթակա գործունեության ցանկը:
3. ԱՀԿ անդամակցության աշխատանքային խումբը՝ ԱՀԿ-ին անդամակցության գործընթացի կանոնակարգերին համապատասխան, ինչպես նախատեսված է ԱՀԿ համաձայնագրի 12-րդ հոդվածում, ԱՀԿ կառավարման մարմնի՝ Գլխավոր խորհրդի, քննարկմանը ներկայացրած իր զեկույցում փաստագրել է տնտեսական գործունեության տարբեր բնագավառներում իրավական կարգավորման մեխանիզմների կատարելագործմանն ուղղված՝ Հայաստանի Հանրապետության ձեռնարկած առաջնահերթ այն միջոցառումները, որոնք ԱՀԿ-ում գործող կանոնակարգային պահանջներին համապատասխան անհրաժեշտ են այդ կազմակերպությանն անդամակցելու համար: Այդպիսի միջոցառումներ ձեռնարկվել են Հայաստանի Հանրապետության կողմից նախատեսված ժամանակացույցին համապատասխան, համաձայն որի՝ նպատակ է հետապնդվել կատարելագործել հատկապես մաքսային, հարկային, բանկային, սնանկացման, տնտեսական գործունեության կանոնակարգման եւ այդ գործունեության որոշ տեսակների արտոնագրման, հողային, հաշվեքննության, առեւտրի, գնագոյացման, սեփականաշնորհման, քրեական եւ քաղաքացիական, գովազդային գործունեության, տնտեսական գործունեության դատական պաշտպանության եւ այլ բնագավառների օրենսդրությունը:
Այդ միջոցառումների իրականացման արդյունքում, ըստ Աշխատանքային խմբի զեկույցի, նպաստավոր պայմաններ են ստեղծվել շուկայական տնտեսության, ազատ տնտեսական մրցակցության եւ սեփականության բոլոր ձեւերի հետագա զարգացման ու հավասար իրավական պաշտպանության, ինչպես նաեւ համաշխարհային տնտեսության միասնականացման գործընթացին Հայաստանի Հանրապետության ինտեգրման նպատակով փաստական եւ իրավական հիմքեր ստեղծելու ուղղությամբ:
4. ԱՀԿ համաձայնագիրը բաղկացած է թվով 28 միջազգային-իրավական փաստաթղթերից, որոնցից 24-ը (դրանցից 20-ը ներառված են Հավելված 1Ա-ում, իսկ 4-ը համապատասխանաբար՝ Հավելված 1Բ-ում, Հավելված 1Գ-ում, Հավելված 2-ում եւ Հավելված 3-ում) անվանվում են ապրանքների առեւտրի բազմակողմ-պարտադիր համաձայնագրեր եւ փոխկապակցված իրավական փաստաթղթեր (այսուհետ՝ Առեւտրի բազմակողմ-պարտադիր համաձայնագրեր), իսկ 4-ը՝ առեւտրի բազմակողմ-կամավոր համաձայնագրեր եւ փոխկապակցված իրավական փաստաթղթեր (այսուհետ՝ Առեւտրի բազմակողմ-կամավոր համաձայնագրեր), որոնք ներառված են ԱՀԿ համաձայնագրի Հավելված 4-ում:
ԱՀԿ համաձայնագրի 12 հոդվածի համաձայն ԱՀԿ համաձայնագրին անդամակցությունը տարածվում է ԱՀԿ համաձայնագրի եւ դրան կից Առեւտրի բազմակողմ-պարտադիր համաձայնագրերի վրա: Առեւտրի բազմակողմ-կամավոր համաձայնագրերը պարտավորություններ եւ իրավունքներ չեն առաջացնում ԱՀԿ անդամների համար, որոնք չեն ընդունել դրանք:
Սահմանադրական դատարանի նիստում Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի հայտարարության համաձայն, Առեւտրի բազմակողմ-կամավոր համաձայնագրերին Հայաստանի Հանրապետությունն այս փուլում դեռեւս չի միանում:
ԱՀԿ համաձայնագրով (2-րդ եւ 4-րդ հոդվածներ) որոշված են նաեւ այդ կազմակերպության գործառույթները եւ կառուցվածքը: 4-րդ հոդվածի համաձայն ԱՀԿ կառավարման բարձրագույն մարմինը կազմակերպության անդամների ներկայացուցիչներից կազմված Նախարարական համաժողովն է: ԱՀԿ անդամների ներկայացուցիչներից կազմված Գլխավոր խորհուրդը համաժողովների միջեւ ընկած ժամանակահատվածում իրականացնում է վերջինիս լիազորությունները, որոնք մանրամասնված են ԱՀԿ համաձայնագրում եւ Գլխավոր խորհրդի կողմից սահմանված ընթացակարգային կանոններում: Գլխավոր խորհրդի ղեկավարման ներքո, ԱՀԿ շրջանակներում, գործում են խորհուրդներ, որոնք իրականացնում են Առեւտրի բազմակողմ-պարտադիր համաձայնագրերի կատարման ընթացքը: Այդ խորհուրդները, անհրաժեշտության դեպքում, կարող են ստեղծել օժանդակ մարմիններ: Մասնագիտացված ճյուղային հանձնախմբեր ստեղծում է նաեւ Նախարարական համաժողովը: Այդ հանձնախմբերի ընթացիկ գործունեությունը ղեկավարվում է ինչպես համաժողովի, այնպես էլ Գլխավոր խորհրդի կողմից: ԱՀԿ կազմում՝ առանձին համաձայնագրերի շրջանակներում, գործում են նաեւ այլ մարմիններ:
ԱՀԿ համաձայնագրով (6-րդ հոդված) որոշված են նաեւ ԱՀԿ քարտուղարության եւ վերջինիս ղեկավար՝ Գլխավոր տնօրենի, որպես ԱՀԿ կառավարման մարմինների, կարգավիճակը, որոնց գործառույթներն ու լիազորությունների շրջանակը սահմանվում են Նախարարական համաժողովի կողմից:
ԱՀԿ համաձայնագրում կարգավորված են ԱՀԿ ֆինանսավորման (7-րդ հոդված), կարգավիճակի (8-րդ հոդված), այդ կազմակերպությունում որոշումների ընդունման (9-րդ հոդված), անդամության (11-րդ, 12-րդ եւ 15-րդ հոդվածներ), Առեւտրի բազմակողմ-պարտադիր եւ բազմակողմ-կամավոր համաձայնագրերի կիրառման, համաձայնագրի ուժի մեջ մտնելու հետ կապված հարցերը:
Առանձնահատուկ որոշված է Մաքսերի եւ առեւտրի 1947 թվականի գլխավոր համաձայնագրի, որպես ԱՀԿ համաձայնագրի բաղկացուցիչ մասի, իրավաբանական ուժը:
5. Առեւտրի բազմակողմ-պարտադիր համաձայնագրերով կարգավորվում են.
5.1. առեւտրի բնագավառի հարաբերությունները, կապված՝
- մաքսային կանոնակարգման խնդիրների հետ (Մաքսերի եւ առեւտրի 1947 թվականի գլխավոր համաձայնագիր, Մաքսերի եւ առեւտրի 1994 թվականի գլխավոր համաձայնագիր, Մաքսերի եւ առեւտրի 1994 թվականի գլխավոր համաձայնագրի 2-րդ 1 «բ» հոդվածի մեկնաբանության մասին փոխհամաձայնություն, Մաքսերի եւ առեւտրի 1994 թվականի գլխավոր համաձայնագրի 17-րդ հոդվածի մեկնաբանության մասին փոխհամաձայնություն, Մաքսերի եւ առեւտրի 1994 թվականի գլխավոր համաձայնագրի վճարային հաշվեկշռի դրույթների մասին փոխհամաձայնություն, Մաքսերի եւ առեւտրի 1994 թվականի գլխավոր համաձայնագրի 24-րդ հոդվածի մեկնաբանության մասին փոխհամաձայնություն, Մաքսերի եւ առեւտրի 1994 թվականի գլխավոր համաձայնագրի պարտավորություններից ազատման մասին փոխհամաձայնություն, Մաքսերի եւ առեւտրի 1994 թվականի գլխավոր համաձայնագրի 28-րդ հոդվածի մեկնաբանության մասին փոխհամաձայնություն, Մաքսերի եւ առեւտրի 1994 թվականի գլխավոր համաձայնագրի Մարաքեշի արձանագրություն, Մաքսերի եւ առեւտրի 1994 թվականի գլխավոր համաձայնագրի 6-րդ հոդվածի իրականացման մասին համաձայնագիր, Մաքսերի եւ առեւտրի 1994 թվականի գլխավոր համաձայնագրի 7-րդ հոդվածի իրականացման մասին համաձայնագիր, Մաքսերի եւ առեւտրի 1994 թվականի գլխավոր համաձայնագրի 6-րդ հոդվածի իրականացման մասին համաձայնագրին առնչվող որոշումներն ու հայտարարագիրը, Մաքսերի եւ առեւտրի 1994 թվականի գլխավոր համաձայնագրի 6-րդ հոդվածի իրականացման մասին համաձայնագրի 17.6 հոդվածի վերանայման մասին որոշում, 1994թ. Մաքսերի եւ առեւտրի գլխավոր համաձայնագրի 7-րդ հոդվածի իրականացման մասին համաձայնագրին առնչվող որոշումներ, Որոշում այն դեպքերի առնչությամբ, երբ մաքսային մարմինները հիմքեր ունեն կասկածելու հայտարարագրված մաքսային արժեքի հավաստիության կամ ճշգրտության վրա, Նախաառաքումային ստուգման մասին համաձայնագիր, Ծագման կանոնների մասին համաձայնագիր, Պաշտպանական միջոցների մասին համաձայնագիր, Հակախափանման մասին որոշում, Նվազագույն արժեքներին եւ միակ գործակալների, միակ բաշխիչների եւ միակ արտոնատերերի կողմից ներմուծումներին առնչվող տեքստերի մասին որոշում),
- գյուղատնտեսական գործունեության կանոնակարգման խնդիրների հետ (Գյուղատնտեսության մասին համաձայնագիր, Սանիտարական եւ բուսասանիտարական միջոցների կիրառման մասին համաձայնագիր),
- առեւտրային գործունեության կանոնակարգման խնդիրների հետ (Առեւտրի տեխնիկական խոչընդոտների մասին համաձայնագիր, Լրավճարների եւ փոխհատուցման միջոցների մասին համաձայնագիր, Առեւտրի տեխնիկական խոչընդոտների մասին համաձայնագրին առնչվող որոշումներ, Առեւտրի եւ շրջակա միջավայրի մասին որոշում, Մանածագործվածքների եւ հագուստեղենի մասին համաձայնագիր, Մանածագործվածքների եւ հագուստեղենի մասին համաձայնագրի 2.6 հոդվածով սահմանված առաջին ընդգրկմանը վերաբերող ծանուցման մասին որոշում, Ծառայությունների առեւտրի գլխավոր համաձայնագիր, Մտավոր սեփականության՝ առեւտրին առնչվող իրավունքների հայեցակետերի մասին համաձայնագիր, Առեւտրային քաղաքականության վերաքննության գործակառույց, Առեւտրի բանակցությունների հանձնախմբի կողմից 1993 թվականի դեկտեմբերի 15-ին ընդունված Նախարարական որոշումներ եւ հայտարարագրեր, Ծառայությունների առեւտրի գլխավոր համաձայնագրին առնչվող որոշումներ, Ծառայությունների առեւտրի գլխավոր համաձայնագրի մասով սահմանակարգային համաձայնությունների մասին որոշում, Ծառայությունների առեւտրի եւ շրջակա միջավայրի մասին որոշում),
- առեւտրին առնչվող ներդրումային քաղաքականության հետ (Առեւտրին առնչվող ներդրումային միջոցների մասին համաձայնագիր, Արժութային միջազգային հիմնադրամի հետ Առեւտրի համաշխարհային կազմակերպության հարաբերության մասին հայտարարագիր),
- առեւտրային արտոնությունների տրամադրման հետ (Թույլ զարգացած երկրներին ի օգուտ միջոցների մասին որոշում, Թույլ զարգացած եւ սննդամթերք զուտ ներմուծող երկրների վրա բարեփոխումների ծրագրի հնարավոր բացասական ազդեցություններին վերաբերող միջոցների մասին որոշում),
- առեւտրային գործունեության արտոնագրման հետ (Ներմուծման լիցենզավորման ընթացակարգերի մասին համաձայնագիր).
5.2. ֆինանսական գործունեության բնագավառի հարաբերությունները (Ֆինանսական ծառայությունների մասին որոշում, Ֆինանսական ծառայությունների մասով պարտավորությունների մասին փոխհամաձայնություն).
5.3. վեճերի կարգավորման բնագավառի հարաբերությունները (Վեճերի կարգավորումը ղեկավարող կանոնների եւ ընթացակարգերի մասին փոխհամաձայնություն, Մաքսերի եւ առեւտրի 1994 թվականի գլխավոր համաձայնագրի 6-րդ հոդվածի իրականացման մասին համաձայնագրի կամ Լրավճարների եւ փոխհատուցման միջոցների մասին համաձայնագրի 5-րդ գլխի համաձայն վեճերի կարգավորման մասին հայտարարագիր, Ծառայությունների առեւտրի գլխավոր համաձայնագրի մասով վեճերի կարգավորման որոշ ընթացակարգերի մասին որոշում, Վեճերի կարգավորումը ղեկավարող կանոնների եւ ընթացակարգերի մասին փոխհամաձայնության կիրառման ու վերանայման մասին որոշում).
5.4. ԱՀԿ շրջանակներում փոխհամագործակցության ընդհանուր խնդիրների հետ կապված հարաբերությունները (Համաշխարհային տնտեսական քաղաքականություն կերտելիս ավելի մեծ համաձայնեցվածության հասնելու գործում Առեւտրի համաշխարհային կազմակերպության ներդրման մասին հայտարարագիր, Ծանուցման ընթացակարգերի մասին որոշում, ԱՀԿ-ՍՄԿ ստանդարտների տեղեկատվական համակարգի առնչությամբ առաջարկված փոխհամաձայնության մասին որոշում, ՍՄԿ-ԷՄՀ տեղեկատվական կենտրոնի հրատարակման վերանայման մասին որոշում, Ֆիզիկական անձանց տեղաշարժման շուրջ բանակցությունների մասին որոշում, Ծովային փոխադրման ծառայությունների շուրջ բանակցությունների մասին որոշում, Հիմնական հեռահաղորդակցության ծառայությունների շուրջ բանակցությունների մասին որոշում, Մասնագիտական ծառայությունների մասին որոշում, Առեւտրի համաշխարհային կազմակերպության ստեղծման համաձայնագրի ընդունման եւ դրան անդամակցման մասին որոշում, Առեւտրի համաշխարհային կազմակերպության ստեղծման համաձայնագրի իրականացումից բխող կազմակերպչական ու ֆինանսական հետեւանքների մասին որոշում, Առեւտրի համաշխարհային կազմակերպության համար նախապատրաստական հանձնախմբի ստեղծման մասին որոշում):
6. ԱՀԿ համաձայնագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետությունն ստանձնել է մի շարք պարտավորություններ, որոնք ամրագրված են նախ՝ ԱՀԿ համաձայնագրում, Առեւտրի բազմակողմ-պարտադիր համաձայնագրերում, ինչպես նաեւ Անդամակցության արձանագրությանը կից Աշխատանքային խմբի զեկույցում եւ վերջինիս հավելված՝ ապրանքների վերաբերյալ կոնցեսիաների ու պարտավորությունների ժամանակացույցում, ծառայությունների ոլորտին վերաբերող որոշ պարտավորությունների աղյուսակում, համապատասխանության պարտադիր հավաստմանը ենթակա ապրանքների ցանկում, ներմուծվող՝ մաքսատուրքի «0» տոկոս դրույքաչափ ունեցող եւ ակցիզային հարկով չհարկվող ապրանքների ցանկում, «Արտահանման լրավճարներ եւ տեղական աջակցություն» տեղեկություններում: Այդ պարտավորությունները հիմնականում ընդգրկում են.
6.1. սեփականաշնորհման բնագավառը, մասնավորապես՝
- ԱՀԿ անդամներին ներկայացնել տարեկան զեկույցներ սեփականաշնորհման ներպետական ծրագրի զարգացումների վերաբերյալ.
6.2. գնագոյացման եւ սակագնային քաղաքականության բնագավառը, մասնավորապես՝
- հրապարակել գնային պետական հսկողության ենթակա ապրանքների ցանկը եւ դրանում կատարվող ընթացիկ փոփոխությունները,
- հակագնագցումային պաշտպանական կամ հակակշիռ միջոցառումներ իրականացնել դրանց վերաբերյալ ներպետական նորմատիվ իրավական ակտերն ԱՀԿ շրջանակներում գործող համաձայնագրերի պահանջներին համապատասխանեցնելու եւ այդ մասին ԱՀԿ անդամներին ծանուցելուն զուգահեռ.
6.3. տնտեսական գործունեության դատական եւ արտադատական պաշտպանության բնագավառները.
- ապահովել Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքում ձեռնարկված եւ ԱՀԿ համաձայնագրին հակասող գործողությունների դատական պաշտպանության իրավական հնարավորություն,
- ապահովել ԱՀԿ տնօրինմանը ենթակա հարցերի վերաբերյալ ներպետական վարչական վճիռների՝ անկախ մարմիններին բողոքարկման իրավական հնարավորություն.
6.4. արտաքին եւ ներքին առեւտրի, տարանցիկ փոխադրումների կանոնակարգման բնագավառները, մասնավորապես՝
- առեւտրին վերաբերող ներպետական նորմատիվ իրավական բոլոր ակտերը համապատասխանեցնել ԱՀԿ շրջանակներում ստանձնած պարտավորություններին,
- կիրառվող սանիտարական եւ բուսասանիտարական պահանջները համապատասխանեցնել ԱՀԿ համաձայնագրի եւ ԱՀԿ շրջանակներում գործող այլ համաձայնագրերի պայմաններին,
- հիմնել հսկողության համակարգ բույսերի եւ կենդանիների հիվանդությունները հայտնաբերելու նպատակով,
- արտահանման լիցենզավորման կամ արտահանման վերահսկման վերաբերյալ ներպետական իրավական պահանջները համապատասխանեցնել ԱՀԿ շրջանակներում գործող համաձայնագրերի դրույթներին,
- կիրառել արտահանմանը նպաստող միջոցառումներ,
- իրականացնել տարանցիկ փոխադրումների բնագավառում գործող ներպետական իրավական ակտերի համապատասխանեցում ԱՀԿ շրջանակներում գործող համաձայնագրերի դրույթներին.
6.5. մաքսային, հարկային եւ քրեական օրենսդրության եւ օրենսդրության վերաբերյալ տեղեկատվության բնագավառները, մասնավորապես՝
- մաքսավճարների դրույքաչափերի աճն իրականացնել Աշխատանքային խմբի զեկույցին հավելված ապրանքների վերաբերյալ կոնցեսիաների եւ պարտավորությունների ժամանակացույցի շրջանակներում,
- չկիրառել արժութային մաքսավճար, ՀՀ մաքսային օրենսգրքով սահմանված մաքսային ձեւակերպումների համար վճար կիրառել ԱՀԿ պարտավորություններին համապատասխան,
- մաքսային օրենսդրությունը համապատասխանեցնել Մաքսերի եւ առեւտրի 1994 թվականի գլխավոր համաձայնագրի դրույթներին,
- ծագման կանոնների վերաբերյալ ներպետական իրավական ակտերը համապատասխանեցնել ԱՀԿ շրջանակներում գործող համաձայնագրերի դրույթներին,
- նախաառաքումային ստուգման համակարգում ապահովել վիճարկելիության վարչական եւ դատական ձեւերի կիրառման հնարավորություն եւ դրանց արդյունքների մատչելիություն ԱՀԿ անդամների ներմուծող եւ արտահանող սուբյեկտների համար,
- վերանայել գյուղատնտեսական տեղական արտադրության ոլորտում ավելացված արժեքի հարկի կիրառման պրակտիկան, Գլխավոր խորհրդին պարբերաբար տեղեկացնել հարկից ազատման շրջանակների եւ մակարդակի մասին,
- միջոցներ ձեռնարկել ոգելից որոշ խմիչքների նկատմամբ կիրառվող ակցիզային հարկերի դրույքաչափը հավասարեցնելու նպատակով,
- վերացնել հարկային բնագավառում իրականացվող խտրականությունն այն բացառություններով, որոնք նախատեսված են Մաքսերի եւ առեւտրի 1994 թվականի գլխավոր համաձայնագրում,
- Քրեական օրենսգրքի կիրառումն իրականացնել ԱՀԿ-ին Հայաստանի Հանրապետության անդամակցության տարվանից,
- ԱՀԿ-ին անդամակցելուց հետո այդ կազմակերպությանը գործակցելուն առնչվող իրավական բոլոր ակտերը հրապարակել պաշտոնական տեղեկագրում.
6.6. արտոնագրման եւ սերտիֆիկացման բնագավառները, մասնավորապես՝
- ներմուծումների նկատմամբ չկիրառել լիցենզավորման ձեւով սահմանափակումներ, եթե այդպիսիք չեն բխում ԱՀԿ շրջանակներում գործող համաձայնագրերի դրույթներից,
- ճանաչել եւ կիրառել արտահանող պետությունների միջազգայնորեն ճանաչված իրավասու մարմինների կողմից գործողության մեջ դրված սերտիֆիկացման հավաստագրերը.
6.7. ներդրումներին նպաստող քաղաքականության եւ պետական ձեռնարկությունների կառավարման բնագավառները, մասնավորապես՝
- սկսած ԱՀԿ-ին անդամակցության օրվանից առանց անցումային փուլի կիրառել առեւտրին առնչվող ներդրումային միջոցների մասին ԱՀԿ շրջանակներում գործող համաձայնագրի դրույթները,
- պետական սեփականություն հանդիսացող ձեռնարկությունների եւ հատուկ կամ բացառիկ արտոնություններ ունեցող այլ ձեռնարկությունների գործունեությունը կանոնակարգող իրավական ակտերը համապատասխանեցնել ԱՀԿ շրջանակներում գործող Մաքսերի եւ առեւտրի 1994 թվականի գլխավոր համաձայնագրի եւ Ծառայությունների առեւտրի գլխավոր համաձայնագրի դրույթներին.
6.8. տնտեսական քաղաքականության, արդյունաբերության ֆինանսավորման եւ պետական գնումների բնագավառները, մասնավորապես՝
- Հայաստանի Հանրապետության տարածքում ազատ կամ հատուկ տնտեսական գոտիներ ստեղծելու դեպքում դրանցում իրականացվող տնտեսական գործունեությունը կարգավորել ԱՀԿ շրջանակներում գործող համաձայնագրերի շրջանակներում,
- ԱՀԿ-ին անդամակցելուց հետո ներկայացնել ազատ առեւտրի գոտու, մաքսային միության համաձայնագրերի մասին ծանուցումներ,
- արդյունաբերության բնագավառում լրավճարների կիրառումն ամբողջովին համապատասխանեցնել ԱՀԿ շրջանակներում գործող համաձայնագրերի դրույթներին,
- մինչեւ 2003 թվականի դեկտեմբերի 31-ն ավարտել ԱՀԿ շրջանակներում գործող Պետական գնումների մասին բազմակողմ-կամավոր համաձայնագրին միանալու շուրջ բանակցությունները:
ՀՀ Նախագահի պաշտոնական ներկայացուցչի հավաստմամբ՝ Հայաստանի Հանրապետությունն արդեն իսկ իրականացրել է օրենսդրական անհրաժեշտ բարեփոխումները եւ նորմատիվ բնույթի նոր պարտավորություններ չի ստանձնում:
7. ԱՀԿ համաձայնագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության ստանձնած վերոհիշյալ եւ այլ պարտավորությունների կատարումը չի խոչընդոտում առեւտրի բնագավառում Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային այլ պարտավորությունների կատարմանը, քանի որ, ինչպես ամրագրված է Անդամակցության արձանագրությանը հավելված Աշխատանքային խմբի զեկույցում, Հայաստանի Հանրապետությունը, հատկապես ԱՊՀ շրջանակներում, իրականացնում է ազատ առեւտրի քաղաքականություն՝ առանց մաքսատուրքերի եւ արտահանման ու ներմուծման բնագավառներում չարդարացված խոչընդոտների կիրառման: Այդ պարտավորությունների կատարմանը չեն խոչընդոտում նաեւ առեւտրատնտեսական երկկողմ եւ բազմակողմ այլ պայմանագրերով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները: Փաստորեն, անդամակցելով ԱՀԿ-ին՝ Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է ոչ թե սահմանադրաիրավական նոր պարտավորություններ, այլ շուկայական տնտեսության, ազատ տնտեսական մրցակցության հետագա զարգացման նպատակով իրականացված կառուցվածքային եւ օրենսդրական բարեփոխումների անդառնալիության երաշխիքների շարունակական ապահովման պարտավորություն: Ուստի, դրանով իրական երաշխիքներ են ստեղծվում ԱՀԿ շրջանակներում, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 9 հոդվածին եւ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան, պետությունների հետ բարիդրացիական եւ փոխշահավետ համագործակցության իրականացման ուղղությամբ:
Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության արձանագրությունում, սահմանադրական դատարանում քննության առնված՝ այդ արձանագրությանը կից փաստաթղթերում եւ Առեւտրի համաշխարհային կազմակերպության ստեղծման համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
16 դեկտեմբերի
2002 թվականի
ՍԴՈ - 401