ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

2002 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 20-ԻՆ ԱԲՈՒ ԴԱԲԻՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԳՈՒՅՔԻ ԿՐԿՆԱԿԻ ՀԱՐԿՈՒՄԸ ԲԱՑԱՌԵԼՈՒ ԵՎ ՀԱՐԿՈՒՄԻՑ ԽՈՒՍԱՓԵԼԸ ԿԱՆԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ (ԿԻՑ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՄԲ) ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան 20 դեկտեմբերի 2002 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,

մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տ. Խաչատրյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «2002 թվականի ապրիլի 20-ին Աբու Դաբիում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջեւ եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելը կանխելու մասին համաձայնագրում (կից արձանագրությամբ) ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան։

Լսելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Ֆ. Թոխյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Տ. Խաչատրյանի բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը (կից արձանագրությամբ) եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. Համաձայնագիրն ստորագրվել է 2002 թվականի ապրիլի 20-ին՝ Աբու Դաբիում, որի նպատակն է բացառել եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը եւ այդպիսով նվազեցնել եկամտային եւ գույքային հարկերի հետ կապված խոչընդոտների բացասական ազդեցությունը միջազգային առեւտրի եւ ներդրումների վրա, ինչպես նաեւ ստեղծել կանխատեսելի եւ կայուն հարկային դաշտ։ Համաձայնագիրն ապահովում է նաեւ հարկումից խուսափելը կանխելու մեխանիզմ, ինչպես նաեւ երաշխավորում է Պայմանավորվող կողմերի ազգային անձանց նկատմամբ հարկային խտրականության բացառում՝ համաձայնագրում ներառված հարկերի առնչությամբ։

2. Համաձայնագիրը սահմանում է ռեզիդենտ հանդիսացող ֆիզիկական եւ իրավաբանական անձանց շրջանակը, որոնց վրա տարածվում են համաձայնագրի դրույթները։ Այն կիրառվում է Պայմանավորվող պետության կամ նրա քաղաքական ստորաբաժանումների կամ տեղական իշխանության մարմինների կողմից սահմանված եկամուտների եւ գույքի հարկերի նկատմամբ՝ անկախ դրանց գանձման եղանակից։

3. Ըստ համաձայնագրի՝ եկամուտների եւ գույքի հարկեր են համարվում ամբողջ եկամտի, ամբողջ գույքի, կամ եկամտի կամ գույքի առանձին տարրերի նկատմամբ սահմանված բոլոր հարկերը, ներառյալ շարժական կամ անշարժ գույքի օտարումից առաջացած եկամտի հավելաճի, ձեռնարկությունների վճարած աշխատավարձի կամ ռոճիկի ընդհանուր գումարի, ինչպես նաեւ գույքի արժեքի հավելաճի նկատմամբ հարկերը։

4. Համաձայնագրով սահմանված են գործող հարկերի տեսակները, հարկման օբյեկտները, կրկնակի հարկումը բացառելու եղանակները եւ դեպքերը։ Դրանում նախատեսված են նաեւ դրույթներ Կողմերի միջեւ հարկային օրենսդրության նկատմամբ տեղեկատվության փոխանակման, հարկային խտրականությունը բացառելու վերաբերյալ։

5. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է Արաբական Միացյալ Էմիրությունների ռեզիդենտների կողմից Հայաստանի Հանրապետությունում ստացած որոշ տեսակի եկամուտները չհարկել կամ հարկել նվազեցված դրույքաչափերով։

6. Համաձայնագիրը կատարված է երկու բնօրինակով՝ յուրաքանչյուրը՝ հայերեն, արաբերեն եւ անգլերեն։ Բոլոր տեքստերն էլ հավասարազոր են։ Մեկնաբանության տարբերությունների դեպքում նախապատվությունը կտրվի անգլերեն տեքստին։

7. Համաձայնագիրն ինչպես կառուցվածքային, այնպես էլ բովանդակային առումով համապատասխանում է միջազգայնորեն ճանաչված պայմանագրերի իրավունքի նորմերին եւ սկզբունքներին, ուղղված է ընդհանուր միջազգային իրավունքի համընդհանուր պարտադիր բնույթ կրող՝ պետությունների համագործակցության սկզբունքի գործնական իրականացմանը։

Համաձայնագրով ստանձնած պարտավորությունները համահունչ են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 4, 6 եւ 9 հոդվածների դրույթներին։

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. 2002 թվականի ապրիլի 20-ին Աբու Դաբիում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջեւ եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելը կանխելու մասին համաձայնագրում (կից արձանագրությամբ) ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

20 դեկտեմբերի 2002 թվականի
ՍԴՈ - 402

print page Տպել էջը