ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՏԱԼԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան 27 դեկտեմբերի 2002 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,

մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Ս. Մարգարյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի եւ 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի, 21 եւ 56 հոդվածների,

դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Իտալիայի Հանրապետության կառավարության միջեւ օդային հաղորդակցությունների մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան:

Լսելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Մ. Սեւյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Ս. Մարգարյանի բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. Սույն համաձայնագիրն ստորագրվել է 2002 թվականի հուլիսի 18-ին Երեւանում՝ երկու երկրների միջեւ օդային հաղորդակցությունները կարգավորելու նպատակով:

2. Համաձայնագրով Կողմերը փոխադարձ պարտավորություններ են ստանձնում՝ կապված միմյանց տրամադրվող իրավունքների, ավիաընկերությունների նշանակման եւ լիազորման, ավիացիոն անվտանգության ապահովման, մաքսային տուրքերից եւ այլ գանձումներից ազատման, եկամուտների հարկման եւ փոխանցման, առաջացած տարաձայնությունների կարգավորման, համաձայնագրում փոփոխություններ կատարելու եւ դրա գործողության դադարեցման կարգի հետ:

3. Համաձայնագիրը պարունակում է դրույթներ, որոնք վերաբերում են նշանակած ավիաընկերությունների կողմից կիրառվող սակագների կարգավորմանը, ինչպես նաեւ երթուղիների ցուցակում սահմանված վայրերում գրասենյակներ, վարչական, առեւտրային եւ տեխնիկական անձնակազմ ունենալուն:

4. Համաձայնագիրն ունի հավելված, որում սահմանվում են Կողմերի նշանակած ավիաընկերությունների կողմից շահագործվող երթուղիները եւ այն իրավունքները, որոնցից օգտվում են այդ ավիաընկերությունները՝ միջանկյալ եւ միմյանց տարածքներից դուրս գտնվող վայրերում:

5. Համաձայնագիրը կնքված է երկու բնօրինակով՝ հայերեն, իտա- լերեն եւ անգլերեն, ընդ որում, բոլոր տեքստերն էլ հավասարազոր են: Տարաձայնություններ ծագելու դեպքում նախապատվությունը կտրվի անգլերեն տեքստին:

6. Օդային հաղորդակցության ոլորտում Հայաստանի Հանրապետության կողմից ստորագրված համաձայնագրերի ուսումնասիրությունից պարզվել է, որ Հայաստանի Հանրապետությունը ներկայիս դրությամբ օդային հաղորդակցության վերաբերյալ ստորագրել է երկու տասնյակից ավելի երկկողմ եւ բազմակողմ համաձայնագրեր:

7. Սահմանադրական դատարանը միաժամանակ նշում է, որ Հայաստանի Հանրապետությունը, միացած լինելով Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին 1944թ. դեկտեմբերի 7-ի Չիկագոյի, Օդանավերում կատարվող հանցագործությունների եւ մի շարք այլ ակտերի մասին 1963թ. սեպտեմբերի 14-ի Տոկիոյի, Օդանավերի անօրինական զավթումների դեմ պայքարի մասին 1970թ. դեկտեմբերի 16-ի Հաագայի, Քաղաքացիական ավիացիայի անվտանգության դեմ ուղղված ապօրինի գործողությունների դեմ պայքարի մասին 1971թ. սեպտեմբերի 23-ի Մոնրեալի կոնվենցիաներին, որոնց վերաբերյալ սույն համաձայնագրում կան հղումներ, ստեղծել է միջազգային իրավական պատշաճ հիմք երկկողմ արդյունավետ պայմանագրային հարաբերություններ հաստատելու համար:

8. Սույն համաձայնագրի եւ գործում առկա մյուս փաստաթղթերի ուսումնասիրությունը վկայում է, որ համաձայնագրով ստանձնած պարտավորությունները բխում են ՀՀ Սահմանադրության 8 եւ 9 հոդվածների պահանջներից:

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Իտալիայի Հանրապետության կառավարության միջեւ օդային հաղորդակցությունների մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

27 դեկտեմբերի 2002 թվականի
ՍԴՈ - 404

print page Տպել էջը