ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՕԴԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 7-ԻՆ ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան 27 դեկտեմբերի 2002 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,

մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Ս. Մարգարյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի եւ 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Բելգիայի Թագավորության կառավարության միջեւ օդային փոխադրումների մասին 2001 թվականի հունիսի 7-ին Բրյուսելում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան։

Լսելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Վ. Սահակյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Ս. Մարգարյանի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. Սույն համաձայնագիրն ստորագրվել է Կողմերի միջեւ օդային հաղորդակցություն հաստատելու եւ միջազգային օդային տրանսպորտի բնագավառում անվտանգության եւ ապահովության բարձրագույն մակարդակ ապահովելու նպատակով։

2. Համաձայնագրով Կողմերն ստանձնում են, մասնավորապես, հետեւյալ պարտավորությունները.

- տրամադրել մյուս Պայմանավորվող կողմին հետեւյալ իրավունքները՝

ա) իր տարածքի վրայով անվայրէջք թռիչք իրականացնելու,

բ) ոչ փոխադրման նպատակներով իր տարածքում վայրէջք կատարելու,

գ) իր տարածքում վայրէջքի իրավունք՝ հավելվածում նշված երթուղիներով իրականացվող միջազգային փոխադրումների ժամանակ ուղեւորներին նստեցնելու եւ իջեցնելու, ինչպես նաեւ բեռները եւ փոստը բեռնելու եւ բեռնաթափելու նպատակով,

- միմյանց անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել օդանավերի անօրինական բռնազավթման գործողությունների, ինչպես նաեւ ավիացիայի անվտանգության դեմ այլ սպառնալիքների կանխման համար,

- ազատել մյուս Պայմանավորվող կողմի նշանակված ավիաընկերություններին ներմուծման սահմանափակումներից, մաքսային տուրքերից եւ այլ պետական, մարզային կամ տեղական տուրքերից եւ գանձումներից,

- Պայմանավորվող կողմի նշանակված ավիաընկերություններին ընձեռել արդար եւ հավասար հնարավորություն համաձայնագրի հավելվածում սահմանված երթուղիներով հաղորդակցությունների իրագործման համար

- փոխադրումների սակագինը սահմանել՝ պատշաճորեն հաշվի առնելով բոլոր հարակից գործոնները,

- տրամադրել մյուս Պայմանավորվող կողմի ավիաընկերություններին իր տարածքում նրանց կողմից վաստակած ծախսերի նկատմամբ մուտքերի հավելաճի ազատ փոխանցման իրավունք,

- ազատել այդ ավիաընկերություններին իր տարածքում նրանց կողմից միջազգային օդային հաղորդակցության իրականացումից ստացվող շահույթի կամ եկամտի նկատմամբ հարկման ցանկացած ձեւից։

3. Համաձայնագրով սահմանվում են նաեւ Կողմերի միջեւ տեղեկատվության փոխանակման, խորհրդակցությունների անցկացման, վեճերի կարգավորման, համաձայնագրի մեջ փոփոխություններ կատարելու, դրա գործողությունը դադարեցնելու, համաձայնագրի ուժի մեջ մտնելու կարգն ու պայմանները։

Համաձայնագիրն ունի հավելված, որում սահմանվում է երթուղիների ժամանակացույցը։

4. Համաձայնագիրը կոչված է նպաստելու Կողմերի միջեւ տնտեսական հարաբերությունների զարգացմանը, որը համահունչ է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 9 հոդվածի դրույթներին։

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. 2001 թվականի հունիսի 7-ին Բրյուսելում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Բելգիայի Թագավորության կառավարության միջեւ օդային փոխադրումների մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

27 դեկտեմբերի 2002 թվականի
ՍԴՈ - 405

print page Տպել էջը