1949 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-ԻՆ ԺՆԵՎՈՒՄ ԸՆԴՈՒՆՎԱԾ՝ ԿՈԼԵԿՏԻՎ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ՎԱՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երեւան 8 հունվարի 2003թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,
մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարար Ռ. Մարտիրոսյանի,
հրավիրված՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության իրավաբանական վարչության պետ Լ. Ամիրջանյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,
դռնբաց նիստում քննեց «1949 թվականի հուլիսի 1-ին Ժնևում ընդունված՝ Կոլեկտիվ բանակցություններ կազմակերպելու և վարելու իրավունքի սկզբունքների կիրառման մասին կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։
Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան։
Լսելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Ֆ. Թոխյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Ռ. Մարտիրոսյանի բացատրությունը, հրավիրված Լ. Ամիրջանյանի պարզաբանումները, հետազոտելով կոնվենցիան և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Կոնվենցիան ընդունվել է Աշխատանքի միջազգային կազմակերպության Գլխավոր խորհրդաժողովի կողմից 1949 թվականի հուլիսի 1-ին Ժնևում՝ կոլեկտիվ բանակցությունների կազմակերպումը և վարումը կանոնակարգելու նպատակով, և ուժի մեջ է մտել 1951թ. հուլիսի 18-ին:
2. Կոնվենցիայով սահմանվում են աշխատողների՝ աշխատանքի բնագավառում միավորման ազատության սահմանափակման խտրականությունից պատշաճորեն պաշտպանվելու իրավունքը (հոդված 1), աշխատողների և գործատուների կազմակերպությունների՝ միմյանց կամ իրենց անդամների կամ գործակալների կողմից այդ կազմակերպությունների ստեղծման, գործունեության և կառավարման հարցերում միջամտության ցանկացած գործողության դեմ ուղղված պատշաճ պաշտպանության իրավունքը (հոդված 2)։
3. Կոնվենցիայի 1-ին հոդվածով սահմանված իրավունքի կապակցությամբ կոնվենցիայում սպառիչ կերպով թվարկվում են այն գործողությունները, որոնք, կոնվենցիայի իմաստով, դիտվում են որպես աշխատողների՝ աշխատանքի բնագավառում միավորման ազատությունը սահմանափակող գործողություններ։ Դրանք են. 1. աշխատողին աշխատանքի ընդունելն այն պայմանով, որ նա չմիանա որևէ միության կամ դուրս գա արհմիությանն անդամակցությունից, 2. աշխատողին աշխատանքից հեռացնելը կամ այլ միջոցով վնաս հասցնելը՝ այն հիմնավորումով, որ նա արհմիության անդամ է կամ մասնակցում է արհմիության գործունեությանը ոչ աշխատանքային ժամերին, կամ գործատուի համաձայնությամբ աշխատանքային ժամերին։
4. Կոնվենցիայի 2-րդ հոդվածով սահմանված իրավունքի կապակցությամբ կոնվենցիայում սպառիչ կերպով թվարկվում են այն գործողությունները, որոնք, ըստ կոնվենցիայի, դիտվում են որպես աշխատողների կազմակերպության ստեղծմանը, գործունեությանը և կառավարմանը միջամտող գործողություններ։ Դրանք, մասնավորապես, այն գործողություններն են, որոնք նպատակ ունեն օժանդակելու գործատուների կամ գործատուների կազմակերպությունների իշխանության ներքո գտնվող աշխատողների կազմակերպությունների հաստատմանը կամ աջակցելու աշխատողների կազմակերպությանը ֆինանսական կամ այլ միջոցներով՝ նպատակ ունենալով այդպիսի կազմակերպություններին դնել գործատուների կամ գործատուների կազմակերպությունների հսկողության տակ։
5. Կոնվենցիայով կարգավորվում են նաև կոլեկտիվ բանակցությունների կազմակերպման իրավունքի ապահովման համար մարմին ստեղծելու, կոլեկտիվ համաձայնագրերի միջոցով աշխատանքի պայմանների կարգավորման, զինված ուժերի, ոստիկանության նկատմամբ կոնվենցիայի գործողության և մի շարք այլ հարաբերություններ։
Ըստ կոնվենցիայի՝ դրա գործողությունը չի տարածվում պետական ծառայողների վրա։
6. Սույն կոնվենցիայով Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնված պարտավորությունները համահունչ են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 4 և 25 հոդվածների դրույթներին։
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 1949 թվականի հուլիսի 1-ին Ժնևում ընդունված՝ Կոլեկտիվ բանակցություններ կազմակերպելու և վարելու իրավունքի սկզբունքների կիրառման մասին կոնվենցիայում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
8 հունվարի 2003
թվականի
ՍԴՈ - 407