ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 14-ԻՆ ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ (ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀԻՆԳԵՐՈՐԴ ՎԱՐԿ) ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան 1 ապրիլի 2003թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,

մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տ. Խաչատրյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 2003թ. մարտի 14-ին Վաշինգտոնում ստորագրված՝ զարգացման վարկային համաձայնագրում (Կառուցվածքային բարեփոխումների հինգերորդ վարկ) ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան։

Լսելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Ա. Գյուլումյանի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Տ. Խաչատրյանի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. Քննության առարկա վարկային համաձայնագրով վարկատուն՝ Միջազգային զարգացման ընկերակցությունը, Հայաստանի Հանրապետության տնտեսության կառուցվածքային բարեփոխումների ծրագրի իրականացմանն օժանդակելու նպատակով, տարբեր արժույթներով, որպես վարկ Հայաստանի Հանրապետությանն է տրամադրում երեսուն միլիոն երկու հարյուր հազար փոխառության հատուկ իրավունքներին համարժեք գումար (30.200.000 SDR)։

2. Վարկը, որի մարումն սկսվելու է 2013 թվականից, տրամադրվում է 40 տարի ժամկետով։ Մինչև վարկի մարումը Հայաստանի Հանրապետությունը՝ որպես վարկառու, պարտավորվում է կիսամյակային պարբերականությամբ Ընկերակցությանը վճարել պարտագումար՝ վարկի չհանված հիմնական գումարի տարեկան մեկ տոկոսի մեկ երկրորդ մասը չգերազանցող չափով, ինչպես նաև սպասարկման վճար՝ տարեկան մեկ տոկոսի երեք քառորդի չափով։

Վարկառուն պարտավորվում է Ընկերակցությանը ներկայացնել հաշվետվություն՝ վարկային միջոցներով ֆինանսավորվող ծրագրի կատարման արդյունքում ձեռք բերված առաջընթացի վերաբերյալ, ինչպես նաև վարկային միջոցների ավանդային հաշվի հաշվեքննության (աուդիտի) հաշվետվությունը, որը կկազմվի անկախ հաշվեքննիչների (աուդիտորների) կողմից։

Համաձայնագրի թիվ 1 հավելվածում նախատեսված են որոշակի ծախսեր, որոնք վարկառուն չի կարող կատարել վարկային միջոցների հաշվին։

3. Վարկային միջոցների կես մասի օգտագործումից հետո վարկային հաշվից գումարների հետագա հանումը վարկատուն կարող է դադարեցնել, եթե վարկային միջոցների ծախսումների արդյունավետությունը բավարար չի համարում։ Ըստ համաձայնագրի՝ արդյունավետությունը պայմանավորող գործոններն են՝ վարկային միջոցներով ֆինանսավորվող ծրագիրն իրականացնելիս Վարկառուի ունեցած առաջընթացը, վարկառուի մակրոտնտեսական կառուցվածքի համապատասխանությունը վարկատուի և վարկառուի միջև համաձայնեցված ցուցանիշներին, ինչպես նաև համաձայնագրի թիվ 2 հավելվածով նախատեսված գործողությունների կատարումը։ Այդ գործողությունները, մասնավորապես, ներառում են Աշխատանքային օրենսգրքի ներկայացումը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով, գործարարության և ներդրումային միջավայրի, հարկային և մաքսային վարչարարության, բյուջեի կառավարման համակարգերի բարելավման ուղղությամբ ձեռք բերված առաջընթացը, էներգետիկ ոլորտը մասնավորեցրած ընկերությունների համար պատշաճ միջավայրի ապահովումը, առաջընթացը կրթության համակարգի և Երևանի հիվանդանոցների բարելավման ծրագրերում, կենսաթոշակների մասին օրենքի կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական ակտերի ընդունումը։

Սույն համաձայնագրով կարգավորվող հարաբերությունների նկատմամբ կիրառելի է համաձայնագրի անբաժանելի մասը կազմող՝ Ընկերակցության «Զարգացման վարկային համաձայնագրերի նկատմամբ կիրառվող ընդհանուր կանոնները»։

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ .

1. Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 2003 թվականի մարտի 14-ին Վաշինգտոնում ստորագրված զարգացման վարկային համաձայնագրում (Կառուցվածքային բարեփոխումների հինգերորդ վարկ) ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

1 ապրիլի 2003 թվականի
ՍԴՈ - 409

print page Տպել էջը