ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ ՊԱՏԻԺԸ ԿՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԱՆՁՆՄԱՆ ՄԱՍԻՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 4-ԻՆ ԹԲԻԼԻՍԻՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երեւան, 3 փետրվարի 1997 թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Ստեփանյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Հ. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,
մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Մ. Ալեքսանյանի, համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի եւ 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,
դռնբաց նիստում քննեց 1996 թվականի հունիսի 4ին Թբիլիսիում ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Վրաստանի միջեւ պատիժը կրելու համար ազատազրկման դատապարտված անձանց հանձնման մասին պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։
Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան՝ Հայաստանի Հանրապետության եւ Վրաստանի միջեւ պատիժը կրելու համար ազատազրկման դատապարտված անձանց հանձնման մասին պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու համար։
Լսելով գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Վ. Պողոսյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Մ. Ալեքսանյանի բացատրությունները, հետազոտելով պայմանագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
Հայաստանի Հանրապետության եւ Վրաստանի միջեւ պատիժը կրելու համար ազատազրկման դատապարտված անձանց հանձնման (պայմանագրի հայերեն տեքստի վերնագրում նշված է փոխանակման) մասին պայմանագիրն ստորագրվել է 1996 թվականի հունիսի 4ին՝ Թբիլիսիում։
Պայմանագրի նպատակն է, մարդասիրական նկատառումներից ելնելով, հանցագործության կատարման համար ազատազրկված անձանց հնարավորություն ընձեռել պատիժը կրել այն երկրում, որի քաղաքացին է հանդիսանում։
Պայմանագիրը նախատեսում է՝ անկախ քաղաքացիությունից, հանձնումը հավասարապես կիրառել նաեւ այն դատապարտյալների նկատմամբ, որոնց մշտական բնակության վայրը Կողմերի տարածքն է։
Պայմանագիրը սահմանում է հանձնման համար անհրաժեշտ հիմքերը, հանձնումը մերժելու հիմքերը, հանձնումն իրականացնող իրավասու մարմինները, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, ժամկետները եւ այլն։
Պայմանագրով կարգավորվում են ոչ թե փոխանակման (ինչպես նշված է վերնագրում), այլ հանձնման հարաբերությունները։ Պայմանագիրն ստորագրվել է երկու օրինակից, յուրա- քանչյուրը՝ հայերեն, վրացերեն, ռուսերեն, տարակարծությունների դեպքում նախապատվությունը տրվում է ռուսերեն տեքստին, որում՝ վերնագրում օգտագործվում է հանձնում հասկացությունը։
Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 1996 թվականի հունիսի 4ին Թբիլիսիում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության եւ Վրաստանի միջեւ պատիժը կրելու համար ազատազրկման դատապարտված անձանց հանձնման մասին պայմանագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետու թյան Սահմանադրությանը։
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
3 փետրվարի 1997 թվականի
ՍԴՈ - 41