ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 14-ԻՆ ԲԵՌԼԻՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան 1 ապրիլի 2003թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,

մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տ. Խաչատրյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև ֆինանսական համագործակցության մասին 2003 թվականի հունվարի 14-ին Բեռլինում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան։

Լսելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Ա. Գյուլումյանի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Տ. Խաչատրյանի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. Սույն համաձայնագիրն ստորագրվել է Կողմերի միջև բարեկամական հարաբերությունները ֆինանսական համագործակցության միջոցով ամրապնդելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տնտեսական և սոցիալական զարգացմանը նպաստելու նպատակով։

2. Համաձայնագիրը հնարավորություն է ընձեռում Հայաստանի Հանրապետության կառավարությանը Մայնի Ֆրանկֆուրտի վերականգնման վարկերի բանկից ստանալ մինչև երեք միլիոն ութ հարյուր երեսունչորս հազար վեց հարյուր ութսունինը եվրո տասնմեկ ցենտ (3.834.689.11 եվրո) ընդհանուր գումարի դրամաշնորհ՝ «Հարավային Կովկաս-Հայաստան տարածաշրջանային վարկային երաշխիքների հիմնադրամ» ծրագրի իրականացման և մինչև հինգ հարյուր տասնմեկ հազար երկու հարյուր իննսունմեկ եվրո ութսունութ ցենտ (511.291.88 եվրո) ընդհանուր գումարի դրամաշնորհ՝ այդ ծրագրի իրականացման և սպասարկման համար անհրաժեշտ հարակից միջոցառումների իրականացման նպատակով։

3. «Հարավային Կովկաս-Հայաստան տարածաշրջանային վարկային երաշխիքների հիմնադրամ» ծրագրի նպատակն է երաշխիքային հիմնադրամի միջոցով տեղական բանկերի համար ներգրավել փոխատվական միջոցներ, որոնք փոքր և միջին ձեռնարկությունների համար կապահովեն փոխատվական միջոցների շուկայի երկարաժամկետ մատչելիությունը։

4. Համաձայնագիրը նշված ծրագրի և հարակից միջոցառումների իրականացման նպատակով դրամաշնորհ ստանալու հնարավորության իրացումը կախվածության մեջ է դնում նախնական ուսումնասիրությունների արդյունքում ծրագրի հավանության արժանանալու հանգամանքից։ Այլապես, ըստ համաձայնագրի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը հնարավորություն կունենա ստանալ դրամաշնորհի չափին համարժեք վարկ։

Համաձայնագիրը նախատեսում է նաև Կողմերի փոխադարձ համաձայնությամբ՝ «Հարավային Կովկաս-Հայաստան տարածաշրջանային վարկային երաշխիքների հիմնադրամ» ծրագիրն այլ նախագծերով փոխարինելու հնարավորություն։ Ընդ որում, համաձայնագրով նախատեսված ոլորտներին վերաբերող նախագծերի ֆինանսավորման դեպքում համաձայնագրով նախատեսված գումարը կտրամադրվի որպես դրամաշնորհ։

Համաձայնագրի 3-րդ հոդվածի համաձայն՝ Վերականգնման վարկերի բանկն ազատվում է այն բոլոր հարկերից և պետական այլ վճարումներից, որոնք առնչվում են Հայաստանի Հանրապետությունում համաձայնագրի 2-րդ հոդվածում նախատեսված վարկային պայմանագրերի կնքման և իրականացման հետ։

5. Հայաստանի Հանրապետության կառավարությունը պարտավորվում է ապահովել Գերմանիայի Դաշնային Հանրապետության փոխադրող ձեռնարկությունների իրավահավասար մասնակցությունը դրամաշնորհների կամ վարկերի տրամադրումից բխող փոխադրումների իրականացմանը, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, այդ ձեռնարկություններին տալ արտոնող թույլտվություններ։

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև ֆինանսական համագործակցության մասին 2003թ. հունվարի 14-ին Բեռլինում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

1 ապրիլի 2003 թվականի
ՍԴՈ - 410

print page Տպել էջը