2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-ԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՌԱԶՄԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՅՑԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երեւան 22 ապրիլի 2003թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,
մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Ս. Սարգսյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի և 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,
դռնբաց նիստում քննեց «2002 թվականի հոկտեմբերի 1-ին Մոսկվայում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ռազմական ենթակառույցի օբյեկտների համատեղ օգտագործման մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։
Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան։
Լսելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Ս. Սարգսյանի բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
Քննության առարկա համաձայնագիրը նվիրված է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ռազմաքաղաքական համագործակցության գործընթացի նոր փուլի միջազգային իրավական կարգավորմանը:
Համաձայնագրի նպատակն է կարգավորել երկու պետությունների ռազմական ենթակառույցի օբյեկտների համատեղ օգտագործման հետ կապված հարցերը:
Ըստ համաձայնագրի՝ «ռազմական ենթակառույցի օբյեկտներ» ասելով՝ հասկացվում են տարածաշրջանի սահմաններում տեղակայված զորքերի կառավարման կետերը, զորքերի (ուժերի) տեղակայման վայրերը, տեղանքի ինժեներական սարքավորման համակարգը, ՀՕՊ-ի ուժերի և միջոցների դիրքերն ու օբյեկտները, օդանավակայանները, կապի հանգույցները և գծերը, վարժադաշտերը, զինանոցները, բազաները, պահեստները, ռազմական տեխնիկայի նորոգման ձեռնարկությունները և այլ օբյեկտներ, որոնք օգտագործվում են զորքերի (ուժերի) կողմից խաղաղ ժամանակ ամենօրյա գործունեության ընթացքում, և որոնք պլանավորվում են օգտագործվել ռազմական գործողությունների ընթացքում։
Ստանձնած պարտավորությունների իրագործումն ապահովող մարմիններ են հանդիսանում Կողմերի պաշտպանության նախարարությունները, որոնք նաև պետք է մշակեն և հաստատեն ռազմական ենթակառույցի այն օբյեկտների ցանկը, որոնք նախատեսվում է համատեղ օգտագործել՝ ի շահ զորքերի (ուժերի) միավորված խմբավորման։
Համաձայնագիրը նախատեսում է մի շարք փոխադարձ իրավունքներ և պարտականություններ՝ նվիրված ռազմական ենթակառույցների օբյեկտների պահպանության և համատեղ օգտագործման հարցերին:
Համաձայնագիրը միաժամանակ Կողմերին հնարավորություն է ընձեռում տարածաշրջանի սահմաններում անվտանգության ապահովման խնդիրների լուծման նպատակով արդիականացնել ռազմական ենթակառույցի առկա օբյեկտները, ինչպես նաև Կողմերի բաժնեմասերի հիման վրա ստեղծել ռազմական ենթակառույցի նոր օբյեկտներ, որոնք կհանդիսանան նրանց միասնական սեփականությունը։
Ըստ համաձայնագրի՝ համատեղ սեփականությունում Կողմերից յուրաքանչյուրի բաժնեմասը կորոշվի կոնկրետ օբյեկտի ստեղծման համար նրա ֆինանսական և նյութական ռեսուրսների ներդրման չափով։ Իսկ գոյություն ունեցող ռազմական ենթակառույցի օբյեկտները, որոնք Կողմերը նախատեսում են համատեղ օգտագործել և արդիականացնել, կհանդիսանան այն Կողմի սեփականությունը, որի տարածքում դրանք տեղակայված են։
Համաձայնագիրը նախատեսում է, որ Կողմերը ռազմական ենթակառույցի օբյեկտների համատեղ օգտագործման հետ կապված հարցերը կարգավորելիս՝ յուրաքանչյուր կոնկրետ օբյեկտի վերաբերյալ կկնքեն առանձին պայմանագիր: Ընդ որում, առանձին օբյեկտների վերաբերյալ Կողմերի լիազորած մարմինների կնքած պայմանագրերը չպետք է հակասեն քննության առարկա համաձայնագրի դրույթներին։
Համաձայնագիրը համահունչ է ՀՀ միջազգային համընդգրկուն պայմանագրերով ստանձնված և ՀՀ Սահմանադրության 9 հոդվածում ամրագրված՝ պետությունների համագործակցության սկզբունքներին։
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 2002 թվականի հոկտեմբերի 1-ին Մոսկվայում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ռազմական ենթակառույցի օբյեկտների համատեղ օգտագործման մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
22 ապրիլի 2003
թվականի
ՍԴՈ - 413