2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-ԻՆ ՔԻՇՆԵՎՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երեւան 2 մայիսի 2003թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,
մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Թ. Մարգարյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի և 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,
դռնբաց նիստում քննեց «2002 թվականի հոկտեմբերի 7-ին Քիշնևում ստորագրված՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության իրավական կարգավիճակի մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։
Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան։
Լսելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Վ. Սահակյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Թ. Մարգարյանի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Քննության առարկա համաձայնագիրն ստորագրվել է 2002 թվականի հոկտեմբերի 7-ին Քիշնև քաղաքում՝ Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության նպատակների և սկզբունքների արդյունավետ իրագործման համար անհրաժեշտ պայմաններ ապահովելու նպատակով։
2. Համաձայնագրով Կազմակերպության անդամ պետություններն ստանձնում են, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.
- ազատել Կազմակերպությունն ուղղակի հարկերից, տուրքերից և այլ վճարումներից, իսկ Կազմակերպության պաշտոնական օգտագործման համար նախատեսված առարկաները և այլ գույքը՝ մաքսային տուրքերից, հարկերից և դրանց հետ կապված վճարումներից,
- իբրև նստավայր պետություն հանդես գալու պարագայում աջակցություն ցուցաբերել Կազմակերպությանը, տնտեսական պայմանագրերի հիման վրա, Կազմակերպության բյուջեի միջոցների հաշիվներից ապահովել տարածքներով, որոնք անհրաժեշտ են նրա գործառույթների իրականացման համար,
- անվերապահորեն հարգել Կազմակերպության Գլխավոր քարտուղարի, պաշտոնատար անձանց և աշխատակիցների գործառույթների միջազգային բնույթը։
3. Համաձայնագրով սահմանվում են Կազմակերպության իրավունակությունը, Կազմակերպության Գլխավոր քարտուղարի, պաշտոնատար անձանց, աշխատակիցների և անդամ պետությունների ներկայացուցիչների արտոնություններն ու անձեռնմխելիությունը, կարգավորվում են Կազմակերպության աշխատանքային հարաբերությունները և սոցիալական ապահովման հարցերը։
Համաձայնագրով նախատեսվում են նաև դրա ուժի մեջ մտնելու, վիճելի հարցերը լուծելու, դրանում փոփոխություններ և լրացումներ կատարելու, համաձայնագրից դուրս գալու կարգն ու պայմանները։
4. Արտոնությունները և անձեռնմխելիությունը, որոնցից օգտվում են Կազմակերպության պաշտոնատար անձինք և աշխատակիցները, տրամադրվում են նրանց ոչ թե անձնական շահերի, այլ պաշտոնական գործառույթների արդյունավետ կատարման համար։ Բոլոր անձինք, որոնք օգտվում են համաձայնագրով նախատեսված արտոնություններից և անձեռնմխելիությունից, պարտավոր են, առանց իրենց արտոնությունները և անձեռնմխելիությունը վնասելու, հարգել ընդունող պետության օրենսդրությունը և չխառնվել այդ պետության ներքին գործերին։
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 2002 թվականի հոկտեմբերի 7-ին Քիշնևում ստորագրված՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության իրավական կարգավիճակի մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
2 մայիսի
2003 թվականի
ՍԴՈ - 417