ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՈԼԴՈՎԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԳՈՒՅՔԻ ԿՐԿՆԱԿԻ ՀԱՐԿՈՒՄԸ ԲԱՑԱՌԵԼՈՒ ԵՎ ՀԱՐԿՈՒՄԻՑ ԽՈՒՍԱՓԵԼԸ ԿԱՆԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6-ԻՆ ՔԻՇՆԵՎՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան 2 մայիսի 2003թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,

մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տ. Խաչատրյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 21 հոդվածի, 25 հոդվածի 1 կետի, 56 և 67 հոդվածների,

դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության և Մոլդովայի Հանրապեության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին 2002 թվականի հոկտեմբերի 6-ին Քիշնևում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան։

Լսելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Վ. Պողոսյանի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Տ. Խաչատրյանի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. Սույն համաձայնագիրն ստորագրվել է 2002 թվականի հոկտեմբերի 6-ին՝ Քիշնևում: Համաձայնագրի նպատակն է Կողմերի տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ եկամուտների և գույքի կրկնակի հարկման, հարկումից խուսափելու և հարկային խտրականության անթույլատրելիությունը, ինչպես նաև ապրանքների ու ծառայությունների շրջանառության և այլ հնարավորությունների զարգացումը։

2. Համաձայնագրով սահմանված են գործող հարկերի տեսակները, հարկման օբյեկտները, կրկնակի հարկումը բացառելու եղանակներն ու դեպքերը։

3. Համաձայնագրով կարգավորվում են նաև արվեստի բնագավառի աշխատողների, մարզիկների, պետական ծառայողների, պրոֆեսորների, ուսուցիչների, ուսանողների և այլ անձանց գործունեության արդյունքում հարկմանն առնչվող հարցերը։

4. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է մի շարք պարտավորություններ, մասնավորապես.

- չհարկել Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտներ և Մոլդովայի Հանրապետության ռեզիդենտներ հանդիսացող իրավաբանական և ֆիզիկական անձանց ձեռնարկատիրական գործունեությունից Հայաստանի Հանրապետությունում ստացված շահույթը, եթե այն չի ստացվել Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատության միջոցով,

- հարկել Հայաստանի Հանրապետության ռեզիդենտի կողմից Մոլդովայի Հանրապետության ռեզիդենտին վճարվող շահաբաժինները, եթե գանձվող հարկը չի գերազանցում շահաբաժինների համախառն գումարի՝

ա) 5 %-ը, եթե շահաբաժինների փաստացի սեփականատերը տնօրինում է շահաբաժիններ վճարող ընկերության կանոնադիր հիմնադրամի առնվազն 25 %-ը,

բ) 15 %-ը՝ բոլոր մնացած դեպքերում,

- հարկել Հայաստանի Հանրապետությունում առաջացող և Մոլդովայի Հանրապետության ռեզիդենտին վճարված ռոյալթին, եթե գանձվող հարկը չի գերազանցում ռոյալթիի համախառն գումարի 10 %-ը, իսկ վճարվող ռոյալթիի ստացումը կապված չէ Հայաստանի Հանրապետությունում գտնվող՝ Մոլդովայի Հանրապետության ռեզիդենտի մշտական հաստատության հետ,

- ծանուցել հարկային օրենքներում կատարված փոփոխությունների մասին,

- ապահովել համաձայնագրով նախատեսված գործողությունների փոխհամաձայնեցումը։

5. Համաձայնագրի դրույթները ՀՀ Սահմանադրությանը համապատասխան (մասնավորապես, հոդվածներ 4, 8, 9) կոչված են Կողմերի միջև հաստատելու բարիդրացիական, փոխշահավետ հարաբերություններ, ստեղծել բարենպաստ պայմաններ տնտեսական գործունեության ազատության համար, ապահովել մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանությունը և այլն։

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. Հայաստանի Հանրապետության և Մոլդովայի Հանրապեության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին 2002 թվականի հոկտեմբերի 6-ին Քիշնևում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

2 մայիսի 2003 թվականի
ՍԴՈ - 419

print page Տպել էջը