ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

2002 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 26-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ «1992 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-Ի ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՄԱՏԱԿԱՐԱՐՎՈՂ ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան 10 հունիսի 2003թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,

մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Ս. Սարգսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի և 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի, 21 և 56 հոդվածների,

դռնբաց նիստում քննեց «2002 թվականի փետրվարի 26-ին ստորագրված՝ «1992 թվականի մայիսի 15-ի Հավաքական անվտանգության մասին պայմանագրի մասնակից պետությունների միջև ռազմատեխնիկական համագործակցության հիմնական սկզբունքների մասին» համաձայնագրի շրջանակներում մատակարարվող ռազմական նշանակության արտադրանքի նպատակային օգտագործման համար հսկողության իրականացման կարգի մասին արձանագրությունում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան:

Լսելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Մ. Սևյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Ս. Սարգսյանի բացատրությունը, հետազոտելով արձանագրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. Սույն արձանագրությունն ստորագրվել է 2002 թվականի փետրվարի 26-ին՝ 1992 թվականի մայիսի 15-ի Հավաքական անվտանգության մասին պայմանագրի մասնակից պետությունների միջև 2000 թվականի հունիսի 20-ին Մոսկվայում ստորագրված՝ «Ռազմատեխնիկական համագործակցության հիմնական սկզբունքների մասին» համաձայնագրի հիման վրա:

2. Ըստ վերոհիշյալ համաձայնագրի՝ մատակարարող Կողմն իրավունք ունի վերահսկողություն իրականացնելու դրա շրջանակներում մատակարարվող ռազմական նշանակության արտադրանքի նպատակային օգտագործման նկատմամբ: Նման վերահսկողության մեխանիզմը պետք է սահմանվի վերոհիշյալ համաձայնագրի անբաժանելի մասը կազմող առանձին արձանագրությամբ:

3. Արձանագրությամբ հնարավորություն է ընձեռվում Կողմերի զինված ուժերի կարիքների համար վերոհիշյալ համաձայնագրին համապատասխան արտոնյալ պայմաններով ձեռք բերված ռազմական նշանակության արտադրանքի նպատակային օգտագործման համար հսկողություն իրականացնել:

4. Արձանագրությամբ նախատեսված է հսկողության նպատակներով անցկացնել համաձայնագրով և երկկողմ պայմանագրերով նախատեսված ռազմական նշանակության արտադրանքի նպատակային օգտագործման, ինչպես նաև մատակարարող Կողմի պետական գաղտնիք համարվող և ռազմական նշանակության արտադրանքի մատակարարման հետ կապված տվյալների պաշտպանության միջոցների պահպանման ստուգումներ:

5. Արձանագրությամբ սահմանվում են հսկողության իրականացման կարգը և պայմանները, ինչպես նաև արձանագրության ուժի մեջ մտնելու և դրանում փոփոխություններ և լրացումներ կատարելու ընթացակարգը:

6. Արձանագրությունը կնքված է մեկ բնօրինակով՝ ռուսերենով:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. 2002 թվականի փետրվարի 26-ին ստորագրված՝ «1992 թվականի մայիսի 15-ի Հավաքական անվտանգության մասին պայմանագրի մասնակից պետությունների միջև ռազմատեխնիկական համագործակցության հիմնական սկզբունքների մասին» համաձայնագրի շրջանակներում մատակարարվող ռազմական նշանակության արտադրանքի նպատակային օգտագործման համար հսկողության իրականացման կարգի մասին արձանագրությունում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

10 հունիսի 2003 թվականի
ՍԴՈ - 421

print page Տպել էջը