ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ԹԻՎ 55 ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔՈՒՄ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 25-Ի ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՎԻՃԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան 11 հունիսի 2003թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,

մասնակցությամբ՝

դիմող կողմի՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորության թեկնածու Հ. Հակոբյանի, վերջինիս ներկայացուցիչ՝ Դ. Մնացականյանի,

պատասխանող կողմի՝ թիվ 55 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Վ. Ղալումյանի, ինչպես նաև Հ. Գևորգյանի և Լ. Բաղդասարյանի,

ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 3 կետով և 101 հոդվածի 3 կետով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 3 կետով, 20 հոդվածի առաջին մասով, 21 հոդվածով, 25 հոդվածի 3 կետով և 57 հոդվածով,

դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով թիվ 55 ընտրատարածքում 2003 թվականի մայիսի 25-ի ընտրության արդյունքները վիճարկելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորության թեկնածու Հ. Հակոբյանի դիմումն է սահմանադրական դատարան։

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, 2003 թվականի հունիսի 6-ի նիստում քննարկելով Հ. Հակոբյանի դիմումը, կայացրել է աշխատակարգային որոշում, ըստ որի՝ գործն ընդունվել է քննության և «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39, 40, 41 և 57 հոդվածներին համապատասխան պատասխանող կողմ է ճանաչվել թիվ 55 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը։

Լսելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Վ. Սահակյանի հաղորդումը, կողմերի բացատրությունները, հետազոտելով դիմումը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. 2003թ. մայիսի 25-ին ՀՀ Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով թիվ 55 ընտրատարածքում ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 27.05.2003թ. թիվ 59 որոշմամբ Ազգային ժողովի ընտրված պատգամավոր է ճանաչվել առավելագույն «կողմ» ձայներ ստացած Արծրունի Սուրենի Ղալումյանը։

2. Համաձայն թիվ 55 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով թիվ 55 ընտրատարածքում 2003թ. մայիսի 25-ի ընտրության արդյունքների ամփոփիչ արձանագրության՝ թիվ 55 ընտրատարածքում առաջադրված՝ ՀՀ ընտրական օրենսգրքի 114 հոդվածի 4-րդ կետով սահմանված կարգով քվեաթերթիկներում ընդգրկված 10 պատգամավորության թեկնածուների օգտին տրված ձայները բաշխվել են հետևյալ կերպ.

1. Ամիրխանյան Իսրայել Սահակի՝ 479,
2. Բեգլարյան Իլյիչ Գուրգենի՝ 1656,
3. Դավթյան Աշոտ Հրանտի՝ 3025,
4. Խուդավերդյան Բաբկեն Գալուստի՝ 328,
5. Կարայան Խաժակ Համլետի՝ 759,
6. Հակոբյան Հակոբ Գառնիկի՝ 6351,
7. Ղալումյան Արծրունի Սուրենի՝ 9708,
8. Մկրտումյան Յուրի Իսրայելի՝ 674,
9. Ներսիսյան Հրաչյա Նարիմանի՝ 2213,
10. Սարգսյան Վաչագան Պետրոսի՝ 309։

ՀՀ Ազգային ժողովի պատգամավորության թեկնածու Հ. Հակոբյանը սահմանադրական դատարան ներկայացրած դիմումում խնդրում է ուժը կորցրած ճանաչել ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի՝ Ա. Ղալումյանի պատգամավոր ընտրվելու մասին 27.05.2003թ. որոշումը և ՀՀ ԱԺ մեծամասնական ընտրակարգով թիվ 55 ընտրատարածքում 2003թ. մայիսի 25-ի՝ պատգամավորի ընտրության արդյունքները ճանաչել անվավեր։

3. Ըստ դիմողի՝ ընտրությունների նախապատրաստման, կազմակերպման, անցկացման և արդյունքների ամփոփման ընթացքում թույլ են տրվել ՀՀ Սահմանադրության և ՀՀ ընտրական օրենսգրքի մի շարք հոդվածների խախտումներ, որոնք, դիմողի կարծիքով, ազդել են թիվ 55 ընտրատարածքում ընտրության արդյունքների վրա։ Դիմումում, մասնավորապես, նշվում է, որ վստահված անձանց կողմից մայիսի 26-ին և 27-ին տեղամասային ընտրական հանձնաժողովներին ներկայացված դիմում-բողոքները չեն ընդունվել և չեն գրանցվել, մի շարք գյուղերում ահաբեկել են իր վստահված անձանց, տեղամասային ընտրական հանձնաժողովների թիվ 1 ամփոփիչ արձանագրությունները կազմվել են ընտրական օրենսգրքի պահանջների խախտումներով, որոշ ընտրական տեղամասերում մեկ քաղաքացին քվեարկել է մի քանի անգամ և այլն։

4. Պատասխանող կողմը, առարկելով դիմողի փաստարկների դեմ, գտնում է, որ ՀՀ ԱԺ մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու Հ. Գ. Հակոբյանի դիմումն անհիմն է, թիվ 55 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը գործել է ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան և ընտրությունների արդյունքների ամփոփման միջոցով իր տրամադրության տակ եղած փաստաթղթերի հիման վրա կայացրել է օրինական որոշում։

Պատասխանող կողմի կարծիքով՝ դիմող կողմի նշած՝ ՀՀ ընտրական օրենսգրքի խախտումները ոչնչով հիմնավորված չեն, քանի որ դիմող կողմը ՀՀ ընտրական օրենսգրքի 40 հոդվածով սահմանված կարգով դրանք չի բողոքարկել վերադաս ընտրական հանձնաժողով կամ ընդհանուր իրավասության դատարան։

5. Դատաքննությամբ պարզվեց, որ դիմումում նշված՝ ՀՀ ընտրական օրենսգրքի խախտումների փաստերը համապատասխան փաստաթղթերով հիմնավորված չեն։ Ըստ էության, դիմող կողմը չի օգտվել ՀՀ ընտրական օրենսգրքի 40 հոդվածով նախատեսված իրավունքից և չի բողոքարկել դրանք (բացառությամբ ԿԸՀ-ին 29.05.03թ. հասցեագրված մեկ դիմումի)։

6. Սահմանադրական դատարանն արձանագրում է նաև, որ թիվ 55 ընտրատարածքի տեղամասային ընտրական հանձնաժողովների թիվ 1 ամփոփիչ արձանագրությունների պատճեններում առկա են չլրացված տվյալներ, կատարված են ուղղումներ, որոնք դիմող կողմն օրենքով սահմանված կարգով չի բողոքարկել իրավասու մարմիններին։ Տեղամասային ընտրական հանձնաժողովները պատշաճ ձևով չեն կատարել ընտրական օրենսգրքի պահանջը՝ իրավասու սուբյեկտներին ամփոփիչ արձանագրությունների պատճենները տրամադրելիս, որի վրա սահմանադրական դատարանը նպատակահարմար է համարում հրավիրել նաև ՀՀ ԿԸՀ-ի ուշադրությունը՝ որպես ընտրությունների օրինականության նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմնի։

Միաժամանակ, երկու կողմերի ներկայացրած փաստաթղթային համեմատությունից ակնհայտ է, որ որևէ տեղ թեկնածուների ձայների էական տարբերություն արձանագրված չէ։

7. Սահմանադրական դատարանն արձանագրում է նաև, որ թիվ 55 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի թիվ 59 որոշման ձևակերպումն անհստակ է, սակայն վկայում է պատգամավորի ընտրված լինելու պարագան հաստատելու մասին։

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 3 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 5 հոդվածի 3 կետով, 57, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ .

1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով թիվ 55 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու Հակոբ Գառնիկի Հակոբյանի ՀՀ սահմանադրական դատարան ներկայացրած ապացուցողական նշանակություն ունեցող փաստարկները բավարար հիմք չեն թիվ 55 ընտրատարածքում ՀՀ ԱԺ մեծամասնական ընտրակարգով 2003 թվականի մայիսի 25-ի՝ պատգամավորի ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու համար։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

11 հունիսի 2003 թվականի
ՍԴՈ - 422

print page Տպել էջը