ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ԹԻՎ 30 ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔՈՒՄ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 25-Ի ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՎԻՃԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան 12 հունիսի 2003թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ.Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,

մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով թիվ 30 ընտրատարածքի պատգամավորության թեկնածուներ՝ սույն գործով դիմումատուներ՝ Ս. Ավետիսյանի, Մ. Կիրակոսյանի, Ա. Մինասյանի, Ա. Սարգսյանի ներկայացուցիչներ Ա. Մինասյանի և Վ. Այվազյանի,

պատասխանող կողմի՝ թիվ 30 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչներ՝ հանձնաժողովի նախագահ Ա. Մանուկյանի, հանձնաժողովի անդամ Գ. Պարոնյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 3 կետի, 101 հոդվածի 3 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 3 կետի, 20 հոդվածի առաջին մասի, 21 հոդվածի, 25 հոդվածի 3 կետի, 57 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով թիվ 30 ընտրատարածքում 2003 թվականի մայիսի 25-ի ընտրության արդյունքները վիճարկելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորության թեկնածուներ Ս. Ավետիսյանի, Մ. Կիրակոսյանի, Ա. Մինասյանի, Ա. Սարգսյանի՝ սահմանադրական դատարան ներկայացրած դիմումն է։

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, 2003 թվականի հունիսի 6-ի նիստում՝ քննարկելով դիմումը, գործն ընդունել է քննության և «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39, 40, 41 և 57 հոդվածներին համապատասխան պատասխանող կողմ է ճանաչել թիվ 30 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին (ԸԸՀ)։

Lսելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Վ. Պողոսյանի հաղորդումը, կողմերի բացատրությունները, ինչպես նաև հետազոտելով դիմումը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրություններն անցկացվել են 2003 թվականի մայիսի 25-ին՝ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 117 հոդվածում նախատեսված ժամկետում, նույն օրենսգրքի 31, 32 և 36 հոդվածներին համապատասխան ստեղծվել է թիվ 30 ԸԸՀ, իսկ 37 հոդվածին համապատասխան ստեղծվել են 41 տեղամասային ընտրական հանձնաժողովներ (ՏԸՀ)։

ՀՀ ընտրական օրենսգրքի 114 հոդվածով նախատեսված կարգով թիվ 30 ԸԸՀ-ի պատվերով տպագրվել է 43400 քվեաթերթիկ։ Այդ ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով գրանցվել ու քվեաթերթիկներում ընդգրկվել են Ազգային ժողովի պատգամավորության 5 թեկնածուներ։ Ըստ թիվ 30 ԸԸՀ-ի ամփոփիչ արձանագրության՝ ընտրողների թիվը 41794 է, իսկ ընտրություններին մասնակցել է 27516 ընտրող։ Թեկնածուների օգտին տրված ձայների ընդհանուր թիվը կազմել է 26747, որը բաշխվել է հետևյալ կերպ. Սերգեյ Ավետիսյան՝ 4781, Նահապետ Գևորգյան՝ 14619, Մուրադ Կիրակոսյան՝ 2476, Արծվիկ Մինասյան՝ 3519, Անդրանիկ Սարգսյան՝ 1352։

Թիվ 30 ԸԸՀ-ի 2003թ. մայիսի 27-ի որոշումով թիվ 30 ընտրատարածքից Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր է ճանաչվել առավել կողմ ձայներ ստացած Ն. Գևորգյանը։ Ամփոփիչ արձանագրությունը հատուկ կարծիքով է ստորագրել հանձնաժողովի նախագահի տեղակալ Ա. Գևորգյանը։

2. Ըստ դիմող կողմի՝ թիվ 30 ԸԸՀ-ն հաշվի չի առել մի շարք հանգամանքներ, մասնավորապես, նրա կարծիքով, ընտրության նախապատրաստման, կազմակերպման, ինչպես նաև անցկացման ընթացքում բազմաթիվ տեղամասերում կատարված ապօրինի գործողությունների և իրավախախտումների հետևանքով խախտվել են ՀՀ ընտրական օրենսգրքի դրույթները՝ նախընտրական քարոզչությանն ակտիվ մասնակցություն է ունեցել Արմավիրի մարզպետը, քարոզչության ընթացքում Ն.Գևորգյանն ընտրողներին բաժանել է ընտրակաշառք, 41 ՏԸՀ-ներին տրված քվեաթերթիկների ընդհանուր թվի 1375-ով պակասելու փաստի առիթով դիմել են Արմավիրի մարզի դատախազություն, ընտրությունների ընթացքում իրավախախտումների հետ կապված հարցերով դիմել են նաև ՀՀ գլխավոր դատախազությանը և ԿԸՀ-ին: Ըստ դիմող կողմի՝ ԸԸՀ-ի ամփոփիչ արձանագրությամբ հաստատված՝ քվեարկության մասնակիցների 27516 թիվը չի համապատասխանում ՏԸՀ-ների արձանագրություններով հաստատված մասնակիցների թվին: Դիմող կողմը ՀՀ սահմանադրական դատարան է ներկայացրել նաև ՏԸՀ-ի 3 անդամի ստորագրությամբ, բայց չկնքված և Ն. Գևորգյանի օգտին քվեարկված 18 քվեաթերթիկ։

Կողմը համարում է նաև, որ ԸԸՀ-ի կողմից պատգամավորի ընտրության վերաբերյալ որոշումը, որում ամրագրված «գրանցել», այլ ոչ թե «համարել», հասկացությունն ունի լուրջ բովանդակային նշանակություն և վկայում է ապօրինի որոշման կայացման մասին:

Պատգամավորության թեկնածուները գտնում են, որ սույն խախտումներն էապես ազդել են ընտրությունների արդյունքների վրա, և խնդրում են թիվ 30 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով ընտրությունների արդյունքները ճանաչել անվավեր։

3. Պատասխանող կողմը գտնում է, որ պատգամավորության թեկնածուների դիմումն անհիմն է և ենթակա մերժման, պատճառաբանելով, որ դիմումում նշված օրինախախտումները հիմնավորված չեն, նաև մտացածին են, հակառակ դեպքում օրենքով սահմանված կարգով և ժամկետներում կբողոքարկվեին հանձնաժողովի անդամների, ինչպես նաև 600-ից ավելի վստահված անձանց կողմից: Մի քանի ահազանգերի առնչությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում նույնպես պարզվել է, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը։ Ինչ վերաբերում է որոշման ձևակերպմանը, ապա հանձնաժողովը նկատի է ունեցել պատգամավորի ընտրված լինելու հանգամանքի արձանագրումը:

4. Սահմանադրական դատարանը գործի նախապատրաստման ընթացքում լրացուցիչ պահանջել է մեծամասնական ընտրակարգով թիվ 30 ԸԸՀ-ի ամփոփիչ արձանագրությունը, տեղեկանք՝ տպագրված քվեաթերթիկների ընդհանուր թվի և յուրաքանչյուր տեղամասային ընտրական հանձնաժողովին հատկացված քվեաթերթիկների թվի վերաբերյալ։ Գործի քննության ընթացքում սահմանադրական դատարանի անդամները և կողմերը ծանոթացել են նաև բոլոր ընտրատեղամասերի ամփոփիչ արձանագրություններին:

5. Սահմանադրական դատարանում գործի քննությամբ պարզվեց, որ տարբերվում են ՏԸՀ-ներին բաշխված քվեաթերթիկների և տպագրված քվեաթերթիկների թվերը, որը կազմում է 1236։ Բացի դրանից, 0817, 0818 տեղամասերի քվեատուփերում գտնվել են այլ տեղամասերի պատկանող 2-ական քվեաթերթիկ։ 0841, 0843 ՏԸՀ-ներին տրված քվեաթերթիկների թվերը չեն համապատասխանում ԸԸՀ-ի կողմից բաշխված քվեաթերթիկների թվերին։

ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրում է նաև, որ դիմող կողմի ներկայացրած 6 դիմում-բողոքը, վստահված անձանց կազմած 51 արձանագրությունը, ինչպես նաև վերոհիշյալ հատուկ կարծիքը ՀՀ ընտրական օրենսգրքի 40 հոդվածով և ԿԸՀ-ի 14.05.2003թ. N131-Ա որոշմամբ սահմանված կարգով չեն գրանցվել և չեն բողոքարկվել վերադաս ընտրական հանձնաժողովում կամ դատարանում։ Այսուհանդերձ, նախընտրական քարոզչության ժամանակ, քվեարկության ու ընտրության արդյունքների ամփոփման փուլերում տեղ գտած առանձին իրավախախտումների փաստերի առնչությամբ պատասխանող կողմի բացատրությունները համոզիչ չէին: Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում գործի փաստական հանգամանքներին առնչվող իրավախախտումների վերաբերյալ նյութերը տրամադրել ՀՀ գլխավոր դատախազությանը՝ օրենքով սահմանված կարգով ընթացք տալու համար:

6. Սահմանադրական դատարանն արձանագրում է նաև, որ թիվ 30 ԸԸՀ-ի կողմից, ընտրության արդյունքների ամփոփման հիման վրա, 27.05.2003թ. ընդունված որոշումն իրավաբանական ձևակերպման տեսակետից արդարացված չէ, սակայն վկայում է պատգամավորի ընտրված լինելու պարագան հաստատելու մասին:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 3 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 3 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. ՀՀ Ազգային ժողովի պատգամավորության թեկնածուներ Ս. Ավետիսյանի, Մ. Կիրակոսյանի, Ա. Մինասյանի, Ա. Սարգսյանի կողմից սահմանադրական դատարան ներկայացված ապացուցողական նշանակություն ունեցող փաստարկները բավարար հիմք չեն թիվ 30 ընտրատարածքում ՀՀ Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով 2003թ. մայիսի 25-ի ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու համար։

2. Սույն գործի քննության ընթացքում բացահայտված իրավախախտումների վերաբերյալ նյութերը տրամադրել ՀՀ գլխավոր դատախազությանը՝ համապատասխան ընթացք տալու համար։

3. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

12 հունիսի 2003 թվականի
ՍԴՈ - 423

print page Տպել էջը