ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ԹԻՎ 31 ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔՈՒՄ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 25-Ի ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՎԻՃԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան 13 հունիսի 2003թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,

մասնակցությամբ՝

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով թիվ 31 ընտրատարածքի պատգամավորության թեկնածու՝ սույն գործով դիմող Խորեն Սարգսյանի ներկայացուցիչներ Վ. Գաբուզյանի, Հ. Սարգսյանի, Ա. Զեյնալյանի,

պատասխանող կողմի՝ թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչներ Ս. Խլղաթյանի և Ս. Սարգսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 3 կետի և 101 հոդվածի 3 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 3 կետի, 25 հոդվածի 3 կետի, 57 և 21 հոդվածների,

դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով թիվ 31 ընտրատարածքում 2003 թվականի մայիսի 25-ի ընտրության արդյունքները վիճարկելու մասին» գործը։

Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով թիվ 31 ընտրատարածքի պատգամավորության թեկնածու Խ. Սարգսյանի՝ սահմանադրական դատարան ներկայացրած դիմումը։

Լսելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի հաղորդումը, կողմերի բացատրությունները և պարզաբանումները, հետազոտելով գործում առկա փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրություններն անցկացվել են 2003թ. մայիսի 25-ին՝ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 117 հոդվածով նախատեսված ժամկետում: Ընտրական օրենսգրքի 31, 32 և 36 հոդվածներին համապատասխան ստեղծվել է թիվ 31 ԸԸՀ, իսկ 37 հոդվածին համապատասխան ստեղծվել են 27 տեղամասային ընտրական հանձնաժողովներ:

ՀՀ Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով ընտրությունների ժամանակ թիվ 31 ընտրատարածքում գրանցված պատգամավորության թեկնածուները համապատասխանաբար ստացել են հետևալ ձայները.

Համաձայն թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 2003թ. մայիսի 28-ի թիվ 124 որոշման, այդ ընտրատարածքում ԱԺ պատգամավոր է ընտրվել Ռաֆիկ Խորենի Գրիգորյանը:

2. Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածու Խ. Սարգսյանը սահմանադրական դատարանին ներկայացրած իր դիմումում նշում է, որ թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում պատգամավորության թեկնածու գրանցված Ռաֆիկ Գրիգորյանը Գեղարքունիքի մարզի մարզպետի տեղակալն է, որն Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու գրանցվելու ժամանակ շարունակել է զբաղեցնել իր պաշտոնը: Ըստ դիմումատուի՝ նա ընտրողների հետ հանդիպումների ժամանակ հանդես է եկել որպես մարզպետի տեղակալ, ինչը որոշակի հոգեբանական ազդեցություն է ունեցել ընտրողների վրա:

Դիմումի հեղինակը նաև նշում է, որ մի շարք ընտրատեղամասերում ընտրողների ցուցակները չեն պահպանվել օրենքով սահմանված կարգով՝ չհրկիզվող պահարանում, իսկ 0858 տեղամասում չհրկիզվող պահարանն ամբողջ օրը գտնվել է ոչ թե քվեարկության նպատակով կահավորված, այլ մեկ այլ սենյակում:

Դիմումի հեղինակը նշում է, որ ընտրախախտումների վերաբերյալ իր վստահված անձանց դիմումներին ԸԸՀ-ն պատշաճ ընթացք չի տվել:

ՀՀ ԱԺ պատգամավորության թեկնածուի կարծիքով՝ իր դիմումում նշված իրավախախտումները լուրջ ազդեցություն են ունեցել ընտրությունների արդյունքների վրա, և խնդրում է թիվ 31 ընտրատարածքի մեծամասնական ընտրակարգով ընտրությունների արդյունքները ճանաչել անվավեր:

3. Պատասխանող կողմը գտնում է, որ դիմումատուի պահանջն անհիմն է և ենթակա է մերժման, որովհետև դիմումի մեջ նշված իրավախախտումները հիմնավորված և ապացուցված չեն: Դրանք ընտրական օրենսգրքով նախատեսված կարգով և ժամկետներում չեն բողոքարկվել: ԸԸՀ-ին ներկայացված բոլոր դիմումները քննության են առնվել հանձնաժողովի կողմից: Չի եղել որևէ դեպք, երբ ԸԸՀ-ն հրաժարվել է ընդունել վստահված անձի կամ հանձնաժողովի անդամի դիմումը:

Պատասխանող կողմի ներկայացուցիչը նաև նշեց, որ թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում պատգամավորության թեկնածու գրանցված Ռ. Գրիգորյանը՝ Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու գրանցվելու ժամանակ օրենսդրությամբ սահմանված կարգով ազատված է եղել իր պաշտոնից:

Կապված ԱԺ պատգամավորության թեկնածու Խ. Սարգսյանի խախտված իրավունքների պաշտպանության հետ, պատասխանող կողմը պնդեց, որ ԱԺ պատգամավորության թեկնածուի վստահված անձինք օրենքով նախատեսված պատշաճ քայլեր չեն ձեռնարկել թեկնածուի կարծիքով տեղ գտած իրավախախտումների փաստերը ժամանակին և համապատասխան մարմնում քննության հարց դարձնելու համար: Խ. Սարգսյանի վստահված անձինք և տեղամասային ընտրական հանձնաժողովների երկու անդամներ 26.05.2003թ. թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով են ներկայացրել մի քանի դիմումներ, որոնք ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը 2003թ. մայիսի 28-ի իր նիստում քննության է առել և դրանց վերաբերյալ ընդունել թիվ 25 արձանագրությունը:

Պատասխանող կողմն ընդունեց, որ թիվ 0858 տեղամասում չհրկիզվող պահարանն իրականում չի գտնվել քվեարկության համար նախատեսված սենյակում, գտնվել է հարակից սենյակում, սակայն ԸԸՀ-ի կողմից կազմակերպվել է դրա նկատմամբ անհրաժեշտ հսկողություն:

4. ՀՀ սահմանադրական դատարանը գործի նախապատրաստման ընթացքում լրացուցիչ պահանջել է մեծամասնական ընտրակարգով թիվ 31 ԸԸՀ-ի ամփոփիչ արձանագրությունը և տեղամասային ընտրական հանձնաժողովների N 1 ամփոփիչ արձանագրության և անճշտությունների չափի վերաբերյալ N 2 արձանագրության, ինչպես նաև թիվ 31 ԸԸՀ-ում մուտք եղած՝ թեկնածուների և տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների դիմումների հաստատված պատճենները:

ՀՀ սահմանադրական դատարանը պահանջել և ՀՀ կառավարությունից ստացել է նաև Ռաֆիկ Գրիգորյանին ՀՀ Գեղարքունիքի մարզպետի տեղակալի պաշտոնից ազատելու մասին ՀՀ վարչապետի 2003թ. ապրիլի 10-ի թիվ 155-Ա որոշման պատճենը:

Գործի քննության ընթացքում պարզվեց, որ տեղամասային ընտրական հանձնաժողովների և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի ոչ մի անդամի կողմից ընտրախախտումների փաստերի վերաբերյալ քվեարկության և ընտրությունների արդյունքներն օրենքով սահմանված կարգով ամփոփելիս հատուկ կարծիք չի ներկայացվել: Հիմնավորվեց նաև, որ ԱԺ պատգամավորության թեկնածուների վստահված անձանց կողմից քվեարկության արդյունքները բողոքարկելու վերաբերյալ ՀՀ ընտրական օրենսգրքի 40 և 62 հոդվածներով սահմանված կարգով ու ժամկետներում վերադաս ընտրական հանձնաժողով կամ ընդհանուր իրավասության դատարան դիմում կամ պահանջ չի ներկայացվել:

Միաժամանակ, ընտրատեղամասերի ամփոփիչ արձանագրությունների համադրումից պարզվեց, որ դիմող և պատասխանող կողմերի ներկայացրած ամփոփիչ արձանագրությունների տվյալները թեկնածուների օգտին տրված ձայների առումով միմյանցից չեն տարբերվում: Մասնակի տարբերություններ կան արձանագրային առանձին ամփոփ տվյալների միջև, որոնք ընտրությունների արդյունքների վրա ազդեցության առումով էական բնույթ չեն կրում:

Դիմող կողմի կարծիքը, որ ընտրությունների կազմակերպման և անցկացման ընթացքում ցանկացած իրավախախտման փաստի արձանագրումը հիմք է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու համար, ՀՀ ընտրական օրենսգրքի միակողմանի մեկնաբանություն է: ՀՀ ընտրական օրենսգրքի 116 հոդվածի 5 կետը մասնավորապես ամրագրել է, որ պատգամավորի ընտրությունն անվավեր է ճանաչվում ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում տեղի ունեցած՝ ՀՀ ընտրական օրենսգրքի այնպիսի խախտումների առկայության դեպքում, որոնք կարող էին ազդել ընտրությունների արդյունքների վրա: ՀՀ սահմանադրական դատարանն իր 24.03.2003թ. ՍԴՈ-408 և 16.04.2003թ. ՍԴՈ-412 որոշումներում հստակ շարադրել է իրավական դիրքորոշումը, թե տարաբնույթ իրավական խախտումները որ դեպքում հիմք կարող են հանդիսանալ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու համար:

Գործի քննության ընթացքում դիմող կողմի ներկայացրած բոլոր պատճառաբանությունների հիմքում հիմնականում ընկած էին իրավաբանորեն պատշաճ ձևով չստուգված փաստեր և հայտարարություններ:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 3 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 3 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ .

1. ՀՀ Ազգային ժողովի պատգամավորության թեկնածու Խ. Սարգըսյանի պահանջը՝ թիվ 31 ընտրատարածքում ՀՀ Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով 2003թ. մայիսի 25-ի ընտրություններն անվավեր ճանաչելու վերաբերյալ, մերժել:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

13 հունիսի 2003 թվականի
ՍԴՈ - 424

print page Տպել էջը