ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ԹԻՎ 50 ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔՈՒՄ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 25-Ի ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՎԻՃԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան 16 հունիսի 2003թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ֆ. Թոխյանի (2003թ. հունիսի 14-ի նիստ), Զ. Ղուկասյանի (2003թ. հունիսի 16-ի նիստ), Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,

մասնակցությամբ՝

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով թիվ 50 ընտրատարածքի պատգամավորության թեկնածուներ՝ սույն գործով դիմումատուներ Հ. Մաթիլյանի և Կ. Ներսիսյանի լիազոր ներկայացուցիչ Հ. Մարգարյանի,

պատասխանող կողմի՝ թիվ 50 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչներ՝ հանձնաժողովի նախագահ Բ. Ստեփանյանի, հանձնաժողովի անդամ Գ. Տեր­Կարապետյանի, փաստաբան Ա. Ումրշատյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 3 կետի, 101 հոդվածի 3 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 3 կետի, 20 հոդվածի առաջին մասի, 21 հոդվածի, 25 հոդվածի 3 կետի, 57 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով թիվ 50 ընտրատարածքում 2003 թվականի մայիսի 25-ի ընտրության արդյունքները վիճարկելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորության թեկնածուներ Հ. Մաթիլյանի և Կ. Ներսիսյանի դիմումներն են սահմանադրական դատարան։

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, 2003 թվականի հունիսի 6-ի աշխատակարգային նիստում քննարկելով վերոհիշյալ դիմումները, որոշել է՝ ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45 հոդվածով, դրանք քննության առնել նույն նիստում, միաժամանակ, առաջնորդվելով «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39, 40, 41 և 57 հոդվածներով, պատասխանող կողմ է ճանաչել թիվ 50 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին (ԸԸՀ)։

Lսելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Հ. Նազարյանի հաղորդումը, կողմերի բացատրությունները, ինչպես նաև հետազոտելով դիմումը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. Թիվ 50 ընտրատարածքային, ինչպես նաև ընտրատարածքի թվով 40 տեղամասային ընտրական հանձնաժողովներն (ՏԸՀ) ստեղծվել են ՀՀ ընտրական օրենսգրքի 31, 32, 36 և 37 հոդվածներին համապատասխան: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով ընտրություններն այդ ընտրատարածքում անցկացվել են 2003 թվականի մայիսի 25-ին՝ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 117 հոդվածում նախատեսված ժամկետում, բացառությամբ թիվ 1579 ընտրական տեղամասի՝ քվեարկությանն ընտրողների չներկայանալու պատճառով:

Ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով գրանցվել և քվեաթերթիկներում ընդգրկվել են Ազգային ժողովի պատգամավորության թվով 8 թեկնածուներ։ Թիվ 50 ԸԸՀ-ի ամփոփիչ արձանագրության համաձայն՝ ընտրատարածքում ընտրողների ընդհանուր թիվն ըստ ընտրողների ցուցակի՝ 41079 է, իսկ ընտրություններին մասնակցել են 24512 ընտրողներ։ Պատգամավորության թեկնածուների օգտին տրված ձայների ընդհանուր թիվն ըստ ԸԸՀ­ի ամփոփիչ արձանագրության՝ կազմել է 23656: Քվեաթերթիկներում ընդգրկված թեկնածուների միջև ընտրությունների արդյունքում ձայները բաշխվել են հետևյալ համամասնությամբ. Մարտին Թադևոսյան՝ 526, Գալուստ Կոստանյան՝ 256, Սոյրաբ Ղռաթյան՝ 909, Հակոբ Մաթիլյան՝ 5098, Կարապետ Ներսիսյան՝ 6963, Արթուր Պողոսյան՝ 1885, Համլետ Ջալոյան՝ 962, Մխիթար Վարագյան՝ 7057:

Թիվ 50 ԸԸՀ-ն 2003 թ. մայիսի 28-ի իր որոշմամբ ընտրատարածքից Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր է ճանաչել առավել կողմ ձայներ ստացած Մխիթար Վարագյանին։ Ամփոփիչ արձանագրությունն ստորագրվել է թիվ 50 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի բոլոր անդամների կողմից, ընդ որում, հանձնաժողովի անդամ Թ. Եգանյանի կողմից՝ հատուկ կարծիքով:

2. Վիճարկելով թիվ 50 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի վերոհիշյալ որոշումը, դիմող կողմը գտնում է, որ այն կայացվել է ընտրությունների ընթացքում տեղ գտած՝ ՀՀ Սահմանադրության, ՀՀ ընտրական օրենսգրքի մի շարք հոդվածների պահանջների անտեսմամբ, մասնավորապես. ընտրական տեղամասերի կողմից խախտվել է ամփոփիչ արձանագրությունների լրացման կարգը, չի հաշվարկվել և ամփոփվել անճշտությունների չափը, խախտվել է քվեարկության անցկացման օրենսդրորեն սահմանված կարգը, տեղ են գտել ուրիշի փոխարեն քվեարկելու, ընտրակաշառքի բաժանման դեպքեր, անվերահսկելի է եղել քվեաթերթիկների շարժը, օրինական ընթացք չի տրվել թիվ 50 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին հասցեագրված իրավասու անձանց դիմում­բողոքներին, ԸԸՀ­ի կողմից անտեսվել է նաև պատգամավորության թեկնածու Կ. Ներսիսյանի դիմումով՝ թիվ 50 ընտրատարածքի 1545, 1551 և 1564 տեղամասերում քվեարկության արդյունքների վերաբերյալ, Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի 2003 թվականի մայիսի 30­ի որոշումը: Դիմող կողմը, մասնավորապես, գտնում է, որ Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի ստուգմամբ հայտնաբերված թվով 504 չստորագրված (1545 տեղամասում) և 151 չմարված (1551 տեղամասում) քվեաթերթիկների, ինչպես նաև ընտրական փաստաթղթերում հայտնաբերված այլ անճշտություններ էապես ազդում են անճշտությունների չափի վրա՝ բացառելով թիվ 50 ընտրատարածքում ընտրված թեկնածուին պարզելու հնարավորությունը:

Պատգամավորության թեկնածուները գտնում են, որ վերոհիշյալ օրինախախտումներն էապես ազդել են ընտրությունների արդյունքների վրա, և խնդրում են թիվ 50 ընտրատարածքում 2003թ. մայիսի 25­ին մեծամասնական ընտրակարգով կայացած ընտրությունների արդյունքները ճանաչել անվավեր։

3. Պատասխանող կողմը գտավ, որ պատգամավորության թեկնածուների դիմումն անհիմն է և ենթակա չէ բավարարման այն պատճառաբանությամբ, որ թիվ 50 ընտրատարածքում չեն արձանագրվել այնպիսի խախտումներ, որոնք կարող էին էապես ազդել ընտրությունների արդյունքների վրա և հիմք հանդիսանալ ընտրություններն անվավեր ճանաչելու համար: Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում քննարկել և իր որոշմամբ մերժել է պատգամավորության թեկնածու Կ. Ներսիսյանի վստահված անձանցից ստացված՝ թիվ 1545, 1551 և 1564 տեղամասերի վերաբերյալ դիմումները՝ չհիմնավորված լինելու պատճառաբանությամբ, իսկ պատգամավորության թեկնածուն՝ օգտվելով իր օրենսդրական իրավունքից, բողոքարկել է ԸԸՀ-ի վերոհիշյալ որոշումը՝ դիմելով ԿԸՀ: Արդյունքում, ԸԸՀ-ի կողմից այդ տեղամասերում կատարված կրկնակի ստուգմամբ փաստվել է այդ բողոքների անհիմն լինելը, իսկ Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում միևնույն հիմքով կատարված քննությամբ թիվ 1545, 1551 և 1564 ընտրական տեղամասերում, ըստ պատասխանող կողմի, քվեարկության արդյունքների ամփոփման էական խախտումներ չեն արձանագրվել և կասկածի տակ չի դրվել այս կամ այն թեկնածուի օգտին տրված ձայների վավերությունը: Պատասխանող կողմը նաև նշեց, որ վերոհիշյալ ընտրական տեղամասերում ձայների հաշվարկման ընթացքում կամ 1545 և 1551 ընտրատեղամասերի ընտրական փաստաթղթերում հայտնաբերված անստորագիր և չկնքված թվով 665 քվեաթերթիկներն անվավեր ճանաչելու խնդրում թույլ տրված սխալներն ընտրական հանձնաժողովների անդամների անփութության, իսկ թվով 504 անստորագիր քվեաթերթիկների առկայությունը՝ կայանալիք ընտրությունների վերաբերյալ թիվ 1545 ՏԸՀ­ի անդամների սխալ նախագուշակման արդյունք են: Բացի դրանից, ըստ պատասխանողի, թիվ 50 ընտրատարածքում քվեարկությանը մասնակցել է ընտրողների շուրջ 57 տոկոսը, որը չի վիճարկվում, իսկ շրջանառության մեջ չդրված քվեաթերթիկները չեն կարող դրվել ձայների հաշվարկման հիմքում:

Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի որոշումը, ըստ պատասխանողի հիմնավորման, ԸԸՀ­ում չի քննարկվել, ուստի և չի դրվել ընտրությունների արդյունքների ամփոփման հիմքում, քանի որ դատարանի որոշումը կայացվել է 2003 թվականի մայիսի 30-ին և ԸԸՀ­ի կողմից ստացվել է նույն օրվա վերջում, այսինքն՝ ՀՀ ընտրական օրենսգրքի 62 հոդվածի 3­րդ կետում նախատեսված՝ ընտրությունների արդյունքների ամփոփման սահմանային (5­օրյա) ժամկետի վերջում:

Պատասխանող կողմը հերքեց թիվ 50 ընտրատարածքում ընտրությունների նախապատրաստման ընթացքում տեղ գտած ընտրակաշառքի դեպքերի վերաբերյալ դիմումատուների պնդումը՝ հիմնավորելով Շիրակի մարզի դատախազության տեղեկանքով:

4. Որպես ուրիշի փոխարեն տեղ գտած քվեարկության դեպքերի փաստական հիմնավորում՝ դիմող կողմը սահմանադրական դատարան է ներկայացրել ընտրություններին չմասնակցած, սակայն, իր կարծիքով, անձնագրային կեղծ նշումներով թվով 97 ՀՀ քաղաքացիների ցուցակ: Դրանում առկա տվյալների իսկությունը պարզելու, ինչպես նաև փաստաթղթի ապացուցողական նշանակությունը գնահատելու նպատակով ՀՀ սահմանադրական դատարանը դիմել է ՀՀ ոստիկանություն: Արդյունքում, մասամբ՝ թվով 36 դեպքերում, հաստատվել է ցուցակում առկա անձնագրային տվյալների (անձնագրերի համարների) իսկությունը:

5. Պարզելու համար թիվ 50 ընտրատարածքի 1545, 1551 և 1564 ընտրական տեղամասերում ընտրությունների իրական պատկերը, պատգամավորության թեկնածու Կ. Ներսիսյանը դիմել է Շիրակի մարզի առաջին ատյանի դատարան, որի արդյունքում, 2003 թվականի մայիսի 30­ի իր որոշմամբ, դատարանը պարտավորեցրել է թիվ 50 ԸԸՀ­ին՝ ընտրությունների արդյունքներն ամփոփելիս հիմք ընդունել դատարանի կողմից կազմված հանձնաժողովի՝ 2003 թվականի մայիսի 30­ի՝ 1545, 1551 և 1564 ընտրատեղամասերում ամփոփված ձայների վերահաշվարկի մասին արձանագրությունը, համաձայն որի՝ հայտնաբերվել են թեկնածուների օգտին տրված ձայների (1545 ՏԸՀ­ում՝ 1) և անվավեր, մարված քվեաթերթիկների քանակական տարբերություններ (1545 ՏԸՀ­ում՝ 1, 1551 ՏԸՀ­ում՝ 12), որոնք թիվ 50 ընտրատարածքում, ըստ դատարանի որոշման, ընտրությունների արդյունքների վրա ազդել չեն կարող: Բացի դրանից, վերոհիշյալ արձանագրությամբ թիվ 1545 ընտրական տեղամասում փաստվել են թվով 504 անստորագիր քվեաթերթիկներ, որոնք, ըստ ՏԸՀ­ի ամփոփիչ արձանագրության՝ համարվել են մարված: Միաժամանակ, 1551 ընտրական տեղամասի ընտրական փաստաթղթերի ստուգման արդյունքում, ըստ Շիրակի մարզային դատարանի արձանագրության, հայտնաբերվել են թվով 151 մարման ենթակա, սակայն չմարված քվեաթերթիկներ:

Սահմանադրական դատարանի պահանջով ՀՀ ԿԸՀ-ն ներկայացրեց թիվ 1551 ՏԸՀ­ի գործավարության մատյանը, որի ուսումնասիրման արդյունքում պարզվեց, որ այդ տեղամասի գործավարության մատյանում ՀՀ ընտրական օրենսգրքի 60 հոդվածի և ԿԸՀ-ի 2002թ. թիվ 104-Ն որոշմամբ սահմանված կարգով քվեարկության արդյունքների ամփոփման վերաբերյալ համապատասխան արձանագրություններ կազմված չեն, որը ՀՀ սահմանադրական դատարանի գնահատմամբ կասկածի տակ է դնում թիվ 1551 ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների ամփոփման օրինականությունը և հիմք է տալիս ոչ հավաստի ճանաչել տվյալ տեղամասում և ողջ ընտրատարածքում մարված քվեաթերթիկների պաշտոնապես ներկայացված թիվը: Նկատի ունենալով, որ առավել կողմ ձայներ ստացած թեկնածուների ձայների միջև տարբերությունը 94 է, ուստի մարված քվեաթերթիկների ընդհանուր թվում միայն 1551 ընտրական տեղամասի ամփոփիչ արձանագրության մեջ 151 մարված ներկայացված թվի ճշգրտումը հանգեցնում է այն վիճակին, որ ՀՀ ընտրական օրենսգրքի 116 հոդվածի 5-րդ կետին համապատասխան անհնարին է դառնում ընտրված թեկնածուին պարզելու հնարավորությունը:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 3 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 3 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. Բավարարել ՀՀ Ազգային ժողովի պատգամավորության թեկնածուներ Հ. Մաթիլյանի և Կ. Ներսիսյանի դիմումը թիվ 50 ընտրատարածքում ՀՀ Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով 2003 թվականի մայիսի 25­ին կայացած ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ և անվավեր ճանաչել թիվ 50 ԸԸՀ-ի 2003թ. մայիսի 28-ի որոշումը՝ մեծամասնական ընտրակարգով թիվ 50 ընտրատարածքում ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի ընտրության արդյունքների վերաբերյալ։

2. Սույն գործի քննության ընթացքում բացահայտված օրինախախտումների փաստերի վերաբերյալ տեղյակ պահել ՀՀ գլխավոր դատախազությանը՝ օրենքով նախատեսված կարգով ընթացք տալու համար։

3. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

16 հունիսի 2003 թվականի
ՍԴՈ - 425

print page Տպել էջը