ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ԹԻՎ 33 ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔՈՒՄ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 25-Ի ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՎԻՃԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երեւան 16 հունիսի 2003թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,
մասնակցությամբ՝
դիմող կողմի՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով թիվ 33 ընտրատարածքի պատգամավորության թեկնածու Ենոք Ավետիսյանի ներկայացուցիչներ Ա. Լալազարյանի, Վ. Գաբուզյանի, Գ. Բոյաջյանի,
պատասխանող կողմի՝ թիվ 33 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Ս. Աբրահամյանի, հանձնաժողովի քարտուղար Ռ. Հովհաննիսյանի,
ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 3 կետով եւ 101 հոդվածի 3 կետով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 3 կետով, 20 հոդվածի առաջին մասով, 21 հոդվածով, 25 հոդվածի 3 կետով եւ 57 հոդվածով,
դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով թիվ 33 ընտրատարածքում 2003 թվականի մայիսի 25-ի ընտրության արդյունքները վիճարկելու վերաբերյալ» գործը։
Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորության թեկնածու Ե. Ավետիսյանի դիմումն է սահմանադրական դատարան։
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, 2003 թվականի հունիսի 6-ի նիստում քննարկելով Ե. Ավետիսյանի դիմումը, կայացրել է աշխատակարգային որոշում, ըստ որի՝ գործն ընդունվել է քննության եւ «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39, 40, 41 եւ 57 հոդվածներին համապատասխան պատասխանող կողմ է ճանաչվել թիվ 33 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը։
Լսելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Վ. Սահակյանի հաղորդումը, կողմերի բացատրությունները, ինչպես նաեւ հետազոտելով դիմումը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. 2003թ. մայիսի 25-ին ՀՀ Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով թիվ 33 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 28.05.2003թ. թիվ 69 որոշմամբ պատգամավոր է ընտրվել առավելագույն «կողմ» ձայներ ստացած Խաչիկ Բորիսի Պետրոսյանը։
2. ՀՀ Ազգային ժողովի պատգամավորության թեկնածու Ե. Ավետիսյանը սահմանադրական դատարան ներկայացրած դիմումում նշում է, որ 2003թ. մայիսի 25-ին կայացած՝ ՀՀ Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով ընտրությունների ընթացքում թիվ 33 ընտրատարածքում խախտվել են ՀՀ Սահմանադրության եւ ՀՀ ընտրական օրենսգրքի մի շարք հոդվածների պահանջներ, որոնք, ըստ դիմումատուի՝ ազդել են ընտրությունների արդյունքների վրա։ Դիմումատուն մասնավորապես նշում է, որ մի շարք տեղամասային ընտրական հանձնաժողովների կողմից խախտվել է կնիքների պահպանման եւ օգտագործման կարգը, բազմաթիվ տեղամասերում կատարվել է բաց քվեարկություն, եղել են դեպքեր, երբ քաղաքացիներն ընտրել են ոչ իրենց ընտրատեղամասերում եւ այլն։
Դիմումատուն նշում է նաեւ, որ թիվ 33 ընտրատարածքում տեղ գտած ընտրախախտումներն իր վստահված անձանց կողմից բողոքարկվել են թիվ 33 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով, իսկ վերջինիս կայացրած որոշումները՝ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով, սակայն, թե° ընտրատարածքային եւ թե° կենտրոնական ընտրական հանձնաժողովները նրանց պահանջները չեն բավարարել։
3. Պատասխանող կողմը գտնում է, որ դիմումատուի պահանջն անհիմն է եւ ենթակա է մերժման, քանի որ դիմումում նշված ընտրախախտումները տեղի չեն ունեցել, դրանց վերաբերյալ ապացուցողական հիմքերը բացակայում են։
Դիմումատուի վստահված անձանց կողմից թիվ 33 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով են ներկայացվել մի շարք դիմում-բողոքներ, որոնք վերաբերել են ոչ թե քվեարկության արդյունքներին, այլ ընտրությունների կազմակերպմանը, եւ չհիմնավորված լինելու պատճառով հանձնաժողովի որոշումներով մերժվել են։
Պատասխանող կողմի կարծիքով՝ թիվ 33 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը գործել է Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան եւ ընտրության արդյունքներով կայացրել է հիմնավոր որոշում։
4. Գործի նախնական ուսումնասիրման եւ դատաքննության ընթացքում պարզվել է, որ դիմումատուի վստահված անձանց կողմից թիվ 33 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին ներկայացված դիմում-բողոքների քննարկումը նշված հանձնաժողովի 22.05.03թ., 27.05.03թ., 29.05.03թ. որոշումներով մերժվել է, նկատի ունենալով, որ դրանք չեն բավարարում ԿԸՀ 2003թ. մայիսի 12-ի թիվ 128-Ա որոշման 2-րդ կետի պահանջները։
Թիվ 33 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշումները բողոքարկվել են ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով, որն իր՝ 30.05.2003 թվականի թիվ 649 որոշմամբ նույնպես չի քննարկել դիմում-բողոքները՝ փաստելով, որ դրանք քննարկվել են թիվ 33 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում եւ դիմումատուին տրվել են պատասխաններ։
Դիմումատուն սահմանադրական դատարանում հիմնականում փորձեց քննության առարկա դարձնել գործին առնչվող առանձին փաստական հանգամանքներ, որը հակասում է «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 57 հոդվածի պահանջներին:
5. Դիմումատուի կողմից ընտրությունների նախապատրաստման եւ քվեարկության ընթացքում արձանագրված եւ դիմումում ներկայացված իրավախախտումների փաստերի վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված կարգով ու ժամկետներում դատական բողոքներ եւ հայցադիմումներ ընդհանուր իրավասության դատարաններ չեն ներկայացվել: Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշումները, գործողություններն ու անգործությունը նույնպես դատական կարգով չեն բողոքարկվել եւ հիմնավորվել:
Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք- Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան ներկայացված հայցադիմումը վերաբերել է ԿԸՀ-ի անգործության բողոքարկմանը, որը դատարանը մերժել է, քանի որ դիմումատուն ՀՀ ընտրական օրենսգրքի 40 հոդվածով սահմանված կարգով թեկնածուի գրանցման եւ դրան առնչվող՝ ԸԸՀ-ի որոշումները կամ գործողությունները դատական կարգով չի բողոքարկել:
Թիվ 33 ընտրատարածքի թվով 43 տեղամասերից տեղամասային ընտրական հանձնաժողովի որեւէ անդամ քվեարկության արդյունքների վերաբերյալ հատուկ կարծիք չի ներկայացրել, ինչպես նաեւ որեւէ վստահված անձ ՀՀ ընտրական օրենսգրքի 40 եւ 62 հոդվածներով սահմանված կարգով ստուգումների վերաբերյալ պահանջ չի ներկայացրել:
Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 3 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 5 հոդվածի 3 կետով, 57, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով թիվ 33 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու Ե. Ավետիսյանի՝ ՀՀ սահմանադրական դատարան ներկայացրած փաստարկները բավարար հիմք չեն ՀՀ ԱԺ մեծամասնական ընտրակարգով թիվ 33 ընտրատարածքում 2003 թվականի մայիսի 25-ի՝ պատգամավորի ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու համար։
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
16 հունիսի 2003
թվականի
ՍԴՈ - 426