ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ԹԻՎ 43 ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔՈՒՄ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 25-Ի ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՎԻՃԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երեւան 17 հունիսի 2003թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,
մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով թիվ 43 ընտրատարածքի պատգամավորության թեկնածուներ՝ սույն գործով դիմումատուներ՝ Վանյա Հովհաննիսյանի, Վիկտոր Միրումյանի և լիազոր ներկայացուցիչ Գ. Մարկոսյանի,
պատասխանող կողմի՝ թիվ 43 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչներ՝ ԸԸՀ-ի նախագահ Գ. Փանոսյանի և փաստաբան Մ. Կոստանյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 3 կետի, 101 հոդվածի 3 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 3 կետի, 20 հոդվածի առաջին մասի, 21 հոդվածի, 25 հոդվածի 3 կետի, 57 հոդվածի,
դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով թիվ 43 ընտրատարածքում 2003 թվականի մայիսի 25-ի ընտրության արդյունքները վիճարկելու վերաբերյալ» գործը։
Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորության թեկնածուներ Վ. Հովհաննիսյանի, Վ. Միրումյանի և Ա. Գալստյանի դիմումն է սահմանադրական դատարան։
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, 2003 թվականի հունիսի 9-ի նիստում քննարկելով դիմումը, ՍԴԱՈ-28 որոշմամբ գործն ընդունել է քննության և «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39, 40, 41 և 57 հոդվածներին համապատասխան պատասխանող կողմ է ճանաչել թիվ 43 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին։
Լսելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Վ. Պողոսյանի հաղորդումը, կողմերի բացատրությունները, ինչպես նաև հետազոտելով դիմումը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրություններն անցկացվել են 2003 թվականի մայիսի 25-ին՝ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 117 հոդվածում նախատեսված ժամկետում, նույն օրենսգրքի 31, 32 և 36 հոդվածներին համապատասխան ստեղծվել է թիվ 43 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը, իսկ 37 հոդվածին համապատասխան ստեղծվել է 27 տեղամասային ընտրական հանձնաժողով։
Թիվ 43 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով գրանցվել ու քվեաթերթիկներում ընդգրկվել է Ազգային ժողովի պատգամավորության 5 թեկնածու։ Ըստ թիվ 43 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի ամփոփիչ արձանագրության՝ ընտրողների ընդհանուր թիվը 43055 է, իսկ ընտրություններին մասնակցել է 26913 ընտրող։ Թեկնածուների օգտին տրված ձայների ընդհանուր թիվը կազմել է 25984, որը բաշխվել է հետևյալ կերպ. Արթուր Գալստյան՝ 6427, Գարեգին Կարապետյան՝ 110, Վանյա Հովհաննիսյան՝ 1408, Վիկտոր Միրումյան՝ 286, Սամվել Շահգալդյան՝ 17753։
Թիվ 43 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը 2003 թ. մայիսի 27-ի ամփոփիչ արձանագրության հիման վրա թիվ 43 ընտրատարածքից Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր է ճանաչել առավել կողմ ձայներ ստացած Ս. Շահգալդյանին։
2. Ըստ դիմող կողմի՝ Ս. Շահգալդյանը Կոտայքի մարզպետի հովանավորությամբ անհավասար պայմաններ է ստեղծել թեկնածուների քարոզչության և ընտրության ընթացքում: Ըստ դիմումատուի՝ հայտնաբերվել են ընտրակաշառքներ բաժանելու կոնկրետ փաստեր, որոնց վերաբերյալ տեղյակ են պահվել իրավապահ մարմինները և թիվ 43 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը: Ընտրական տեղամասերում (1291, 1287, 1279, 1283) չեն գրանցվել բաց քվեարկության և այլ խախտումների վերաբերյալ դիմում-բողոքները: Հայտնաբերվել է թեկնածուի օգտին նշում կատարած երկու քվեաթերթիկ, սակայն նույն տեղամասում անճշտությունների չափը 0 է: Դիմումատուն գտնում է, որ թիվ 43 ԸԸՀ-ն դրսևորել է անգործություն և ՀՀ ընտրական օրենսգրքի 18 հոդվածի 8-րդ կետի հիման վրա չի դիմել դատարան՝ թեկնածուի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար։
Պատգամավորության թեկնածուները գտնում են, որ նշված խախտումներն էապես ազդել են ընտրությունների արդյունքների վրա, և խնդրում են թիվ 43 ընտրատարածքի մեծամասնական ընտրակարգով ընտրության արդյունքները ճանաչել անվավեր։
3. Պատասխանող կողմը գտնում է, որ պատգամավորության թեկնածուների դիմումն անհիմն է և ենթակա մերժման, քանի որ ներկայացված օրինախախտումները հիմնավորված չեն և դրանք ժխտվել են նաև համապատասխան իրավապահ մարմինների կողմից: Պատասխանող կողմը գտնում է նաև, որ ընտրության նախապատրաստման փուլում ընտրական գործընթացի սուբյեկտներից որևէ խախտման ահազանգ չի եղել։ 1287 ընտրատեղամասում մի քանի ընտրողների բաց քվեարկության վերաբերյալ ահազանգ ստանալուց հետո ձեռնարկել են անհրաժեշտ միջոցներ և կանխել այն։ Մինչև ընտրության ավարտը որևէ այլ խախտման փաստ չի արձանագրվել։ Բոլոր թեկնածուների համար ստեղծվել են հավասար պայմաններ։ 1291, 1279, 1283 ընտրատեղամասերում խախտումների վերաբերյալ վստահված անձանց դիմում-բողոքներ չեն եղել և չեն արձանագրվել գործավարության մատյաններում։ Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը երբեք չի հրաժարվել ընդունել վստահված անձի կամ հանձնաժողովի անդամի դիմումը։
Ինչ վերաբերում է ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ ահազանգին, ապա այն ներկայացվել է քվեարկության ավարտից հետո և, նկատի ունենալով, որ այդ մասին դիմվել է նաև մարզային դատախազություն, ուստի որոշվել է դիմումը չվերահասցեագրել դատախազությանը:
4. Սահմանադրական դատարանը ՀՀ գլխավոր դատախազությանն է տրամադրել դիմումատուների ներկայացրած իրեղեն ապացույցը՝ ընտրակաշառքի բաժանման փաստի վերաբերյալ, և պահանջել է դիմող կողմի տեղեկությունների ապացուցողական բնույթի վերաբերյալ տալ եզրակացություն։ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ժ. Խառատյանի կից գրությամբ 16.06.2003թ. սահմանադրական դատարան ներկայացված տեղեկանքից հետևում է, որ դիմումատուի կողմից ներկայացված անձանց ընտրակաշառք բաժանելու հանգամանքը չի հիմնավորվել և հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ մերժվել է քրեական գործի հարուցումը։ Տեղեկացվում է նաև, որ ընտրությունների ընթացքում բաց քվեարկության հանգամանքը նույնպես ժխտվել է:
Հաշվի առնելով, որ սահմանադրական դատարանը գործին առնչվող փաստական հանգամանքները քննության առարկա չի կարող դարձնել, ուստի հիմք է ընդունում ՀՀ գլխավոր դատախազության ստուգումների արդյունքները:
5. Սահմանադրական դատարանում գործի քննության ընթացքում պարզվեց նաև, որ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում ընտրության արդյունքներն ամփոփելիս տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների և թեկնածուների վստահված անձանց կողմից քվեարկության արդյունքների ստուգման վերաբերյալ սահմանված կարգով դիմումներ չեն ներկայացվել։ Տեղամասային ընտրական հանձնաժողովներին ուղղված՝ վստահված անձանց դիմում-բողոքները չունեն իրավաբանական պատշաճ ձևակերպումներ և դրանց ընթացքի վերաբերյալ գործողությունները (անգործությունը) սահմանված կարգով չեն բողոքարկվել վերադաս հանձնաժողովներ ու դատարան։
6. ՀՀ սահմանադրական դատարանը միաժամանակ գտնում է, որ ՀՀ ընտրական օրենսգրքի 42 հոդվածի 1 կետի 14 ենթակետին համապատասխան պատգամավորության թեկնածուի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու մասին դիմող կողմի պահանջի վերաբերյալ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի գործողությունները նույն օրենսգրքի 40 հոդվածով սահմանված կարգով պատգամավորության թեկնածուները չեն բողոքարկել։
Ինչ վերաբերում է թեկնածուների միջև անհավասար պայմաններ ստեղծելու և նախընտրական քարոզչության սահմանված կարգի խախտման վերաբերյալ դիմող կողմի փաստարկներին, ապա պատգամավորության թեկնածուների և հանձնաժողովի անդամների կողմից ՀՀ ընտրական օրենսգրքի 22 հոդվածի 2 կետին համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին և դատարանին պահանջ չի ներկայացվել, իսկ դիմումատուի ներկայացրած փաստարկներն անհրաժեշտ ապացուցողական հիմքեր չունեն:
Գործի քննության ընթացքում նշվեցին քվեարկության արդյունքների ամփոփման ժամանակ թույլ տրված առանձին խախտումների մասին նույնպես (արձանագրություններում թվային անճշտություններ, անճշտության չափի ոչ ճիշտ հաշվարկ մեկ տեղամասում, ԸԸՀ կողմից ընտրական փաստաթղթերի պատճենների ժամանակին չտրամադրում և այլն), որոնք ընդհանուր հայտարարության բնույթ ունեին:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 3 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 3 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ .
1. ՀՀ Ազգային ժողովի պատգամավորության թեկնածուներ Վ. Հովհաննիսյանի, Վ. Միրումյանի, Ա. Գալստյանի դիմումը՝ թիվ 43 ընտրատարածքում ՀՀ Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով 2003թ. մայիսի 25-ին կայացած ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ, մերժել։
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
17 հունիսի 2003
թվականի
ՍԴՈ - 427