ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ԹԻՎ 56 ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔՈՒՄ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 25-Ի ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՎԻՃԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երեւան 23 հունիսի 2003թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,
մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով թիվ 56 ընտրատարածքի պատգամավորության թեկնածու՝ սույն գործով դիմումատու Ա. Երկանյանի ներկայացուցիչներ Գ. Մանուկյանի, Վ. Ասլանյանի, Ա. Ումրշատյանի,
պատասխանող կողմի՝ թիվ 56 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչներ՝ հանձնաժողովի նախագահ Հ. Ադամյանի, հանձնաժողովի նախագահի տեղակալ Ա. Աբազյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 3 կետի, 101 հոդվածի 3 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 3 կետի, 20 հոդվածի առաջին մասի, 21 հոդվածի, 25 հոդվածի 3 կետի, 57 հոդվածի,
դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով թիվ 56 ընտրատարածքում 2003 թվականի մայիսի 25-ի ընտրության արդյունքները վիճարկելու վերաբերյալ» գործը։
Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորության թեկնածու Ա. Երկանյանի դիմումն է սահմանադրական դատարան։
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը 2003 թվականի հունիսի 9-ի նիստում գործն ընդունել է քննության և «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39, 40, 41 և 57 հոդվածներին համապատասխան պատասխանող կողմ է ճանաչել թիվ 56 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին։
Lսելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Վ. Պողոսյանի հաղորդումը, կողմերի բացատրությունները, ինչպես նաև հետազոտելով դիմումը, կողմերի միջնորդությունները և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրություններն անցկացվել են 2003 թվականի մայիսի 25-ին՝ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 117 հոդվածում նախատեսված ժամկետում, նույն օրենսգրքի 31, 32, 36, 37 հոդվածներին համապատասխան ստեղծվել են թիվ 56 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը և 43 տեղամասային ընտրական հանձնաժողով։
Թիվ 56 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով գրանցվել ու քվեաթերթիկներում ընդգրկվել է Ազգային ժողովի պատգամավորության 4 թեկնածու։ Ըստ թիվ 56 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի ամփոփիչ արձանագրության՝ ընտրողների ընդհանուր թիվը 43722 է, իսկ ընտրություններին մասնակցել է 27543 ընտրող։ Թեկնածուների օգտին տրված ձայների ընդհանուր թիվը կազմել է 26530, որը բաշխվել է հետևյալ կերպ. Հ. Աբովյան՝ 13006, Վ. Աբրահամյան՝ 1073, Հ. Աթոյան՝ 771, Ա. Երկանյան՝ 11680։ Անճշտությունների չափը կազմել է 84:
Թիվ 56 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը 2003թ. մայիսի 30-ի որոշումով թիվ 56 ընտրատարածքից Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր է ճանաչել առավել կողմ ձայներ ստացած Հ. Աբովյանին։
2. Ըստ դիմող կողմի՝ թիվ 56 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն ընդունել է անօրինական որոշում, քանի որ ընտրատարածքի թվով 9 ընտրական տեղամասերում կատարվել են բազմաթիվ ընտրակեղծիքներ, խախտվել են ընտրողների իրավունքները, ինչպես նաև չեն բավարարվել ստուգումներ կատարելու վերաբերյալ ընտրական գործընթացի մասնակից իրավասուբյեկտների պահանջները: Դիմումատուն նշում է, որ թիվ 1854 ընտրատեղամասում ստուգումների արդյունքում պատգամավորության թեկնածու Հ. Աբովյանին կողմ տրված ձայները պակասել են 65-ով։ Թիվ 1854 ընտրատեղամասի ընտրացուցակում հայտնաբերվել են նաև 140 կեղծված անձնագրային տվյալներ և ստորագրություններ:
Դիմումատուն գտնում է, որ Կողբ գյուղի ընտրատեղամասերում 469 բացակայող ընտրողների փոխարեն կատարվել է քվեարկություն, իսկ թիվ 1824 ընտրատեղամասում 161-ով ավելացվել է մեծամասնական ընտրակարգով քվեարկությանը մասնակցածների թիվը: Դիմող կողմը սահմանադրական դատարան է ներկայացրել ՀՅԴ գերագույն մարմնի կողմից 17.06.2003թ. Կոթի, Կողբ և Ոսկեվան գյուղերի գյուղապետերից պահանջված և 20.06.2003թ. ստացված ցուցակները՝ գյուղից բացակայող չափահաս բնակչության վերաբերյալ: Դիմող կողմը գտնում է, որ բացակա ընտրողների փոխարեն կատարվել է քվեարկություն և կարծում է, որ տեղ են գտել լցոնումների դեպքեր:
Դիմող կողմը գտնում է նաև, որ ստուգումներ կատարելու պահանջն իրականացնելու առումով ԸԸՀ-ից իրենք որևէ պահանջ չունեն, սակայն հակաօրինական են համարում ԿԸՀ-ի կողմից 14.05.2003թ. ընդունված թիվ 131-Ա որոշումը:
Պատգամավորության թեկնածուն գտնում է, որ իրենց կողմից ներկայացվող խախտումներն էապես ազդել են ընտրությունների արդյունքների վրա և խնդրում է թիվ 56 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով ընտրության արդյունքները ճանաչել անվավեր։
3. Պատասխանող կողմը գտնում է, որ թիվ 56 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն ընտրության արդյունքներն ամփոփել է ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան, ինչպես նաև նույն օրենսգրքի պահանջներից ելնելով և ՀՀ ԿԸՀ կողմից սահմանված կարգին համապատասխան քննարկվել ու ընթացք են ստացել ներկայացված բոլոր դիմում-բողոքները։ Ըստ պատասխանող կողմի՝ դիմումում հիշատակված 1853, 1854, 1855, 1856, 1857, 1858 և 1861 ընտրատեղամասերի հետ կապված մեծամասնական ընտրակարգով ընտրախախտումների վերաբերյալ որևէ դիմում-բողոք չի ներկայացվել։ Ինչ վերաբերում է թիվ 1824, 1825 ընտրատեղամասերում կուսակցության վստահված անձանց՝ քվեարկության փաստացի արդյունքների ստուգման պահանջին, ապա դիմում-բողոքները վերաբերում են համամասնական ընտրակարգով ընտրության արդյունքներին, որը հաստատվում է նաև դիմումատուների պահանջի հստակեցման վերաբերյալ հանձնաժողովին 28.05.2003թ. հղած երկրորդ դիմումով: Բացի դրանից, դիմումները ներկայացվել են ՀՀ ԿԸՀ-ի կողմից 14.05.2003թ. ընդունված թիվ 131-Ա որոշման պահանջների խախտումով, իսկ Վ. Ամիրաղյանն ընդհանրապես չի հանդիսացել պատգամավորության թեկնածու Ա. Երկանյանի վստահված անձ: Այս հանգամանքներից ելնելով՝ մերժվել է այդ դիմումների հիման վրա ստուգումների կազմակերպումը։
Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի պահանջով ստուգվել են թիվ 1854 ընտրատեղամասի ամփոփիչ արձանագրությունները, ըստ որի՝ Հ. Աբովյանի օգտին տրված ձայները պակասել են 63-ով, իսկ Ա. Երկանյանինը՝ 3-ով։ Պատգամավորության այլ թեկնածուի վստահված անձի պահանջով ստուգվել է նաև թիվ 1822 ընտրատեղամասի մեծամասնական ընտրակարգով ընտրության արդյունքները, ըստ որի Հ. Աբովյանի օգտին տրված ձայները պակասել են 2-ով, իսկ Ա. Երկանյանինը՝ 13-ով։ Պատասխանող կողմը գտնում է նաև, որ դիմումատուի նշած ինն ընտրատեղամասերում ձայների կեղծման մասին տվյալներն անհիմն են, քանի որ ընտրատեղամասերից ոչ մի ահազանգ չի ստացվել, ինչպես նաև Տավուշի մարզի առաջին ատյանի դատարան, մարզային դատախազություն և ոստիկանություն որևէ բողոք չի մուտքագրվել։ Ինչ վերաբերում է ընտրություններից շուրջ մեկ ամիս անց բնակավայրերից ընտրողների բացակայելու փաստի ստուգման կազմակերպմանը, ապա դա համարում է ոչ հիմնավոր և ապացուցողական նշանակություն չունեցող հանգամանք, քանի որ քվեարկության արդյունքներն այդ տեղամասերում օրենքով սահմանված կարգով ու ժամկետներում չեն բողոքարկվել:
Պատասխանող կողմն անհիմն է համարում սահմանադրական դատարանին ներկայացրած դիմումատուի պահանջը՝ ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ։
4. Սահմանադրական դատարանում գործի քննության ընթացքում պարզվեց, որ թիվ 56 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն ընտրության արդյունքներն ամփոփել է ՀՀ ընտրական օրենսգրքի 116 և 62 հոդվածներով սահմանված կարգով։
Ստուգումներ կազմակերպելիս ԸԸՀ-ն առաջնորդվել է ինչպես ՀՀ ընտրական օրենսգրքով, այնպես էլ ՀՀ ԿԸՀ-ի կողմից 14.05.2003թ. ընդունված թիվ 131-Ա որոշմամբ, որի օրինականությունը նորմատիվ վերահսկողության կարգով դատարաններում չի բողոքարկվել: ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ենթաօրենսդրական ակտերի օրինականությունը կարող է բողոքարկվել միայն ընդհանուր իրավասության դատարան և քննության առնվել վարչական արդարադատության իրականացման ընթացակարգով:
5. Գործի քննությամբ պարզվեց նաև, որ թվով 43 ընտրատեղամասային ոչ մի հանձնաժողովի անդամ քվեարկության արդյունքների վերաբերյալ հատուկ կարծիք և ստուգման մասին գրավոր պահանջ չի ներկայացրել: Սահմանված կարգով ու ժամկետներում մեծամասնական ընտրակարգով քվեարկության արդյունքների ստուգման հստակ պահանջ չեն ներկայացրել նաև թեկնածուի վստահված անձինք: ՀՀ ԸՕ 139 հոդվածում ամրագրված՝ ընտրական օրենսգիրքը խախտելու համար պատասխանատվություն առաջացնող ոչ մի հանգամանք չի բողոքարկվել ընդհանուր իրավասության դատարան: Չեն եղել նաև դիմումներ՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 153 և 154 հոդվածներով սահմանված՝ հատուկ հայցային վարույթի կարգով:
Սահմանադրական դատարանն արդարացված չի համարում, երբ ԸԸՀ-ն իր որոշմամբ, առանց օրենքով նախատեսված համապատասխան իրավասուբյեկտների գրավոր պահանջի, թիվ 1854 ընտրատեղամասում ստուգել է քվեարկության արդյունքները:
Սահմանադրական դատարանը միաժամանակ գտնում է, որ ԸԸՀ-ի կողմից բավարար ուշադրություն չի դարձվել ընտրացուցակներում խախտումներ թույլ տալու վերաբերյալ ահազանգերին, մասնավորապես, ԸԸՀ անդամ Ա. Փայտյանի հատուկ կարծիքին:
6. Սահմանադրական դատարանը գտնում է նաև, որ դիմող կողմի ներկայացրած ընտրողների ընտրացուցակից գրառված անձնագրային տվյալները (թվով 140) որպես փաստական հանգամանքներ չեն կարող քննության առարկա հանդիսանալ, սակայն ԸԸՀ-ն պարտավոր էր այս թիվը և Ա. Փայտյանի հատուկ կարծիքում մատնանշվող 161 թվային տարբերությունը կամ հիմնավոր հակափաստարկով հերքել, կամ հաշվի առնել ՀՀ ԸՕ 116 հոդվածի 5 կետի հիման վրա անճշտությունների ազդեցությունը գնահատելիս:
Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դիմումատուի կողմից օրենքով սահմանված կարգով ու ժամկետներում բողոքարկված և ապացուցողական նշանակություն ձեռք բերած անճշտություններն անհնարին չեն դարձնում ընտրված թեկնածուին պարզելու հանգամանքը:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 3 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 3 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ .
1. ՀՀ Ազգային ժողովի պատգամավորության թեկնածու Ա. Երկանյանի դիմումը՝ ՀՀ Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով թիվ 56 ընտրատարածքում 2003 թ. մայիսի 25-ի ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ, մերժել։
2. Դիմումատուի կողմից սահմանադրական դատարան ներկայացված՝ թիվ 56 ընտրատարածքի Կողբ, Կոթի և Ոսկեվան գյուղերի ընտրողների ընտրացուցակների հնարավոր կեղծմանն առնչվող փաստաթղթերն ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն՝ ընտրակեղծիքների վերաբերյալ դիմումատուի հայտարարություններին օրենքով սահմանված կարգով ընթացք տալու համար:
3. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
23 հունիսի
2003 թվականի
ՍԴՈ - 429