ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ, ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան, 11 փետրվարի 1997թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Ստեփանյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Հ. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի, Մ. Սեւյանի,

մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության իրավապայմանագրային վարչության պետ Շ. Ավագյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի եւ 101 հոդվածի 1 կետի, "Սահմանադրական դատարանի մասին" Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց "Հայաստանի Հանրապետության եւ Հունաստանի Հանրապետության միջեւ համաձայնության, բարեկամության եւ համագործակցության պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ" գործը։

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան՝ 1996 թվականի հունիսի 17-ին Աթենքում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության եւ Հունաստանի Հանրապետության միջեւ համաձայնության, բարեկամության եւ համագործակցության պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ։

Լսելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Վ. Պողոսյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Շ. Ավագյանի բացատրությունները, հետազոտելով պայմանագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

Հայաստանի Հանրապետության եւ Հունաստանի Հանրապետության միջեւ համաձայնության, բարեկամության եւ համագործակցության պայմանագրով Կողմերը պարտավորվում են համագործակցել երկկողմ հետաքննություն ներկայացնող հարցերի լայն շրջանակում, մասնավորապես, տնտեսական, քաղաքական, մշակութային եւ այլ բնագավառներում, ինչպես նաեւ Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության վերաբերյալ տեսակետներ փոխանակելու հարցում, եւ կձգտեն այդ բնագավառում ներդաշնակցել միմյանց դիրքորոշումները, վարել համաձայնեցված կամ համատեղ քաղաքականություն, ինչպես նաեւ կսատարեն զինաթափման գործընթացին եւ կաջակցեն այն նորմերի ընդունմանը, որոնք նպաստում են հակամարտությունների կանխմանը։

Պայմանագրով Հունական կողմը պարտավորվում է աջակցել Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ կապերի զարգացմանը։

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, "Սահմանադրական դատարանի մասին" Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. 1996 թվականի հունիսի 17-ին Աթենքում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության եւ Հունաստանի Հանրապետության միջեւ համաձայնության, բարեկամության եւ համագործակցության պայմանագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

11 փետրվարի 1997 թվականի
ՍԴՈ-43

print page Տպել էջը