ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ԹԻՎ 46 ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔՈՒՄ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 25-Ի ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՎԻՃԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երեւան 24 հունիսի 2003թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ.Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,
մասնակցությամբ՝
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով թիվ 46 ընտրատարածքի պատգամավորության թեկնածու՝ սույն գործով դիմող Ս. Տոնոյանի,
պատասխանող կողմի՝ թիվ 46 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչներ՝ թիվ 46 ԸԸՀ-ի նախագահ Խ. Խնձրցյանի, հանձնաժողովի նախագահի տեղակալ Ս. Կյուրեղյանի, հանձնաժողովի քարտուղար Հ. Սարգսյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 3 կետի և 101 հոդվածի 3 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 3 կետի, 25 հոդվածի 3 կետի, 57 և 21 հոդվածների,
դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով թիվ 46 ընտրատարածքում 2003 թվականի մայիսի 25-ի ընտրության արդյունքները վիճարկելու մասին» գործը։
Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով թիվ 46 ընտրատարածքի պատգամավորության թեկնածու Ս. Տոնոյանի՝ սահմանադրական դատարան ներկայացրած դիմումը։
Լսելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի հաղորդումը, կողմերի բացատրությունները և պարզաբանումները, հետազոտելով գործում առկա փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրություններն անցկացվել են 2003թ. մայիսի 25-ին՝ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 117 հոդվածով նախատեսված ժամկետում։ Ընտրական օրենսգրքի 31, 32 և 36 հոդվածներին համապատասխան ստեղծվել է թիվ 46 ԸԸՀ-ն, իսկ 37 հոդվածին համապատասխան՝ 36 տեղամասային ընտրական հանձնաժողովներ, որոնցից մեկը՝ թիվ 1385-ը՝ քրեակատարողական հիմնարկում:
ՀՀ Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով ընտրությունների ժամանակ թիվ 46 ընտրատարածքում գրանցված պատգամավորության թեկնածուները համապատասխանաբար ստացել են հետևյալ ձայները. Սուքիասյան Մարտին Հրաչի - 13507, Տոնոյան Սամվել Արտուշի - 2703 ձայն:
Համաձայն թիվ 46 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 2003թ. մայիսի 30-ի թիվ Ա/28 որոշման, այդ ընտրատարածքում ԱԺ պատգամավոր է ընտրվել Մարտին Հրաչի Սուքիասյանը։
2. Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածու Ս. Տոնոյանը սահմանադրական դատարանին ներկայացրած իր դիմումում նշում է, որ թիվ 46 ընտրատարածքում կազմակերպված՝ Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով ընտրությունների ընթացքում տեղի են ունեցել մի շարք խախտումներ, որոնք էական ազդեցություն են ունեցել ընտրությունների արդյունքների վրա։ Ըստ դիմումատուի՝ համայնքներում համապատասխան պատշաճությամբ չեն վերանայվել ընտրողների ցուցակները, իսկ ՀՀ կենտրոնական և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները համապատասխան վերահսկողություն չեն իրականացրել ընտրողների ցուցակների կազմման նկատմամբ, որի հետևանքով ընտրացուցակներում մնացել են բնակության վայրից դուրս գրված, մահացած կամ այլ պետության քաղաքացիություն ընդունած անձինք: Դիմումատուն նշում է, որ առկա են ուրիշի փոխարեն քվեարկության փաստեր, սակայն հնարավոր չի եղել ստուգումների ժամանակ այս խախտումները պարզել, որովհետև թիվ 46 ԸԸՀ-ն իրեն չի տրամադրել ընտրացուցակների պատճենները։
Դիմումատուն նաև հայտնում է, որ ընտրություններից հետո, ՀՀ ընտրական օրենսգրքի 40 հոդվածի 1-ին կետին համապատասխան, վստահված անձանց դիմում-բողոքների հիման վրա ԸԸՀ-ն ստուգումներն անմիջապես մայիսի 26-ից սկսելու փոխարեն դրանք կատարել է մայիսի 28-30-ին։ Նա պնդում է, որ թիվ 46 ընտրատարածքում քվեաթերթիկների մի մասը կնքված չի եղել, ԱԺ մեծամասնական ընտրակարգով ընտրության և հանրաքվեի քվեաթերթիկների ստացման համար դրված շատ ստորագրություններ միմյանցից զգալիորեն տարբերվել են, նույն սյունակում միմյանց անմիջապես հաջորդող ստորագրությունները երբեմն ունեցել են նմանություն, տեղամասային ամփոփիչ արձանագրություններում տեղ են գտել ստորագրությունների անհամապատասխանություններ:
Ըստ դիմումատուի՝ ընտրության արդյունքների ստուգման վերաբերյալ իր վստահված անձանց մի շարք դիմումներ, որոնք ներկայացվել են 2003թ. մայիսի 26-ին, ժամը 13.40-ի սահմաններում, չնայած գրանցվել են, սակայն քննության չեն առնվել այն պատճառաբանությամբ, իբր դրանց գրանցման ժամը 15.00-ն է եղել։
ՀՀ ԱԺ պատգամավորության թեկնածու Ս. Տոնոյանը գտնում է, որ ընտրությունների նախապատրաստման, կազմակերպման և անցկացման ընթացքում տեղի ունեցած խախտումներն ազդել են ընտրությունների արդյունքների վրա, ուստի առաջնորդվելով ՀՀ ընտրական օրենսգրքի 116 հոդվածի 5-րդ կետով՝ խնդրում է ՀՀ ԱԺ մեծամասնական ընտրակարգով թիվ 46 ընտրատարածքում 2003թ. մայիսի 25-ի ընտրությունների արդյունքները ճանաչել անվավեր։
3. Պատասխանող կողմը գտնում է, որ ՀՀ ԱԺ մեծամասնական ընտրակարգով թիվ 46 ընտրատարածքում 2003թ. մայիսի 25-ի ընտրությունների արդյունքներն ամփոփվել են ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան, իսկ պատգամավորության թեկնածու Ս. Տոնոյանի՝ ընտրություններն անվավեր ճանաչելու պահանջի վերաբերյալ դիմումն անհիմն է, դրանում նշված փաստարկները չհիմնավորված ենթադրություններ, տպավորություններ, չստուգված լուրեր են, ուստի դիմումը ենթակա է մերժման:
Ըստ պատասխանող կողմի՝ դիմումատուի վստահված անձանց ներկայացրած 11 դիմումներից 7-ը ներկայացված են եղել ընտրական օրենսգրքով նախատեսված ժամկետում, ուստի դրանք բավարարվել են և կազմակերպվել է դրանցում նշված համապատասխան տեղամասերում քվեարկության արդյունքների և արձանագրությունների համապատասխանության ստուգում: Իսկ թիվ 1369, 1374, 1380 և 1371 ընտրական տեղամասերի վերաբերյալ ստուգման պահանջը մերժվել է, որովհետև դիմումները ներկայացվել են ավելի ուշ ժամկետում, քան ընտրական օրենսգիրքն է նախատեսում:
Պատասխանող կողմը ՀՀ ընտրական օրենսգրքի համապատասխան հոդվածների և ՀՀ ԿԸՀ-ի որոշումների կոնկրետ վկայակոչումներով մանրամասն անդրադարձավ դիմումում շարադրված բոլոր փաստարկներին՝ հիմնավորելով, որ նշված ընտրախախտումները կամ տեղի չեն ունեցել, կամ դիմումատուի կողմից դրանք չեն հիմնավորվում:
Պատասխանող կողմն անհիմն է համարում սահմանադրական դատարանին ներկայացրած դիմումատուի պահանջը՝ ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ։
4. ՀՀ սահմանադրական դատարանը գործի նախապատրաստման ընթացքում լրացուցիչ պահանջել է մեծամասնական ընտրակարգով թիվ 46 ԸԸՀ-ի ամփոփիչ արձանագրությունը և տեղամասային ընտրական հանձնաժողովների թիվ 1 ամփոփիչ արձանագրությունները և անճշտությունների չափի վերաբերյալ թիվ 2 արձանագրությունները, ինչպես նաև ԸԸՀ-ում մուտքագրված դիմում-բողոքների և դրանց վերաբերյալ կայացրած որոշումների պատճենները:
Գործի քննության ընթացքում պարզվեց, որ թիվ 46 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով են ներկայացվել ՀՀ ԱԺ պատգամավորության թեկնածու Ս. Տոնոյանի վստահված անձանց թվով 11 դիմումներ, որոնցով նրանք պահանջել են համապատասխան ընտրատեղամասերում ստուգել ընտրատեղամասերի արձանագրությունների համապատասխանությունն ընտրությունների փաստացի արդյունքներին։
Թիվ 1369, 1374, 1380 և 1371 ընտրական տեղամասերում ընտրության արդյունքների ստուգման վերաբերյալ դիմումները ԸԸՀ-ն չի բավարարել: Որպես մերժման հիմք է ընդունվել այն հանգամանքը, որ դրանք ներկայացված են եղել մայիսի 26-ին ժամը 14.00-ից հետո:
Թիվ 1370, 1372, 1375, 1376, 1379, 1381 և 1383 ընտրական տեղամասերի վերաբերյալ դիմումների հիման վրա ԸԸՀ-ն ստուգել է ընտրատեղամասերի արձանագրությունների համապատասխանությունն ընտրությունների փաստացի արդյունքներին: Նշված ստուգումների արդյունքներով ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը կազմել է տեղամասային ընտրական հանձնաժողովների թիվ 1 ամփոփիչ արձանագրությունները և անճշտությունների չափի վերաբերյալ թիվ 2 արձանագրությունները:
Թիվ 46 ԸԸՀ-ի՝ ստուգման արդյունքների վերաբերյալ արձանագրությունների վերլուծությունը վկայում է, որ դրանց և ընտրությունների փաստացի արդյունքներն ամրագրող արձանագրությունների տվյալների միջև էական տարբերություններ չկան: Այսպես, ԸԸՀ-ի կողմից կազմակերպված ստուգման արդյունքով ԱԺ պատգամավորության թեկնածու Մարտին Սուքիասյանի օգտին տրված կողմ ձայները նվազել են 61-ով, իսկ ԱԺ պատգամավորության թեկնածու Սամվել Տոնոյանի օգտին տրված կողմ ձայները նվազել են 15-ով:
Ինչպես գործի նյութերից, այնպես էլ դատաքննությամբ պարզվեց, որ թիվ 46 ընտրատարածքի ընտրական հանձնաժողովների ոչ մի անդամ սահմանված կարգով հատուկ կարծիք չի ներկայացրել:
Դիմող կողմն իր իրավունքների պաշտպանության նպատակով որևէ հայցով չի դիմել ընդհանուր իրավասության դատարան:
Դիմող կողմը գործի քննության ընթացքում հայտնեց, որ ԸԸՀ-ի կողմից թիվ 1370, 1372, 1375, 1376, 1379, 1381 և 1383 ընտրական տեղամասերում ընտրությունների փաստացի արդյունքների հետ արձանագրությունների համապատասխանության ստուգման ժամանակ ապահովվել է իր վստահված անձանց մասնակցությունը, իսկ ստուգումները կրել են օբյեկտիվ բնույթ:
Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ պատասխանող կողմը հիմնավոր հակափաստարկներով ժխտեց ընտրության արդյունքների վրա էական ազդեցություն ունենալու առնչությամբ դիմող կողմի ներկայացրած փաստարկները և պատշաճ հիմնավորեց, որ ԸԸՀ-ն ընտրությունների արդյունքներն ամփոփել է ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 3 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 3 կետով, 57, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորության թեկնածու Ս. Տոնոյանի դիմումը՝ ՀՀ Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով թիվ 46 ընտրատարածքում 2003 թվականի մայիսի 25-ի ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ, մերժել:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
24 հունիսի 2003
թվականի
ՍԴՈ - 430