ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ԹԻՎ 13 ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔՈՒՄ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 25-Ի ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՎԻՃԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երեւան 26 հունիսի 2003թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ.Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,
մասնակցությամբ՝
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով թիվ 13 ընտրատարածքի պատգամավորության թեկնածու՝ սույն գործով դիմումատու Հ. Մանուկյանի և պատգամավորության թեկնածու Կ. Ռուբինյանի լիազոր ներկայացուցիչ Ս. Խլղաթյանի,
պատասխանող կողմի՝ թիվ 13 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչներ՝ հանձնաժողովի քարտուղար Մ. Խաչատրյանի և հանձնաժողովի անդամ Յու. Գասպարյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 3 կետի, 101 հոդվածի 3 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 3 կետի, 20 հոդվածի առաջին մասի, 21 հոդվածի, 25 հոդվածի 3 կետի, 57 հոդվածի,
դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով թիվ 13 ընտրատարածքում 2003 թվականի մայիսի 25-ի ընտրության արդյունքները վիճարկելու վերաբերյալ» գործը։
Գործի քննության առիթը մեծամասնական ընտրակարգով ՀՀ Ազգային ժողովի պատգամավորության թեկնածուներ Հ. Մանուկյանի և Կ. Ռուբինյանի դիմումներն են սահմանադրական դատարան։
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը 2003 թվականի հունիսի 10-ի նիստում, քննարկելով վերոհիշյալ դիմումները, որոշել է՝ ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45 հոդվածով, գործերը միավորել և դրանք քննության առնել նույն նիստում, միաժամանակ, առաջնորդվելով «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39, 40, 41 և 57 հոդվածներով՝ պատասխանող կողմ է ճանաչել թիվ 13 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին։
Lսելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Մ. Սևյանի հաղորդումը, կողմերի բացատրությունները, ինչպես նաև հետազոտելով դիմումները և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Թիվ 13 ընտրատարածքային, ինչպես նաև ընտրատարածքի թվով 22 տեղամասային ընտրական հանձնաժողովներն ստեղծվել են ՀՀ ընտրական օրենսգրքի 31, 32, 36 և 37 հոդվածներին համապատասխան: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով ընտրություններն այդ ընտրատարածքում անցկացվել են 2003 թվականի մայիսի 25-ին՝ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 117 հոդվածում նախատեսված ժամկետում:
Ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով գրանցվել և քվեաթերթիկներում ընդգրկվել են Ազգային ժողովի պատգամավորության թվով 4 թեկնածուներ։ Թիվ 13 ԸԸՀ-ի ամփոփիչ արձանագրության համաձայն՝ ընտրատարածքում ընտրողների ընդհանուր թիվն ըստ ընտրողների ցուցակի՝ 39926 է, իսկ ընտրություններին մասնակցել է 11869 ընտրող։ Պատգամավորության թեկնածուների օգտին տրված ձայների ընդհանուր թիվն ըստ ԸԸՀի ամփոփիչ արձանագրության՝ կազմել է 9258: Քվեաթերթիկներում ընդգրկված թեկնածուների միջև ընտրությունների արդյունքում ձայները բաշխվել են հետևյալ համամասնությամբ. Սարգիս Հովհաննիսյան՝ 709, Հայկ Մանուկյան՝ 929, Գրիգորի Մարգարյան՝ 6585, Կարապետ Ռուբինյան՝ 1035: Անճշտությունների չափը կազմել է 7:
Թիվ 13 ԸԸՀ-ն 2003 թ. մայիսի 30-ի իր որոշմամբ ընտրատարածքից Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր է ճանաչել առավել կողմ ձայներ ստացած Գրիգորի Մարգարյանին։
2. Դիմող կողմերը վիճարկում են թիվ 13 ԸԸՀ-ի որոշումը և գտնում, որ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում տեղ են գտել ՀՀ Սահմանադրության և ՀՀ ընտրական օրենսգրքի մի շարք հոդվածների խախտումներ, որոնք էապես ազդել են ընտրատարածքում ընտրությունների արդյունքների վրա: Մասնավորապես նշվում է, որ թույլ են տրվել նախընտրական քարոզչության և ընտրատարածքի կազմավորման հետ կապված խախտումներ: Այդ փաստերով դիմումներ են ներկայացվել թիվ 13 ԸԸՀ-ին, ԿԸՀ-ին, Շենգավիթի համայնքի թաղապետին և Շենգավիթի համայնքի առաջին ատյանի դատարանին, սակայն զանազան պատճառաբանություններով վերը նշված մարմինները մերժել են դիմող կողմի պահանջները:
Ըստ դիմող կողմերի՝ ընտրություններից առաջ փոխվել են թիվ 0284 և 0285 ՏԸՀ-ների նախագահները, իսկ ընտրությունների ընթացքում նկատվել են ուրիշի փոխարեն քվեարկելու, քվեաթերթիկների լցոնման և ընտրակաշառքի բաժանման փաստեր, ինչպես նաև, իրենց կարծիքով, եղել են խախտումներ քվեաթերթիկների հաշվարկման ընթացքում:
Պատգամավորության թեկնածուները գտնում են, որ իրենց մատնանշած խախտումներն էապես ազդել են ընտրությունների արդյունքների վրա, և խնդրում են թիվ 13 ընտրատարածքում 2003թ. մայիսի 25ին մեծամասնական ընտրակարգով կայացած ընտրությունների արդյունքները ճանաչել անվավեր։
3. Պատասխանող կողմի կարծիքով՝ պատգամավորության թեկնածուների դիմումներն անհիմն են և ենթակա չեն բավարարման այն պատճառաբանությամբ, որ թիվ 13 ընտրատարածքում մատնանշվող խախտումները տեղի չեն ունեցել, դիմումատուների բոլոր դիմում-բողոքները ժամանակին քննության են առնվել և մերժվել են անհիմն լինելու պատճառով, իսկ պատգամավորության թեկնածու Կ. Ռուբինյանը, օգտվելով իր իրավունքից, նաև բողոքարկել է ԸԸՀ-ի առանձին որոշումներ՝ դիմելով ԿԸՀ և Շենգավիթի համայնքի առաջին ատյանի դատարան: Արդյունքում փաստվել է այդ բողոքների անհիմն լինելը: Ինչ վերաբերում է պատգամավորության թեկնածու Հ. Մանուկյանին, ապա նրա կողմից ընտրությունների նախապատրաստման և քվեարկության արդյունքների հետ կապված որևէ դիմում-բողոք չի ներկայացվել:
Պատասխանող կողմը նաև մատնանշեց, որ ՀՀ ընտրական օրենսգրքի 62 հոդվածի 10-րդ կետով սահմանված կարգով թիվ 13 ընտրատարածքի ընտրական տեղամասերի ստուգման վերաբերյալ պահանջ իրավասու սուբյեկտների կողմից չի ներկայացվել, սակայն դիմումատու Կ. Ռուբինյանի գրավոր պահանջի հիման վրա, նրա վստահված անձի մասնակցությամբ, ստուգվել է թիվ 0293 ընտրատեղամասի արձանագրությունների համապատասխանությունն ընտրության փաստացի արդյունքներին, որի արդյունքում որևէ էական խախտում չի արձանագրվել:
Ըստ պատասխանող կողմի՝ ընտրություններից առաջ թիվ 0284 և 0285 ՏԸՀ-ների նախագահների և անդամների փոփոխությունը կատարվել է նրանց դիմումների հիման վրա՝ ՀՀ ԸՕ-ի 38 հոդվածի 2-րդ կետին համապատասխան:
4. Թիվ 13 ընտրատարածքում Ազգային ժողովի պատգամավորության թեկնածու Գ. Մարգարյանի կողմից քարոզարշավի ընթացքում ՀՀ ԸՕ-ի 18 հոդվածի 7-րդ կետի խախտման և նրա գրանցումն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմումատուների պահանջի կապակցությամբ սահմանադրական դատարանը պարզեց, որ այդ հարցն օրենքով սահմանված կարգով քննարկվել է և° թիվ 13 ԸԸՀ-ի 05.05.2003թ. նիստում, և° ԿԸՀ-ի 12.05.2003թ. նիստում, և երկու դեպքում էլ կայացվել է որոշում՝ գրանցումն անվավեր ճանաչելու մասին դիմումը մերժելու վերաբերյալ:
Թիվ 13 ԸԸՀ-ի որոշումը դիմող կողմը ՀՀ ԸՕ-ի 40 հոդվածին համապատասխան բողոքարկել է Շենգավիթի համայնքի առաջին ատյանի դատարան: Գործի քննության արդյունքում դատարանը փաստել է, որ ԱԺ պատգամավորության թեկնածու Գ. Մարգարյանի կողմից քարոզարշավի ընթացքում ՀՀ ԸՕ-ի 18 հոդվածի 7-րդ կետը չի խախտվել, և իր վճռով մերժել է դիմումը: Սույն վճիռը դիմումատուի կողմից դատական կարգով չի բողոքարկվել:
5. Դիմումատուների կողմից սահմանադրական դատարան ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունից նաև պարզվեց, որ ՀՀ ընտրական օրենսգրքի 62 հոդվածի 10-րդ կետի համաձայն թվով 22 ընտրատեղամասային ոչ մի հանձնաժողովի անդամ քվեարկության արդյունքների վերաբերյալ ստուգման մասին գրավոր պահանջ չի ներկայացրել: Այդպիսիք օրենքով սահմանված կարգով չեն ներկայացվել նաև թեկնածուների վստահված անձանց կողմից: Դիմող կողմերը՝ հանձինս Կ. Ռուբինյանի լիազոր ներկայացուցիչ Ս. Խլղաթյանի և դիմումատու Հ. Մանուկյանի, սահմանադրական դատարանում հիմնականում վերաշարադրեցին դիմումի բովանդակությունը՝ չներկայացնելով որևէ ապացուցողական նշանակություն և պատշաճ իրավական ձևակերպում ունեցող փաստարկ՝ իրենց կողմից ներկայացված հարցադրումները և հայտարարությունները հիմնավորելու համար: Միաժամանակ, գործում առկա փաստաթղթերը, մասնավորապես՝ համապատասխան ընտրական հանձնաժողովների պատասխանները, Երևանի Շենգավիթի համայնքի առաջին ատյանի դատարանի վճիռը, վկայում են, որ ներկայացված դիմում-բողոքներին հիմնականում ժամանակին պատասխան է տրվել դրանց փաստական հանգամանքները գնահատելու իրավասությամբ օժտված մարմինների կողմից:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 3 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 3 կետով, 57, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորության թեկնածուներ Կ. Ռուբինյանի և Հ. Մանուկյանի դիմումները՝ ՀՀ Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով թիվ 13 ընտրատարածքում 2003թ. մայիսի 25-ի ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ, մերժել:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
26 հունիսի 2003
թվականի
ՍԴՈ - 431