ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ԹԻՎ 3 ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔՈՒՄ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 25-Ի ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՎԻՃԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան 2 հուլիսի 2003թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,

մասնակցությամբ՝

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով թիվ 3 ընտրատարածքի պատգամավորության թեկնածու՝ սույն գործով դիմող Ղ. Ուլիխանյանի ներկայացուցիչներ Գ. Մարկոսյանի, Ա. Այվազյանի, Ա. Զեյնալյանի,

պատասխանող կողմի՝ թիվ 3 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչներ՝ ԸԸՀ-ի նախագահ Ֆ.Վարդանյանի և Գ. Պետրոսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 3 կետի և 101 հոդվածի 3 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 3 կետի, 25 հոդվածի 3 կետի, 57 և 21 հոդվածների,

դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով թիվ 3 ընտրատարածքում 2003 թվականի մայիսի 25-ի ընտրության արդյունքները վիճարկելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով թիվ 3 ընտրատարածքի պատգամավորության թեկնածու Ղ. Ուլիխանյանի՝ սահմանադրական դատարան ներկայացրած դիմումը։

Լսելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի հաղորդումը, կողմերի բացատրությունները և պարզաբանումները, ինչպես նաև հետազոտելով գործում առկա փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով ընտրություններն անցկացվել են 2003թ. մայիսի 25-ին՝ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 117 հոդվածով նախատեսված ժամկետում։ Ընտրական օրենսգրքի 31, 32 և 36 հոդվածներին համապատասխան ստեղծվել է թիվ 3 ԸԸՀ, իսկ 37 հոդվածին համապատասխան ստեղծվել են 25 տեղամասային ընտրական հանձնաժողովներ։

ՀՀ Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով ընտրությունների ժամանակ թիվ 3 ընտրատարածքում գրանցված պատգամավորության թեկնածուները համապատասխանաբար ստացել են հետևյալ ձայները.

Համաձայն թիվ 3 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 2003թ. մայիսի 30-ի թիվ 25 - E 02/03 որոշման, այդ ընտրատարածքում ԱԺ պատգամավոր է ընտրվել Ռաֆիկ Գարեգինի Պետրոսյանը։

2. Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածու Ղ. Ուլիխանյանը սահմանադրական դատարանին ներկայացրած իր դիմումում նշում է, որ թիվ 3 ընտրատարածքում կազմակերպված Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով ընտրությունների ընթացքում տեղի են ունեցել մի շարք խախտումներ: Որպես խախտման օրինակներ նա վկայակոչեց հետևյալ փաստերը: Դեռևս նախընտրական քարոզչության փուլում որոշ թեկնածուների նախընտրական շտաբներ տեղակայված են եղել ընտրական տեղամասերում, որն արձանագրված է թիվ 3 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի մատյանում. մի քանի ընտրական տեղամասերում արձանագրվել է հանրաքվեի և ԱԺ ընտրությունների քվեաթերթիկների՝ հանձնաժողովի երեք միևնույն անդամների կողմից ստորագրելու փաստեր. քվեարկության օրը ԸԸՀ-ն ժամը 12.00-13.00-ի սահմաններում որոշում է կայացրել պատգամավորության թեկնածու Աշոտ Օսիպյանի գրանցումն անվավեր ճանաչելու հարցով դիմել դատարան, որի վերաբերյալ լուրն արագ տարածվել է թիվ 3 ընտրատարածքում և բացասական ազդեցություն ունեցել Ա. Օսիպյանին կողմ տրված ձայների վրա։ Ժամը 19-ի սահմաններում ԸԸՀ-ն որոշում է կայացրել նշված հարցով դատարան չդիմել. թիվ 0046, 0050, 0066, 0069 ընտրատեղամասերում ստացվել են ընտրական օրենսգրքով նախատեսվածից պակաս, իսկ թիվ 0066, 0068 տեղամասերում ստացվել են ընտրական օրենսգրքով նախատեսվածից ավելի քվեաթերթիկներ: Միաժամանակ, թիվ 0050 տեղամասում ընտրողներն ստորագրել և ստացել են 526 քվեաթերթիկ, քվեատուփում առկա է եղել 522 քվեաթերթիկ՝ չորսով պակաս, մինչդեռ արձանագրությունում անճշտությունների չափը չի լրացվել:

Ըստ դիմումատուի՝ նույնաբնույթ խախտում է տեղի ունեցել նաև թիվ 0065 ընտրական տեղամասում, իսկ թիվ 0051, 0056, 0066 ընտրատեղամասերի ամփոփիչ արձանագրություններում մի շարք տվյալներ լրացված չեն եղել. թիվ 0063 ընտրատեղամասում արձանագրվել է հանձնաժողովի նախագահի ընտրության ընթացակարգի խախտում. թիվ 0053 ընտրատեղամասում քվեարկության արդյունքների ամփոփման փուլում քվեատուփում հայտնաբերվել են չկնքված ավելի քան 100 քվեաթերթիկներ, որոնք, ըստ վստահված անձանց դիմում-բողոքների, անվավեր են ճանաչվել, սակայն ամփոփիչ արձանագրություններում այս հանգամանքը չի արտացոլվել. թիվ 0065 ընտրատեղամասում ըստ ամփոփիչ արձանագրության՝ 1719 քվեաթերթիկ անհայտացել է. արձանագրությունում անճշտությունների թիվը լրացված չէ. քվեարկության օրն իրականացվել է թեկնածու Աշոտ Օսիպյանի օգտին քարոզչություն, որն արձանագրվել է 0053 ընտրատեղամասի վստահված անձի կողմից. քվեարկության ամփոփման փուլում թիվ 0050, 0052, 0055, 0059, 0060, 0065, 0068, 0070 ընտրատեղամասերում ընտրության արդյունքները չեն ամփոփվել. թիվ 3 ընտրատարածքի տեղամասային ընտրական հանձնաժողովների 72 անդամների կողմից 26.05.03թ. ժամը 14.00-ին թիվ 3 ԸԸՀ մուտքագրվել է դիմում-բողոք, կից փաստաթղթերով, թիվ 3 ընտրատարածքում ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու մասին:

Դիմող կողմը նաև հայտնեց, որ թիվ 3 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը դադարել է պաշտոնավարել «Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կանոնակարգով» չնախատեսված ընթացակարգով, ներկայացրել է հրաժարականի դիմում, որից հետո հանձնաժողովի նախագահի պաշտոնը փաստացի մնացել է թափուր: ԸԸՀ-ի կողմից չի ընտրվել հանձնաժողովի նոր նախագահ: ԸԸՀ-ն, հղում կատարելով լիազորությունների գերազանցմամբ ընդունված ԿԸՀ-ի 140-Ա՝ իրենց կարծիքով իրավական ուժ չունեցող որոշմանը, ընդունել է իր լիազորություններից դուրս որոշում՝ թիվ 0050, 0052, 0055, 0059, 0060, 0065, 0068 և 0070 տեղամասերի ԱԺ մեծամասնական ընտրակարգով ընտրության քվեարկության արդյունքներն ամփոփելու վերաբերյալ։

Կողմը նաև նշեց, որ իր վստահված անձինք թիվ 3 ԸԸՀ են մուտքագրել տեղամասային ընտրական հանձնաժողովների արձանագրությունների և ընտրությունների փաստացի արդյունքների համապատասխանությունն ստուգելու վերաբերյալ թվով 15 դիմում-բողոքներ, որոնցից բավարարվել է միայն չորսը։

Ըստ դիմումատուի՝ տեղամասային ընտրական հանձնաժողովների արձանագրությունների և ընտրությունների փաստացի արդյունքների համապատասխանությունն ստուգելու վերաբերյալ դիմումների քննարկմանը նվիրված թիվ 3 ԸԸՀ-ի նիստը մայիսի 28-ին ժամը 11.30-ի սահմաններում ընդհատվել է ԿԸՀ-ի նախագահի խորհրդական Գարեգին Ազարյանի ժամանելուց և նիստն ընդհատելու պահանջից հետո: Վստահված անձինք գաղտնի խորհրդակցություն անցկացնելու պատրվակով հեռացվել են ԸԸՀ-ից՝ ԸԸՀ-ի սենյակում թողնելով ստուգվող թիվ 0055 ընտրատեղամասի քվեաթերթիկներով բաց պարկը։ Հանձնաժողովի նիստը վերսկսվել է ժամը 15.00-ի սահմաններում։ Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների նիստերին մասնակցելու իրավասություն ունեցողների շարքում ԿԸՀ-ի նախագահի խորհրդականը չկա, վերջինս իրավունք չունի հանձնաժողովի աշխատանքները վարել:

Դիմող կողմը նաև նշեց, որ քվեարկության օրը ՀՀ ԱԺ պատգամավորության մեկ այլ թեկնածուի կողմնակիցները բռնություններ են գործադրել թիվ 0068 տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի, ինչպես նաև թիվ 0052 տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամների նկատմամբ:

Ըստ դիմող կողմի՝ թիվ 3 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը պարտավոր էր մինչև 30.05.2003թ. ժամը 20.00 կայացնել ընտրական օրենսգրքի 116 հոդվածի 1-ին կետով նախատեսված որոշումներից մեկը, մինչդեռ ԸԸՀ-ն 30.05.2003թ. ժամը 20.30-ի սահմաններում է միայն կազմել թիվ 3 ընտրատարածքի ամփոփիչ արձանագրությունը և հայտարարել նիստը փակված լինելու մասին: Պատգամավոր ընտրվելու մասին որոշում չի ընդունվել։

Ինչպես իր դիմումում, այնպես էլ ՀՀ սահմանադրական դատարանի նիստում կողմը պնդեց, որ ընտրությունների ընթացքում խախտվել են ՀՀ Սահմանադրության 1, 3, 5, 6 և 24 հոդվածները, ՀՀ ընտրական օրենսգրքի 1, 2, 4, 6, 7, 9, 16, 18, 20, 21, 22 և բազմաթիվ այլ հոդվածներ, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 17, 38, 39, 43 և 60 հոդվածները և գտնում է, որ ընտրությունների նախապատրաստման, կազմակերպման և անցկացման ընթացքում տեղի ունեցած խախտումներն ազդել են ընտրությունների արդյունքների վրա, ուստի, առաջնորդվելով ՀՀ ընտրական օրենսգրքի 116 հոդվածի 5-րդ կետով՝ խնդրեց թիվ 3 ընտրատարածքում ՀՀ ԱԺ մեծամասնական ընտրակարգով 2003թ. մայիսի 25-ի ընտրությունների արդյունքները ճանաչել անվավեր։

3. Պատասխանող կողմը գտնում է, որ ՀՀ ԱԺ 2003թ. մայիսի 25-ի ընտրություններում մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու Ղ. Ուլիխանյանի՝ թիվ 3 ընտրատարածքում ընտրություններն անվավեր ճանաչելու պահանջի վերաբերյալ դիմումն անհիմն է, դրանում նշված իրավախախտումներն ապացուցված չեն, հետևաբար, այն ենթակա է մերժման: Պատասխանող կողմը, որպես իր դիրքորոշումը հիմնավորղ ապացույցներ՝ ներկայացրեց իր կարծիքով դիմող կողմի բերած իրավախախտման փաստերը հերքող հետևյալ հակափաստարկները: Նա ընդունում է, որ, իսկապես, նախընտրական քարոզչության փուլում որոշ թեկնածուների նախընտրական շտաբները տեղակայված են եղել ընտրական տեղամասերում, բայց ԸԸՀ-ի դիտողությունից հետո դրանք անմիջապես հանվել են տեղամասերի տարածքից, այնպես որ, դա ոչ մի կերպ չէր կարող անդրադառնալ նախընտրական քարոզչության կամ ընտրությունների արդյունքների վրա: Դիմող կողմի պնդումը, թե իբրև արձանագրվել է հանրաքվեի և ԱԺ ընտրությունների քվեաթերթիկները՝ հանձնաժողովի երեք միևնույն անդամների կողմից ստորագրելու փաստեր, որևէ փաստաթղթով կամ այլ բնույթի ապացույցով չի հիմնավորվում. քվեարկության օրը ԸԸՀ-ի կայացրած որոշումը՝ թեկնածու Ա. Օսիպյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու մասին լիովին օրինական է, քանի որ հանձնաժողովը որոշումը կայացնելիս ղեկավարվել է ՀՀ ընտրական օրենսգրքի 109 հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետի պահանջներով։ Սակայն որոշում կայացնելուց հետո գրանցումն ուժը կորցրած ճանաչելու փաստական հիմքերը վերացվել են, հետևաբար, հանձնաժողովն արդարացիորեն դադարեցրել է դատարան դիմելու նախաձեռնությունը՝ համապատասխան խախտումը վերացված լինելու հետևանքով։ Ըստ պատասխանողի, չնայած վիճարկվում է թիվ 0050 ընտրատեղամասային ընտրական հանձնաժողովի գործողությունների օրինականությունը, սակայն գործի մեջ այդպիսի արձանագրություն և կոնկրետ հղումներ չկան, որոնք կհաստատեն դիմողի կողմից մատնանշված խախտումները։ Միաժամանակ, թիվ 0050 ընտրատեղամասում Ղ. Ուլիխանյանի ձայներն ամենաշատն են (212), այն դեպքում, երբ հաղթած թեկնածու Ռ.Պետրոսյանի ձայները թվով երրորդն են (119): Դիմողի պնդումը, որ թիվ 0053 ընտրատեղամասում քվեարկության արդյունքների ամփոփման փուլում քվեատուփում հայտնաբերվել են ավելի քան 100 չկնքված քվեաթերթիկներ, որ քվեարկության արդյունքների ամփոփմանը մասնակցել են ոստիկաններ, որ քվեատուփից քվեաթերթիկներ են հանել ոչ միայն նախագահը, այլ նաև տեղակալը, որ քվեաթերթիկներ հանելիս բարձրաձայն չի հայտարարվել դրանց բովանդակությունը, որ վավեր-անվավեր քվեաթերթիկների ճանաչումը կատարվել է նախագահի կողմից միանձնյա և այլն, փաստերի բացահայտ խեղաթյուրումներ են, քանի որ դրանք հաստատող որևէ ապացույց չի ներկայացվել:

Պատասխանող կողմը գտնում է, որ դիմողի եզրակացությունը, որ թիվ 0054 ՏԸՀ-ի երկու տարբեր՝ անճշտությունների չափի վերաբերյալ արձանագրություններում միմյանցից տարբերվող թվերը լրացված են միևնույն մարդու կողմից՝ սխալ է։ Այստեղ իրականում ոչ մի խախտում չի եղել։ Անճշտությունների չափի վերաբերյալ արձանագրությունների տվյալների տարբերությունը կապված է դրանցից մեկի՝ սխալ բլանկի վրա լրացված լինելու հետ։ Այսինքն՝ անճշտությունների արձանագրություններից մեկը մեծամասնական ընտրակարգով ընտրություններինն է, մյուսը՝ համամասնականինը։ Պարզապես, ըստ համամասնական ընտրակարգով ընտրությունների արդյունքների անճշտությունների տվյալները թյուրիմացաբար լրացվել են մեծամասնականի համար նախատեսված բլանկի վրա: Թիվ 0063 ընտրատեղամասում հանձնաժողովի ձևավորման կարգի որևէ խախտում տեղի չի ունեցել։ ՀՀ ընտրական օրենսգրքի 38 հոդվածի համաձայն ընտրական հանձնաժողովի նախագահը կարող է պաշտոնանկ արվել ընտրության օրվանից ոչ ուշ, քան 4 օր առաջ։ Նույնիսկ դիմումատուի վկայությամբ է հաստատվում, որ հանձնաժողովի նախագահը պաշտոնանկ է արվել ընտրության օրվանից շուրջ 15 օր առաջ, որն օրինական է. դիմումատուն նշում է, որ թիվ 0065 ընտրատեղամասից անհետացել է 1719 քվեաթերթիկ, սակայն անհայտանալու փաստը որևէ գրավոր ձևով չի ապացուցվում։ Ըստ պատասխանող կողմի, եթե այդպիսի գործողություն էր կատարվել, ապա խախտումը հայտնաբերած անձը ՀՀ ընտրական օրենսգրքի 45 հոդվածին համապատասխան կարող էր դիմել իրավապահ մարմիններին։ Գործում բացակայում է խախտում հայտնաբերած անձի կողմից կազմված որևէ արձանագրություն: Դիմող կողմը նշում է, որ թիվ 0066 ընտրատեղամասում ստացվել է 100-ով պակաս քվեաթերթիկ: ԸԸՀ-ի կողմից քվեաթերթիկները հաշվելու հաջորդ օրը կազմվել է արձանագրություն՝ ընտրատեղամասերին ավելի կամ պակաս տրված քվեաթերթիկների մասին, և արձանագրվել է, որ տեղամասային ընտրական հանձնաժողովներին բաժանված քվեաթերթիկների թիվը լիովին համապատասխանել է ԸԸՀ-ի կողմից տրված քվեաթերթիկների ընդհանուր թվին. դիմող կողմը պնդում է, որ տարբեր ընտրատեղամասերում ճնշումներ և բռնություններ են գործադրվել հանձնաժողովների անդամների և այլ անձանց նկատմամբ։ Պատասխանող կողմի կարծիքով՝ հարց է առաջանում. ինչու՞ հենց այդ պահին, այդ օրը չի կազմվել համապատասխան արձանագրությունը, այլ կազմվել է քվեարկության հաջորդ օրը։ Իրականությունն այն է, որ թիվ 0050, 0052, 0055, 0059, 0060, 0065 և 0070 ընտրական տեղամասերում հանձնաժողովների մի շարք անդամներ կատարել են քվեարկության ամփոփման հետ կապված բոլոր գործողությունները, բացի արձանագրությունն ստորագրելուց: Ընդ որում, իրենց պաշտոնեական պարտականության կատարումից նման աննախադեպ հրաժարումն այդ անձինք բացատրում են նրանով, որ իբրև թե դրսում գտնվող ամբոխն իրենց սպառնացել է: Իրականում նրանց կողմից ընտրատեղամասերը լքելը պայմանավորված է եղել տվյալ ընտրատեղամասերում քվեարկության արդյունքների հետ կապված հանձնաժողովների անդամների նախնական ակնկալիքների չիրականացմամբ։

Պատասխանող կողմը պնդեց, որ չնայած նշված տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամները քվեարկության արդյունքների հաշվարկից հետո հրաժարվել են ստորագրել ամփոփիչ արձանագրությունները և հեռացել են, այդուհանդերձ, փաստ է այն, որ արդյունքների ամփոփման ժամանակ հանձնաժողովներում եղել է քվորում, և նիստն ընթացել է անընդհատ ու անխափան։

Թիվ 3 ԸԸՀ-ի նախագահը գործի քննության ժամանակ հայտնեց, որ ընտրությունների արդյունքների հետ կապված ստուգումների ժամանակ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշ անդամներ հայտարարեցին, որ ընտրական փաստաթղթերը պարունակող պարկերը բացելիս պետք է ստուգել ոչ միայն մեծամասնական, այլ նաև համամասնական ընտրակարգով ընտրության արդյունքները: Ինքը նման հարցադրմանը չի համաձայնել, այդ պատճառով հանձնաժողովում առաջացել է լարվածություն, որը հետագայում հարթվել է:

Պատասխանող կողմը նաև հայտնեց, որ իրականությանը չի համապատասխանում դիմող կողմի հայտարարությունն այն մասին, թե իբրև ԸԸՀ-ի կողմից թիվ 3 ընտրատարածքում Ազգային ժողովի պատգամավոր ընտրվելու մասին որոշում չի ընդունվել: Թեկնածու Ղ. Ուլիխանյանի վստահված անձ Ա. Միրզոյանի դիմումի հիման վրա 29.05.03թ. տրամադրվել են դիմում-բողոքների պատճենները և թիվ 3 ԸԸՀ-ի գործավարության մատյանից արձանագրություն, որտեղ, սակայն, Ազգային ժողովի պատգամավոր ընտրվելու մասին ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշումն ընդունվել է 30.05.03թ.: Դիմումը գտնվում է գործում:

Պատասխանող կողմի կարծիքով՝ դիմումատուի մնացած հայտարարություններն այն մասին, որ քվեարկել են Հայաստանից բացակայող անձինք, քվեարկության օրը թեկնածու Ա. Օսիպյանի օգտին կատարվել է քարոզչություն, տեղամասային ընտրական հանձնաժողովների կողմից ընտրական փաստաթղթերով լի պարկերը թիվ 3 ԸԸՀ են տեղափոխվել չզմռսված վիճակում և այլն, անհիմն են։

Պատասխանող կողմը նաև նշեց, որ դիմող կողմն իր իրավունքների պաշտպանության նպատակով որևէ հայցով չի դիմել ընդհանուր իրավասության դատարան։

Ըստ պատասխանող կողմի՝ դիմողի ներկայացուցչի այն պնդումը, որ ընտրությունների արդյունքների ամփոփման ժամանակ իրական անճշտությունների չափը որոշելու համար պետք է հիմք ընդունել ընտրատեղամասերի կողմից ստացված և արձանագրված 45.902 քվեաթերթիկների թիվը, որի դեպքում անճշտությունների չափը կկազմեր 3949, ճիշտ չէ: Անճշտությունների չափը որոշելու համար հիմք պետք է ընդունել ԸԸՀ-ի ամփոփիչ արձանագրության 2-րդ կետում արձանագրված պահանջը, որտեղ առկա է հետևյալ ձևակերպումը՝ «Տեղամասային ընտրական հանձնաժողովներին տրված և ստորագրված բոլոր քվեաթերթիկների թիվ»: Ըստ գործի նյութերի՝ այս թիվը կազմում է 41976:

Դիմող կողմի կարծիքով՝ գործում նշված թվով 7 տեղամասային ընտրական հանձնաժողովների մի շարք անդամների կողմից անգործությունը, այն է՝ արդեն հաշվարկված ձայների ամփոփիչ արձանագրությունները չստորագրելը և տեղամասից հեռանալը կատարվել է չընտրված թեկնածուներից Ա. Օսիպյանի շտաբի պետի ցուցումով, որին և անգործություն ցուցաբերած հանձնաժողովականներին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին թեկնածու Ռ.Պետրոսյանի լիազորված անձի կողմից դատախազությանը տրված դիմումի պատճենը և դատախազության տեղեկանքը ներկայացվել են սահմանադրական դատարան:

4. ՀՀ սահմանադրական դատարանը գործի նախապատրաստման և քննության ընթացքում լրացուցիչ պահանջել է մեծամասնական ընտրակարգով թիվ 3 ԸԸՀ-ի ամփոփիչ արձանագրությունը և տեղամասային ընտրական հանձնաժողովների թիվ 1 ամփոփիչ արձանագրությունները և անճշտությունների չափի վերաբերյալ թիվ 2 արձանագրությունները, ինչպես նաև ԸԸՀ-ում մուտքագրված դիմում-բողոքների և դրանց վերաբերյալ կայացրած որոշումների պատճենները, թիվ 3 ԸԸՀ-ի որոշումը՝ Ռ. Պետրոսյանի պատգամավոր ընտրված լինելու մասին, թիվ 3 ԸԸՀ-ի գործավարության մատյանը, թիվ 0050, 0052, 0055, 0059, 0060, 0062, 0063, 0066, 0068, 0069 և 0070 ընտրական տեղամասերի ստուգման արդյունքների հիման վրա կազմված ամփոփիչ արձանագրությունները։

Գործում առկա փաստաթղթերի ուսումնասիրությունից, ինչպես նաև դատաքննության ընթացքում կողմերի ներկայացրած և գործին առնչվող փաստերի ու ապացույցների վերլուծությունից պարզվեց հետևյալը:

Թիվ 0050, 0052, 0055, 0059, 0060, 0065 և 0070 ընտրական տեղամասերում ՀՀ ԱԺ ընտրությունների արդյունքների ամփոփման ավարտից հետո, երբ արդեն կազմված և պատրաստ էին ստորագրության տեղամասային ընտրական հանձնաժողովների թիվ 1 ամփոփիչ արձանագրությունները և անճշտությունների չափի վերաբերյալ թիվ 2 արձանագրությունները, նշված ընտրական տեղամասերի հանձնաժողովների մոտ 72 անդամներ բոյկոտել են հանձնաժողովի աշխատանքը, տարբեր պատճառաբանություններով հրաժարվել են ստորագրել ամփոփիչ արձանագրությունները և հեռացել ընտրատեղամասերից: Թիվ 1 ամփոփիչ արձանագրությունը և անճշտությունների չափի վերաբերյալ թիվ 2 արձանագրությունն ստորագրել են միայն հանձնաժողովի այն անդամները, որոնք չեն լքել համապատասխան ընտրատեղամասի տարածքը և շարունակել են օրենքով նախատեսված իրենց պարտականությունների կատարումը:

Նկատի ունենալով, որ ընտրատեղամասերը լքած հանձնաժողովների անդամների անգործությունը որպես ոչ իրավազոր քայլ փաստորեն ստեղծել էր ընտրատարածքում ընտրությունները տապալելու իրական վտանգ, ԿԸՀ-ն՝ ղեկավարվելով ՀՀ ընտրական օրենսգրքի 41 հոդվածի դրույթներով, 27.05.03թ. ընդունել է թիվ 140-Ա որոշումը, որով վերացրել է թիվ 3 ընտրատարածքի 0050, 0052, 0055, 0059, 0060, 0068, 0070 տեղամասային ընտրական հանձնաժողովների անգործությունը: ԿԸՀ-ն իր որոշման մեջ արձանագրել է, որ վերը նշված տեղամասային ընտրական հանձնաժողովների կողմից ՀՀ Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով ընտրությունների քվեարկության և ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քվեարկության ամփոփիչ արձանագրությունները չկազմելը որակել որպես անգործություն: ԿԸՀ-ն իր 27.05.03թ. թիվ 140-Ա որոշմամբ հանձնարարել է թիվ 3 ԸԸՀ-ին ամփոփել նշված թվով 7 ընտրատեղամասերում ՀՀ Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով ընտրության քվեարկության և ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քվեարկության արդյունքները և կազմել քվեարկության արդյունքների տեղամասային ամփոփիչ և անճշտությունների չափի վերաբերյալ արձանագրությունները:

Ձգտելով ստեղծված իրադրությունը հանգուցալուծել իրավունքի շրջանակում և որպես հիմք ընդունելով ԿԸՀ-ի 27.05.03թ. թիվ 140-Ա որոշումը, թիվ 3 ԸԸՀ-ն իր 28.05.03թ. որոշմամբ մեծամասնական ընտրակարգով ընտրությունների քվեարկության ամփոփիչ արձանագրությունների՝ նշված տեղամասային ընտրական հանձնաժողովների որոշ անդամների կողմից չստորագրելը և ընտրատեղամասերը լքելը որակել է որպես անգործություն: Անգործությունը վերացնելու նպատակով ԸԸՀ-ն որոշել է առաջնահերթության կարգով ստուգել նշված 7 ընտրական տեղամասերում ՀՀ Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով ընտրության քվեարկության արդյունքները և կազմել քվեարկության արդյունքների ամփոփիչ և անճշտությունների չափի վերաբերյալ արձանագրությունները:

Նշված իրադրությունը քննության է առնվել նաև Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի կողմից: Դատարանի դիրքորոշումը, որն ամրագրված է նրա 30.05.03թ. վճռում, ըստ էության համահունչ է ԿԸՀ-ի և թիվ 3 ԸԸՀ-ի որոշումների բովանդակությանը: Առաջին ատյանի դատարանն իր որոշման մեջ անդրադառնալով թիվ 0050, 0059, 0060 և 0065 տեղամասային ընտրական հանձնաժողովների մի շարք անդամների անգործությանը, որը դրսևորվել է քվեարկության արդյունքների ամփոփման իրենց պարտականությունից հրաժարվելու ձևով, նշում է, որ տեղամասային ընտրական հանձնաժողովների արձանագրությունները կազմվել են ոչ պատշաճ կարգով (հանձնաժողովի ոչ բոլոր անդամներն են ստորագրել, արձանագրություններից մեկը կնքված չէ), ուստի դրանք չեն կարող իրավական ուժ ունենալ:

Առաջին ատյանի դատարանն իր վճռում նաև արձանագրել է. նկատի ունենալով, որ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը համաձայն ՀՀ ընտրական օրենսգրքի 62 հոդվածի 10-րդ կետի իրավասու է բողոքի դեպքում ստուգել ընտրատեղամասում տեղամասային ընտրական հանձնաժողովի արձանագրությունների համապատասխանությունն ընտրությունների փաստացի արդյունքներին և, չնայած բողոքի բացակայությանը, իրավասու է վերահաշվարկել ընտրատեղամասերում քվեարկության արդյունքները, որով էլ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը վերացնում է տեղամասային ընտրական հանձնաժողովների անգործությունը՝ վերականգնելով ընտրողների սահմանադրական իրավունքը:

ԿԸՀ-ի և թիվ 3 ԸԸՀ-ի միջամտությունը և կայացրած որոշումները հնարավորություն են ստեղծել ընտրական օրենսդրության շրջանակներում իրավական լուծում գտնել ընտրական գործընթացին ոչ բնորոշ փակուղային վիճակում:

ՀՀ սահմանադրական դատարանը գտնում է, որ ԿԸՀ-ի 27.05.03թ. թիվ 140-Ա և թիվ 3 ԸԸՀ-ի 28.05.03թ. որոշումների վերաբերյալ առաջին ատյանի դատարանի վճիռը բավարար հիմք է տվյալ դրվագով ընտրական վեճը լուծելու համար:

Նշված ընտրատեղամասերում ընտրությունների արդյունքների ամփոփման բոյկոտումը հանձնաժողովների մի շարք անդամների կողմից Հայաստանի Հանրապետությունում ընտրությունների կազմակերպման և անցկացման պրակտիկայում նախադեպը չունեցող, ակնհայտ դիտավորությամբ իրականացված գործողություն է, որը նպատակ է ունեցել տապալել ընտրությունը և զրկել թիվ 3 ԸԸՀ-ին օրենքով սահմանված կարգով հաղթող թեկնածուին որոշելու հնարավորությունից:

5. թիվ 0056 ընտրական տեղամասում ընտրությունների արդյունքների ամփոփման վերաբերյալ գործում առկա են երկու տարբեր ամփոփիչ արձանագրություններ, որոնցում արձանագրված՝ թեկնածուներին կողմ տրված ձայների քանակը, չնայած ամբողջովին համընկնում է, սակայն արձանագրություններից մեկն ստորագրված է տեղամասային ընտրական հանձնաժողովի 9 անդամի, իսկ մյուսը՝ 4 անդամի կողմից: 9 անդամի կողմից ստորագրված արձանագրության մեջ բացակայում են քվեարկությանը մասնակցած անձանց թվի, ինչպես նաև վավեր, անվավեր քվեաթերթիկների մասին տեղեկությունները: Միաժամանակ, երկու արձանագրություններն էլ չունեն ամսաթիվ: Նկատի ունենալով, որ միևնույն ընտրատեղամասի վերաբերյալ գործում գոյություն ունեցող երկու տարբեր արձանագրություններն էլ կազմվել են օրենքով սահմանված կարգի խախտմամբ, սահմանադրական դատարանը գտնում է, որ դրանցում տեղ գտած քվեարկության արդյունքները թիվ 3 ԸԸՀ-ի կողմից ներառելն իր ամփոփիչ արձանագրության մեջ՝ հանդիսանում է ոչ իրավազոր գործողություն: Ոստի այդ ընտրական տեղամասում քվեարկության արդյունքները, որոնք քանակային առումով էական ազդեցություն չեն կարող ունենալ թիվ 3 ընտրատարածքում ընտրությունների արդյունքների վրա, պետք է դիտել ոչ հավաստի:

6. ՀՀ ԱԺ պատգամավորության թեկնածուների վստահված անձանց դիմումների հիման վրա՝ ՀՀ ընտրական օրենսգրքի 62 հոդվածի 10-րդ կետում նախատեսված հիմքերով, բացի թվով 7 ընտրական տեղամասերում իրականացված վերահաշվարկից, դիմող կողմի պահանջով թիվ 3 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը վերահաշվարկել է նաև թիվ 0062, 0063, 0066 և 0069 ընտրական տեղամասերում ընտրության արդյունքները: Նշված չորս ընտրատեղամասերում արդյունքների վերահաշվարկից հետո ՀՀ ԱԺ պատգամավորության թեկնածու Ռ. Պետրոսյանին կողմ տրված ձայները նվազել են երկուսով, իսկ Ա. Օսիպյանին տրված ձայները՝ մեկով:

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը թիվ 0050, 0052, 0055, 0059, 0060, 0068 և 0070 ընտրական տեղամասերում ընտրության արդյունքների վերահաշվարկից և ՀՀ ԱԺ մեծամասնական ընտրակարգով ընտրությունների արդյունքների ամփոփումից հետո 2003թ. մայիսի 30-ին ընդունել է գործում առկա թիվ 25-E 02/03 որոշումը, համաձայն որի այդ ընտրատարածքում ԱԺ պատգամավոր է ընտրվել Ռաֆիկ Գարեգինի Պետրոսյանը։

7. Հաշվի առնելով տեղամասային ընտրական հանձնաժողովների անգործության վերացման հարցի լուծման վերաբերյալ ընդհանուր իրավասության դատարանի վճռի առկայությունը, գնահատելով դիմող և պատասխանող կողմերի ներկայացրած իրավական-փաստարկները, ուսումնասիրելով գործում առկա փաստաթղթերը, սահմանադրական դատարանը գտնում է, որ բավարար հիմքեր չկան ՀՀ ընտրական օրենսգրքի 116 հոդվածի 5-րդ կետի հիման վրա թիվ 3 ընտրատարածքում ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների մեծամասնական ընտրակարգով 2003թ. մայիսի 25-ի ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու համար:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 3 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 3 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. ՀՀ Ազգային ժողովի պատգամավորության թեկնածու Ղուկաս Ուլիխանյանի դիմումը՝ ՀՀ Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով թիվ 3 ընտրատարածքում 2003թ. մայիսի 25-ի ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ, մերժել:

2. ՀՀ Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

2 հուլիսի 2003 թվականի
ՍԴՈ - 435

print page Տպել էջը