ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ԹԻՎ 12 ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔՈՒՄ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 15-Ի ՎԵՐԱՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՎԻՃԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան 18 հուլիսի 2003թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,

մասնակցությամբ՝

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով թիվ 12 ընտրատարածքի պատգամավորության թեկնածու՝ սույն գործով դիմումատու Վ. Հակոբյանի, նրա լիազոր ներկայացուցիչներ Հ. Գալյանի, Ա. Կիվիրյանի,

պատասխանող կողմի՝ թիվ 12 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչներ՝ հանձնաժողովի նախագահ Ռ. Կռունկյանի և հանձնաժողովի անդամ Ա. Խլղաթյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 3 կետի, 101 հոդվածի 3 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 3 կետի, 20 հոդվածի առաջին մասի, 21 հոդվածի, 25 հոդվածի 3 կետի, 57 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով թիվ 12 ընտրատարածքում 2003 թվականի հունիսի 15-ի վերաքվեարկության արդյունքները վիճարկելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորության թեկնածու Վ. Հակոբյանի դիմումն է սահմանադրական դատարան։

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, 2003 թվականի հուլիսի 2-ի նիստում քննարկելով վերոհիշյալ դիմումը և առաջնորդվելով «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31, 39, 40, 41 և 57 հոդվածներով, սույն գործն ընդունել է քննության և պատասխանող կողմ է ճանաչել թիվ 12 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին։

Lսելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Մ. Սևյանի հաղորդումը, կողմերի բացատրությունները, ինչպես նաև հետազոտելով դիմումը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. Թիվ 12 ընտրատարածքային, ինչպես նաև ընտրատարածքի թվով 24 տեղամասային ընտրական հանձնաժողովներն ստեղծվել են ՀՀ ընտրական օրենսգրքի 31, 32, 36 և 37 հոդվածներին համապատասխան: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով վերաքվեարկությունն այդ ընտրատարածքում անցկացվել է 2003 թվականի հունիսի 15-ին՝ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 116 հոդվածի 9 կետի առաջին մասում նախատեսված ժամկետում:

Ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով քվեաթերթիկներում ընդգրկվել են վերաքվեարկությանը մասնակցող Ազգային ժողովի պատգամավորության թվով 3 թեկնածուներ։ Թիվ 12 ԸԸՀ-ի ամփոփիչ արձանագրության համաձայն՝ ընտրատարածքում ընտրողների ընդհանուր թիվն ըստ ընտրողների ցուցակի՝ 42653 է, իսկ վերաքվեարկությանը մասնակցել են 23158 ընտրողներ։ Պատգամավորության թեկնածուների օգտին տրված ձայների ընդհանուր թիվն ըստ ԸԸՀ­ի ամփոփիչ արձանագրության կազմել է 21849: Քվեաթերթիկներում ընդգրկված թեկնածուների միջև վերաքվեարկության արդյունքում ձայները բաշխվել են հետևյալ համամասնությամբ. Ռաֆայել Խաչատրյան՝ 201, Վերսանդիկ Հակոբյան՝ 8232, Հարություն Ղարագյոզյան՝ 13416: Անճշտությունների չափը կազմել է 23:

Թիվ 12 ԸԸՀ-ն 2003 թ. հունիսի 18-ի իր որոշմամբ ընտրատարածքից Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր է ճանաչել առավել կողմ ձայներ ստացած Հարություն Ղարագյոզյանին:

2. Դիմող կողմը վիճարկում է թիվ 12 ԸԸՀ-ի 2003 թ. հունիսի 18-ի որոշումը և գտնում, որ վերաքվեարկության նախապատրաստման և անցկացման ընթացքում տեղ են գտել ՀՀ Սահմանադրության և ՀՀ ընտրական օրենսգրքի մի շարք հոդվածների խախտումներ, որոնք էապես ազդել են ընտրատարածքում վերաքվեարկության արդյունքների վրա: Մասնավորապես, շեշտը դրվում է ընտրական ցուցակների կազմման և վարման հետ կապված թերացումների, մինչև վերաքվեարկության կազմակերպումն ընտրացուցակներում կատարված փոփոխությունների ու տեղ գտած կրկնությունների վրա:

Ըստ դիմումատուի՝ խախտվել են նաև ՀՀ ԸՕ-ի 114 հոդվածի 6 և 7 կետերը, համաձայն որոնց քվեաթերթիկները պետք է լինեն միագույն և հատկացվեն ընտրատեղամասերի ընտրացուցակներում ընդգրկված ընտրողների թվից 5% ավելի քանակով, մինչդեռ թիվ 12 ԸԸՀ-ն պատվիրել և ընտրատեղամասերին պակաս է տվել 1325 քվեաթերթիկ, քվեաթերթիկները եղել են միևնույն գույնի տարբեր երանգների:

Դիմող կողմի կարծիքով, վերաքվեարկության ընթացքում տեղ են գտել բացակա անձանց և ուրիշի փոխարեն քվեարկելու կամ բաց քվեարկելու, փախստականի կարգավիճակ ունեցող անձանց ընտրական ցուցակներում ընդգրկելու և ընտրակաշառքի բաժանման դեպքեր:

Դիմող կողմը նաև գտնում է, որ վերոհիշյալ օրինախախտումներն էապես ազդել են վերաքվեարկության արդյունքների վրա, և խնդրում է թիվ 12 ընտրատարածքում 2003թ. հունիսի 15-ին մեծամասնական ընտրակարգով կայացած վերաքվեարկության արդյունքները ճանաչել անվավեր։

3. Պատասխանող կողմի կարծիքով՝ պատգամավորության թեկնածուի դիմումն անհիմն է և ենթակա չէ բավարարման այն պատճառաբանությամբ, որ թիվ 12 ընտրատարածքում չեն արձանագրվել այնպիսի խախտումներ, որոնք կարող էին էապես ազդել վերաքվեարկության արդյունքների վրա և հիմք հանդիսանալ ընտրությունն անվավեր ճանաչելու համար: Ըստ պատասխանող կողմի՝ դիմումատուի ներկայացրած փաստարկները մտացածին են և հիմնազուրկ ենթադրություններ: Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում քննարկել և համապատասխան ընթացք է տվել բոլոր դիմում-բողոքներին ու ընտրական օրենսգրքի պահանջները հաշվի առնելով ամփոփել է վերաքվեարկության արդյունքները:

Պատասխանող կողմը հերքեց թիվ 12 ընտրատարածքում վերաքվեարկության ընթացքում տեղ գտած՝ բացակա անձանց կամ ուրիշի փոխարեն, ինչպես նաև բաց քվեարկելու, քվեաթերթիկների լցոնման և ընտրակաշառքի բաժանման դեպքերի վերաբերյալ դիմումատուի պնդումը՝ հիմնավորելով, որ նման իրավախախտումների կապակցությամբ հայտարարությունները կարող են ապացուցված համարվել միայն վերադաս ընտրական հանձնաժողովի որոշման կամ դատարանի վճիռների առկայության պայմաններում, որպիսիք գոյություն չունեն:

Պատասխանող կողմը նաև փաստեց, որ տվյալ ընտրատարածքում վերաքվեարկությունը գտնվել է միջազգային դիտորդների ուշադրության կենտրոնում և նրանց կողմից ևս նման խախտումներ չեն արձանագրվել:

Ըստ պատասխանող կողմի՝ ընտրատարածքում ընտրողների ցուցակների կազմման և վարման ընթացակարգի խախտում չի արձանագրվել, իսկ առկա փոփոխությունները կատարվել են օրենքի շրջանակներում և հիմնավոր են:

Պատասխանող կողմը նաև ընդգծեց, որ ՀՀ ընտրական օրենսգրքի 62 հոդվածի 10 կետով սահմանված կարգով, թիվ 12 ընտրատարածքի ընտրական տեղամասերում վերաքվեարկության արդյունքների ստուգման վերաբերյալ պահանջի հիման վրա ստուգվել են թվով 13 տեղամասերի (54,1%) տեղամասային ընտրական հանձնաժողովների արձանագրությունների համապատասխանությունը վերաքվեարկության փաստացի արդյունքներին և արձանագրվել են վերաքվեարկության արդյունքների վրա ազդեցություն չունեցող աննշան շեղումներ։ Մասնավորապես, ստուգումներից պարզվել է, որ դիմող թեկնածուի օգտին տրված ձայները պակասել են 51-ով, ընտրված թեկնածուի օգտին տրված ձայները պակասել են 5-ով, անվավեր քվեաթերթիկների թիվն ավելացել է 58-ով։

4. Սահմանադրական դատարանի պահանջով պատասխանող կողմը ներկայացրել է թիվ 12 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի՝ Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրվելու մասին որոշման, թիվ 12 ԸԸՀ-ի ամփոփիչ արձանագրության, թիվ 12 ընտրատարածքի բոլոր 24 տեղամասային ընտրական հանձնաժողովների թիվ 1 ամփոփիչ և թիվ 2 անճշտությունների չափի վերաբերյալ արձանագրությունների վավերացված պատճենները, թիվ 12 ընտրատարածքում 15.06.03թ. վերաքվեարկության արդյունքների վերաբերյալ ԸԸՀ մուտքագրված դիմում-բողոքների և դրանց ընթացք տալու արդյունքների վերաբերյալ տեղեկանք: Պահանջվել և ներկայացվել են նաև տեղեկանքներ Շենգավիթի համայնքի դատախազությունից՝ իրավախախտումների վերաբերյալ ստացված ահազանգերի մասին:

Սահմանադրական դատարանը, բավարարելով դիմող կողմի միջնորդությունները, թիվ 12 ընտրատարածքում 15.06.2003թ. վերաքվեարկության համար նախապատրաստված ընտրացուցակներում 25.05.2003թ. ընտրություններից հետո կատարված փոփոխությունները պարզելու նպատակով Շենգավիթի համայնքի թաղապետարանից, ոստիկանությունից և առաջին ատյանի դատարանից պահանջել և ստացել է տեղեկանքներ, որոնց ուսումնասիրությունից պարզվել է, որ օրենքով սահմանված կարգով ընտրացուցակներում ընդգրկվել են 258 քաղաքացիներ, դուրս են գրվել 51 քաղաքացիներ և ընտրողների թիվը 15.06.2003թ. կազմել է 42.395: Բացի դրանից, 15.06.2003թ. վերաքվեարկության ժամանակ թիվ 12 ընտրատարածքում դատական կարգով իրենց ընտրական իրավունքը վերականգնել են 547 քաղաքացիներ:

5. Սահմանադրական դատարանը գործի քննության ընթացքում պարզեց, որ դիմող կողմի վստահված անձանց և տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների՝ օրենքով սահմանված կարգով ներկայացրած բոլոր դիմում-բողոքներին թիվ 12 ԸԸՀ-ն համապատասխան ընթացք է տվել: Կատարվել են ՀՀ ընտրական օրենսգրքի 40 և 62 հոդվածների պահանջները՝ ստուգումների կազմակերպման և դրանց հիման վրա վերջնական արդյունքների ամփոփման առումով: Դիմումատուի կողմից ԸԸՀ-ի որոշումները, գործողություններն ու անգործությունը վերադասության և դատական կարգով չեն բողոքարկվել: Ընտրական գործընթացի հետ կապված որևէ իրավախախտում ընդհանուր իրավասության դատարաններ չի բողոքարկվել նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 153 և 154 հոդվածներով սահմանված կարգով:

Միաժամանակ, դիմումատուի և պատասխանողի կողմից սահմանադրական դատարան ներկայացված ամփոփիչ արձանագրությունների համադրումից պարզվեց, որ դրանցում ոչ մի անհամապատասխանություն չկա:

6. Դիմող կողմի միջնորդության հիման վրա սահմանադրական դատարանը ԿԸՀ-ից պահանջել և ստացել է տեղեկանք՝ թիվ 12 ԸԸՀ-ին հատկացված և վերադարձված կնիքների վերաբերյալ: ԿԸՀ-ի ներկայացրած փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզվեց, որ ՀՀ ԸՕ-ի 49 հոդվածի 10 կետով սահմանված կարգի համաձայն ԿԸՀ-ն 25.05.2003թ. ՀՀ ԱԺ ընտրությունների անցկացման համար 22.05.2003թ. թիվ 12 ԸԸՀ-ին հանձնել է ՏԸՀ-ների 24 կնիք՝ յուրաքանչյուր տեղամասին մեկական կնիք հաշվարկով: 24.05.2003թ. թիվ 0262 ՏԸՀ-ի նախագահը թիվ 12 ԸԸՀ-ին է ներկայացրել իրեն հատկացված կնիքը՝ փաթեթը վնասված լինելու պատճառով, որը նույն օրը վերադարձվել է ԿԸՀ՝ փոխարենը ստանալով փաթեթավորված այլ կնիք: Այսպիսով, ՀՀ ԸՕ-ով սահմանված՝ յուրաքանչյուր տեղամասին մեկական կնիք հատկացնելու պահանջը պահպանվել է: Միաժամանակ, իրավասու մարմինների կողմից ուսումնասիրման և գնահատման անհրաժեշտություն ունի գործի քննության ընթացքում դիմումատուի ներկայացրած ծրարը, որը նախատեսված է եղել տեղամասային ընտրական հանձնաժողովին տրամադրվող կնիքը ծրարելու համար, սակայն դրվել է անօրինական շրջանառության մեջ:

7. Ինչ վերաբերում է դիմումատուի կողմից մատնանշված ՀՀ ԸՕ-ի, իր կարծիքով, տեղ գտած խախտումներին, մասնավորապես բացակա անձանց, ուրիշի փոխարեն կամ բաց քվեարկելու, փախստականի կարգավիճակ ունեցող անձանց ընտրական ցուցակներում ընդգրկելու և ընտրակաշառքի բաժանման դեպքերին, ապա նման ընտրախախտումների փաստական հանգամանքներն օրենքով սահմանված կարգով ու ժամկետներում քննության առարկա չեն դարձվել և սահմանադրական դատարանին ապացուցված փաստարկներ չեն ներկայացվել:

Դիմող կողմը նաև սահմանադրական դատարան է ներկայացրել տարաբնույթ այլ փաստաթղթեր, որոնք վերաբերում են գործին առնչվող տարբեր փաստական հանգամանքների, որպիսիք «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 57 հոդվածի համաձայն սահմանադրական դատարանում քննության առարկա չեն կարող դառնալ:

Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել նաև, որ Շենգավիթի համայնքի դատախազության տեղեկանքի համաձայն 2003թ. հունիսի 15-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով թիվ 12 ընտրատարածքում կայացած վերաքվեարկության ընթացքում իրավախախտումների վերաբերյալ որևէ ահազանգ չի ստացվել:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 3 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 3 կետով, 57, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. Գնահատելով գործում առկա նյութերի ապացուցողական նշանակությունը և կողմերի հիմնավորումները, ինչպես նաև թիվ 12 ընտրատարածքում վերաքվեարկության փաստացի և օրենքով սահմանված կարգով կատարված ստուգումների արդյունքները, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորության թեկնածու Վ. Հակոբյանի դիմումը՝ թիվ 12 ընտրատարածքում ՀՀ Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով 2003թ. հունիսի 15-ի վերաքվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ, մերժել:

2. Գործի քննության ընթացքում ի հայտ եկած իրավախախտումների վերաբերյալ նյութերը ներկայացնել ՀՀ գլխավոր դատախազությանը՝ օրենքով սահմանված կարգով ընթացք տալու համար:

3. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

18 հուլիսի 2003 թվականի
ՍԴՈ - 438

print page Տպել էջը