1990 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 8-ԻՆ ՍՏՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՆՑԱՎՈՐ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ, ՀԵՏԱԽՈՒԶՄԱՆ, ԱՌԳՐԱՎՄԱՆ ԵՎ ԲՌՆԱԳՐԱՎՄԱՆ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ (ԿԻՑ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ) ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երեւան 25 հուլիսի 2003թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ.Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Մ. Սևյանի,
մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Դ. Հարությունյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,
դռնբաց նիստում քննեց «1990 թվականի նոյեմբերի 8-ին Ստրասբուրգում ստորագրված՝ Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների լվացման, հետախուզման, առգրավման և բռնագրավման մասին կոնվենցիայում (կից հայտարարություններով) ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։
Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան։
Լսելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Ֆ. Թոխյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Դ. Հարությունյանի բացատրությունը, հետազոտելով կոնվենցիան (կից հայտարարություններով) և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
Կոնվենցիան բացվել է ստորագրման 1990 թվականի նոյեմբերի 8-ին Ստրասբուրգում՝ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների հետախուզման, առգրավման և բռնագրավման գործում Կողմերի միջև սերտ համագործակցություն ստեղծելու, այդպիսի եկամուտների լվացումը կանխելու, ինչպես նաև պատասխանատվության միջոցներ սահմանելու նպատակով։
Կոնվենցիան ուժի մեջ է մտել 1993 թվականի սեպտեմբերի 1-ից։
Կոնվենցիայով յուրաքանչյուր Կողմ պարտավորվում է ընդունել անհրաժեշտ այնպիսի օրենսդրական և այլ միջոցներ, որոնք կտան հանցավոր ճանապարհով ձեռք բերված եկամուտների կամ եկամտին համապատասխան արժեք ունեցող գույքի բռնագրավման, բռնագրավման ենթակա գույքի նույնացման և հայտնաբերման, այդպիսի գույքի հետ կատարված յուրաքանչյուր գործողության, փոխանցման կամ տնօրինման կանխման հնարավորություն։
Համաձայն կոնվենցիայի՝ Կողմերը հնարավորինս կհամագործակցեն միմյանց հետ եկամուտների լվացման հետ կապված հանցագործությունների կանխման և նման եկամուտների բռնագրավման գործում։
Կոնվենցիայով նախատեսվում են համագործակցությունը հետաձգելու և մերժելու հիմքերը, հարցման մասնակի կամ պայմանական բավարարման դեպքերը և կարգը։
Կոնվենցիայով սահմանվում են նաև եկամուտների լվացման հետ կապված հանցագործությունները, Կողմերի իրավական պաշտպանության միջոցները, նախաքննության հետ կապված աջակցության իրականացումը, բռնագրավելու պարտավորությունը, դրա իրականացման կարգը, ազատազրկումը՝ պարտավորությունները չկատարելու համար, օտարերկրյա դատական որոշումները ճանաչելը, Կողմերի ուղղակի հաղորդակցումը, հարցումների ձևը և լեզուները, գաղտնիությունը, ծախսերը, վնասները և այլն։
Սույն կոնվենցիայում ամրագրված պարտավորությունները համահունչ են ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված իրավական պետության և մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանության սկզբունքներին, Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորություններին:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 1990 թվականի նոյեմբերի 8-ին Ստրասբուրգում ստորագրված՝ Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների լվացման, հետախուզման, առգրավման և բռնագրավման մասին կոնվենցիայում և դրան կից ներկայացված՝ Վերապահումների վերաբերյալ հայտարարության նախագծում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
25 հուլիսի
2003 թվականի
ՍԴՈ - 439