ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԻՄՆԱԴՐԱՄ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐԿԻ /ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ/ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան, 13 մարտի 1997 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Ստեփանյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Վ.Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,

մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Վ. Ավանեսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի եւ 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության եւ Միջազգային զարգացման ընկերակցության միջեւ ժամանակավոր հիմնադրամ զարգացման վարկի /ձեռնարկությունների զարգացման ծրագիր/ մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան՝ Հայաստանի Հանրապետության եւ Միջազգային զարգացման ընկերակցության միջեւ ժամանակավոր հիմնադրամ զարգացման վարկի /ձեռնարկությունների զարգացման ծրագիր/ մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը քննության առնելու եւ որոշում ընդունելու վերաբերյալ։

Լսելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Վ. Հովհաննիսյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Վ. Ավանեսյանի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

Հայաստանի Հանրապետության եւ Միջազգային զարգացման ընկերակցության միջեւ ժամանակավոր հիմնադրամ զարգացման վարկի /ձեռնարկությունների զարգացման ծրագիր/ մասին համաձայնագիրն ստորագրվել է 1997 թվականի հունվարի 13-ին՝ Վաշինգտոնում։ Համաձայնագրի անքակտելի մասն են կազմում Միջազգային զարգացման ընկերակցության 1985 թվականի հունվարի 1-ով թվագրված «Զարգացման վարկի համաձայնագրերի նկատմամբ կիրառվող ընդհանուր պայմանները» (վարկային համաձայնագրի 6-րդ հավելվածում նախատեսված փոփոխություններով)։

Համաձայնագրով Միջազգային զարգացման ընկերակցությունը՝ որպես ժամանակավոր հիմնադրամի կառավարիչ, որն ստեղծվել է Միջազգային զարգացման ընկերակցության որոշ անդամների կողմից տրամադրված ֆոնդերի շնորհիվ, Հայաստանի Հանրապետությանն է տրամադրում զարգացման վարկ, որը կազմում է 11,600,000 փոխառության հատուկ իրավունքներին համարժեք գումար՝ տարբեր տարադրամներով (16,75 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք)։

Վարկային միջոցները Հայաստանի Հանրապետությանը կտրամադրվեն ֆինանսական ներդրումների եւ տեխնիկական օգնության նպատակով։

Վարկի տրամադրման վերջնական ժամկետը 2002 թվականի հուլիսի 1-ն է։ Վարկը տրամադրվել է 35 տարի մարման ժամկետով՝ տարեկան 0,75 տոկոս սպասարկման վճարով եւ չվճարված վարկի հաշվեկշիռներից 0,05 ????? պարտավճարով։ Հայաստանի Հանրապետությունը վարկի հիմնագումարն ամեն հունվարի 15-ին եւ հուլիսի 15-ին կատարվելիք կիսամյակային մուծումներով պետք է ետ վճարի 2007 թվականի հունվարի 15-ից սկսած մինչեւ 2031 թվականի հուլիսի 15-ը։ Մինչեւ 2016 թվականի հուլիսի 15-ը կատարված եւ այդ օրը կատարվելիք մուծումները պետք է կազմեն հիմնագումարի 1 եւ 1,25 տոկոսը, իսկ դրանից հետո կատարված յուրաքանչյուր մուծում պետք է կազմի հիմնագումարի 2,5 տոկոսը։

Վարկային համաձայնագրի անբաժանելի մասն են կազմում դրան կից 8 հավելվածները, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների զարգացման ծրագիրը։

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. 1997 թվականի հունվարի 13-ին Վաշինգտոնում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության եւ Միջազգային զարգացման ընկերակցության միջեւ ժամանակավոր հիմնադրամ զարգացման վարկի /ձեռնարկությունների զարգացման ծրագիր/ մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ

Վ. ՍՏԵՓԱՆՅԱՆ

13 մարտի 1997 թվականի
ՍԴՈ - 44

print page Տպել էջը