1980 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 21-ԻՆ ՄԱԴՐԻԴՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԿԱՄ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆԴՐՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՇՐՋԱՆԱԿԱՅԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երեւան 20 օգոստոսի 2003թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ հետևյալ կազմով. նախագահող՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի (զեկուցող), Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Մ. Սեւյանի,
մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի տեղակալ Վ. Տերտերյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 21 հոդվածի, 25 հոդվածի 1 կետի, 56 հոդվածի,
դռնբաց նիստում քննեց «1980 թվականի մայիսի 21-ին Մադրիդում ստորագրված՝ Տարածքային համայնքների կամ իշխանությունների անդրսահմանային համագործակցության մասին եվրոպական շրջանակային կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։
Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան։
Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով կոնվենցիան եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Տարածքային համայնքների կամ իշխանությունների անդրսահմանային համագործակցության մասին եվրոպական շրջանակային կոնվենցիան Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների միջև ստորագրվել է 1980թ. մայիսի 21-ին՝ Մադրիդում, ուժի մեջ է մտել 1981թ. դեկտեմբերի 22-ին։ Հայաստանի Հանրապետության կողմից կոնվենցիան ստորագրվել է 2002թ. ապրիլի 3-ին։
2. Քննության առարկա շրջանակային կոնվենցիան նպատակաուղղված է Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների միջև համագործակցության խրախուսմանը, սահմանամերձ տարածքային համայնքների կամ իշխանությունների համագործակցության միջոցով սահմանամերձ շրջանների տնտեսական և սոցիալական առաջընթացին։
Համաձայն կոնվենցիայի՝ տարածքային համայնքների և իշխանությունների միջև համագործակցության հիմնական ուղղություններն են՝ տարածաշրջանային, քաղաքային, գյուղական ենթակառուցվածքների և հանրային ծառայությունների զարգացումը, շրջակա միջավայրի պահպանությունն ու բարելավումը, փոխօգնությունն արտակարգ իրավիճակներում։
3. Պայմանավորվող կողմերը պարտավորվում են ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ, այդ թվում կնքել անհրաժեշտ համաձայնագրեր՝ տարածքային համայնքների կամ իշխանությունների համագործակցությունը խրախուսելու և այդ համագործակցությունը խոչընդոտող ցանկացած դժվարություն վերացնելու համար։
Պայմանավորվող կողմերը միմյանց ապահովում են կոնվենցիայից բխող պարտավորությունների կատարման համար անհրաժեշտ տեղեկատվությամբ, ինչպես նաև պարտավորվում են իրենց տարածքային համայնքներին և իշխանություններին իրազեկել սույն շրջանակային կոնվենցիայով ընձեռված գործունեության հնարավորությունների մասին։
4. Պայմանավորվող կողմերին կոնվենցիայով իրավունք է վերապահվում առանձին համաձայնագրերի կնքման միջոցով ամրագրել տարածքային համայնքների և իշխանությունների անդրսահմանային համագործակցության շրջանակը, ձևերն ու սահմանները։ Պայմանավորվող կողմերն ազատ են նաև որոշելու այն տարածքային համայնքները, իշխանությունները, մարմինները կամ սուբյեկտները, որոնց վրա տարածվում է սույն կոնվենցիայի գործողությունը։
5. Պայմանավորվող կողմերի տարածքային համայնքները և իշխանություններն անդրսահմանային համագործակցությունն իրականացնում են իրենց ներպետական օրենսդրությամբ սահմանված լիազորությունների շրջանակներում և հաշվի առնելով այդ օրենսդրությամբ սահմանված՝ միջազգային հարաբերությունների բնագավառում իրենց իրավազորությունը։
6. Կոնվենցիայի առանձին դրույթներ /2-րդ հոդվածի 1-ին կետ, 3-րդ հոդվածի 4-րդ կետ/, որոնց համաձայն տարածքային համայնքները և իշխանություններն անդրսահմանային համագործակցությունն իրականացնում են ներպետական օրենսդրությամբ սահմանված իրենց լիազորությունների շրջանակներում, երաշխավորում են համագործակցության գործընթացում մարզպետների և համայնքների գործունեության կազմակերպումը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 5 հոդվածի պահանջներին համապատասխան։
Կոնվենցիան համահունչ է ՀՀ Սահմանադրության 9 հոդվածով նախատեսված՝ ՀՀ արտաքին քաղաքականության սկզբունքներին, ինչպես նաև 110 հոդվածի պահանջներին։
Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 1980 թվականի մայիսի 21-ին Մադրիդում ստորագրված՝ Տարածքային համայնքների կամ իշխանությունների անդրսահմանային համագործակցության մասին եվրոպական շրջանակային կոնվենցիայում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
ՆԱԽԱԳԱՀՈՂ Վ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
20
օգոստոսի 2003
թվականի
ՍԴՈ - 440