ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-ԻՆ ՍՏՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԿԱՄ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆԴՐՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՇՐՋԱՆԱԿԱՅԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻՆ ԿԻՑ «ՄԻՋՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 2 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան 20 օգոստոսի 2003թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի անդամներ Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Մ. Սևյանի,

մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի տեղակալ Վ. Տերտերյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 21 հոդվածի, 25 հոդվածի 1 կետի, 56 և 67 հոդվածների,

դռնբաց նիստում քննեց «1998 թվականի մայիսի 5-ին Ստրասբուրգում ստորագրված՝ Տարածքային համայնքների կամ իշխանությունների անդրսահմանային համագործակցության մասին եվրոպական շրջանակային կոնվենցիային կից «Միջտարածքային համագործակցության մասին» թիվ 2 արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան։

Լսելով սույն գործով զեկուցող Վ. Պողոսյանի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Վ. Տերտերյանի բացատրությունները, հետազոտելով արձանագրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. Սույն արձանագրությունն ստորագրվել է 1998թ. մայիսի 5-ին՝ Ստրասբուրգում, և ուժի մեջ է մտել 2001 թ. փետրվարի 1-ին: Հայաստանի Հանրապետությունն արձանագրությունն ստորագրել է 2002թ. ապրիլի 3-ին։

Թիվ 2 արձանագրության նպատակը Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների միջև միջտարածքային համագործակցության խրախուսումն է։

2. Թիվ 2 արձանագրությունը նախատեսում է, որ Եվրոպայի խորհրդի անդամ պետությունը սույն արձանագրությունը չի կարող ստորագրել առանց վավերացման, հաստատման կամ վավերագիրն ավանդապահին ի պահ հանձնելու պայմանի, եթե մինչ այդ կամ միաժամանակ ավանդապահին չի հանձնել նաև շրջանակային կոնվենցիայի վավերագիրը։

3. Թիվ 2 արձանագրությամբ Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է մի շարք պարտավորություններ, մասնավորապես.

- ճանաչել և հարգել Շրջանակային կոնվենցիայի 1-ին և 2-րդ հոդվածներում նշված և ՀՀ իրավազորության ներքո գտնվող տարածքային համայնքների կամ իշխանությունների իրավունքը՝ իրենց իրավասություններին համապատասխան քննարկումներին մասնակցելու և կազմելու միջտարածքային համագործակցության համաձայնագրեր,

- միջտարածքային համագործակցության նկատմամբ կիրառել շրջանակային կոնվենցիայի դրույթները «mutatis mutandis»,

- չկատարել ոչ մի վերապահում թիվ 2 արձանագրության դրույթների վերաբերյալ,

- հայտարարել շրջանակային կոնվենցիայի լրացուցիչ արձանագրության 4-րդ և (կամ) 5-րդ հոդվածների կիրառման մասին՝ թիվ 2 արձանագրության ստորագրման, հաստատման մասին փաստաթուղթն ավանդապահին հանձնելու ժամանակ։

4. Թիվ 2 արձանագրության դրույթները համահունչ են ՀՀ Սահմանադրությանը (հոդվածներ 4, 8, 9, 110 և այլն) և կոչված են Կողմերի միջև հաստատելու բարիդրացիական, փոխշահավետ հարաբերություններ, ստեղծել բարենպաստ պայմաններ տնտեսական գործունեության ազատության համար, ապահովել մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանությունը և այլն։

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. 1998 թվականի մայիսի 5-ին Ստրասբուրգում ստորագրված՝ Տարածքային համայնքների կամ իշխանությունների անդրսահմանային համագործակցության մասին եվրոպական շրջանակային կոնվենցիային կից «Միջտարածքային համագործակցության մասին» թիվ 2 արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

ՆԱԽԱԳԱՀՈՂ Վ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

20 օգոստոսի 2003 թվականի
ՍԴՈ - 442

print page Տպել էջը