ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

1961 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ (ՎԵՐԱՆԱՅՎԱԾ ԺՆԵՎՈՒՄ 1972 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 10-ԻՆ, 1978 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23-ԻՆ ԵՎ 1991 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-ԻՆ) ԲՈՒՅՍԵՐԻ ՆՈՐ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան 29 օգոստոսի 2003թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ հետևյալ կազմով. նախագահող՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի (զեկուցող), Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,

մասնակցությամբ՝ ՀՀ Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Դ. Լոքյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի, 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «1961 թվականի դեկտեմբերի 2-ին ստորագրված (վերանայված Ժնևում 1972 թվականի նոյեմբերի 10-ին, 1978 թվականի հոկտեմբերի 23-ին և 1991 թվականի մարտի 19-ին) Բույսերի նոր տեսակների պաշտպանության միջազգային կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան։

Լսելով գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով կոնվենցիան և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. Բույսերի նոր տեսակների պաշտպանության միջազգային կոնվենցիան ստորագրվել է 1961թ. դեկտեմբերի 2-ին, վերանայվել է 1972թ. նոյեմբերի 10-ին, 1978թ. հոկտեմբերի 23-ին և 1991թ. մարտի 19-ին։

Կոնվենցիայի նպատակն է ստեղծել իրավական երաշխիքներ պայմանավորվող պետություններում սելեկցիոներների իրավունքների արդյունավետ պաշտպանության համար։

2. Կոնվենցիայի մասնակից պետություններն ստանձնում են սելեկցիոներների իրավունքների տրման և դրանց պաշտպանության ապահովման պարտավորություն։

Կոնվենցիայի 4-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված պայմանով՝ յուրաքանչյուր պայմանավորվող պետություն պարտավորվում է սելեկցիոներներին տրամադրել ազգային ռեժիմ։

Կոնվենցիան նախատեսում է նաև պայմանավորվող պետությունների այնպիսի պարտավորություններ, որոնք կոչված են ապահովելու կոնվենցիայի կատարումը դրա մասնակից պետությունների կողմից։ Մասնավորապես, պայմանավորվող պետությունները, կոնվենցիայի կատարումն ապահովելու նպատակով, պետք է ընդունեն սելեկցիոների իրավունքների արդյունավետ իրականացումն ապահովող իրավական պաշտպանության միջոցներ, ապահովեն այն իրավասու մարմնի գործունեությունը, որին վերապահված է սելեկցիոների իրավունք տալու լիազորությունը, ինչպես նաև պետք է հանրությանն իրազեկեն սելեկցիոների իրավունք ստանալու համար ներկայացված հայտերի, տրված իրավունքների, սորտերի առաջարկված և հաստատված անվանումների վերաբերյալ։

3. Կոնվենցիան սահմանում է սելեկցիոների իրավունքի տրման պայմանները, որոնք սպառիչ են և չեն կարող լրացվել այլ պայմաններով, ինչպես նաև այդ պայմաններից յուրաքանչյուրին վերագրվող չափանիշները։

Կոնվենցիայով կանոնակարգված են սելեկցիոների իրավունքի տրման ընթացակարգը, այսինքն՝ պայմանավորվող պետության իրավասու մարմնին հայտ ներկայացնելու, հայտի ուսումնասիրման կարգը, ինչպես նաև սորտի անվանման գրանցման կարգը։

Կոնվենցիայում ճշգրտված է սելեկցիոների իրավունքի ծավալը, սահմանված են սելեկցիոների իրավունքն անվավեր ճանաչելու և չեղյալ հայտարարելու սպառիչ հիմքերը։

Կոնվենցիան նախատեսում է նաև սելեկցիոների իրավունքի սահմանափակման հնարավորություն՝ պայմանավորված հանրային շահով։ Հանրային շահից բացի այլ պատճառներով սելեկցիոների իրավունքի սահմանափակումը թույլատրվում է միայն կոնվենցիայով նախատեսված հատուկ դեպքերում։

4. Կոնվենցիայի յուրաքանչյուր մասնակից Բույսերի նոր տեսակների պաշտպանության միության անդամ է։ Միության մարմիններն են Միության անդամների ներկայացուցիչներից կազմված Խորհուրդը և Բյուրոն։

5. Բույսերի նոր տեսակների պաշտպանության միջազգային կոնվենցիան երաշխիք է ստեղծում ՀՀ Սահմանադրության 10 հոդվածում ամրագրված դրույթի իրացման համար։

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. 1961 թվականի դեկտեմբերի 2-ին ստորագրված (վերանայված Ժնևում 1972թ. նոյեմբերի 10-ին, 1978թ. հոկտեմբերի 23-ին և 1991թ. մարտի 19-ին) Բույսերի նոր տեսակների պաշտպանության միջազգային կոնվենցիայում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

ՆԱԽԱԳԱՀՈՂ Վ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

29 օգոստոսի 2003 թվականի
ՍԴՈ - 444

print page Տպել էջը