ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

1975 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15-ԻՆ ՍՏՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՆՁՆՄԱՆ ՄԱՍԻՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան 5 սեպտեմբերի 2003թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի անդամներ Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,

մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Դ. Հարությունյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «1975 թվականի հոկտեմբերի 15-ին Ստրասբուրգում ստորագրված՝ Հանձնման մասին եվրոպական կոնվենցիայի լրացուցիչ արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի ՀՆ-923 թվակիր դիմումը սահմանադրական դատարան (մուտքագրված՝ 12.08.2003 թ.)։

Լսելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Ռ. Պապայանի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Դ. Հարությունյանի բացատրությունը, հետազոտելով Արձանագրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. Արձանագրությունն ստորագրվել է 1975 թվականի հոկտեմբերի 15-ին՝ Ստրասբուրգում։ Հայաստանի Հանրապետության կողմից այն ստորագրվել է 2001 թվականի նոյեմբերի 8-ին։

2. Արձանագրությամբ լրացումներ են կատարվում 1957 թ. Փարիզում ստորագրման համար բացված՝ Հանձնման մասին եվրոպական կոնվենցիայում, որը Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է 2001թ. նոյեմբերի 21-ին: Լրացումները, մասնավորապես, վերաբերում են այդ կոնվենցիայի 3-րդ և 9-րդ հոդվածներին:

3. Ստորագրելով Արձանագրությունը, Հայկական կողմը պարտավորվում է Հանձնման մասին 1957թ. եվրոպական կոնվենցիայի շրջանակում քաղաքական չհամարել այն հանցագործությունները, որոնք նախատեսված են. Ցեղասպանության ոճրագործության կանխման և դրա համար պատժի մասին ՄԱԿ-ի կոնվենցիայում (1948), Գործող բանակներում վիրավորների և հիվանդների վիճակի բարելավման մասին 1949թ. Ժնևի կոնվենցիայի 50-րդ հոդվածում, Ծովում զինված ուժերի վիրավորների, հիվանդների և նավաբեկյալների վիճակի բարելավման մասին 1949թ. Ժնևի կոնվենցիայի 51-րդ հոդվածում, Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին 1949թ. Ժնևի կոնվենցիայի 130-րդ հոդվածում և Պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին 1949թ. Ժնևի կոնվենցիայի 147-րդ հոդվածում: Բացի դրանից, Հայկական կողմը պարտավորվում է քաղաքական հանցագործություն չհամարել Ժնևի վերոհիշյալ կոնվենցիաների դրույթներով չնախատեսված, բայց պատերազմ վարելու ներկայումս գոյություն ունեցող քաղաքակիրթ ավանդույթների խախտումները: Հետևաբար, Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է նշված գործողությունները կատարողներին հանձնման ենթակա:

4. Հայաստանը պարտավորվում է չիրականացնել անձի հանձնումը, եթե Պայմանավորվող կողմ հանդիսացող մի երրորդ պետությունում կայացված դատավճռով նա արդարացվել է կամ մեղավոր է ճանաչվել առանց պատիժ նշանակելու, կամ պատիժը մասամբ կամ ամբողջությամբ ի կատար է ածվել: Այս դեպքերում հանձնումը կարող է իրականացվել, եթե դատավճիռը վերաբերում է այն հանցագործությանը, որը կատարվել է հայցող պետության տարածքում, կամ այնտեղ գտնվող օբյեկտի կամ հանրային կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ:

5. Վերոնշյալ 3-րդ կետում բերված պարտավորությունները, ըստ էության, նոր չեն, քանի որ Հայաստանը վավերացրել է թվարկված բոլոր միջազգային պայմանագրերը: Բացի դրանից, Ժնևի կոնվենցիաների հիշատակված բոլոր հոդվածներում նշված է խոշտանգումների, անմարդկային վերաբերմունքի, մարդուն կենսաբանական փորձերի ենթարկելու արգելքը, որը նախատեսված է նաև Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 19 հոդվածով, իսկ ըստ 45 հոդվածի՝ այդ արգելքը բացարձակ է և չի կարող վերացվել անգամ ռազմական դրության ժամանակ:

6. 4-րդ կետում նշված պարտավորություններում փաստորեն արտացոլված է իրավաբանական հանրաճանաչ սկզբունք, ըստ որի՝ նույն արարքի համար անձը չի կարող ենթարկվել կրկնակի պատժի: Այս նորմն ամրագրված է Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրում (հոդված 14, կետ 7), որին Հայաստանի Հանրապետությունը միացել է 1991 թ.:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. 1975 թվականի հոկտեմբերի 15-ին Ստրասբուրգում ստորագրված՝ Հանձնման մասին եվրոպական կոնվենցիայի լրացուցիչ արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

ՆԱԽԱԳԱՀՈՂ Վ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

5 սեպտեմբերի 2003 թվականի
ՍԴՈ - 445

print page Տպել էջը