ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

1978 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 17-ԻՆ ՍՏՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՆՁՆՄԱՆ ՄԱՍԻՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԵՐԿՐՈՐԴ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան 5 սեպտեմբերի 2003թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի անդամներ Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,

մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Դ. Հարությունյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 21 հոդվածի, 25 հոդվածի 1 կետի, 56 և 67 հոդվածների,

դռնբաց նիստում քննեց «1978 թվականի մարտի 17-ին Ստրասբուրգում ստորագրված՝ Հանձնման մասին եվրոպական կոնվենցիայի

երկրորդ լրացուցիչ արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան։

Լսելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Վ. Պողոսյանի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Դ. Հարությունյանի բացատրությունները, հետազոտելով Երկրորդ լրացուցիչ արձանագրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. Երկրորդ լրացուցիչ արձանագրությունն ստորագրվել է 1978թ. մարտի 17-ին՝ Ստրասբուրգում, և ուժի մեջ է մտել 1983թ. հունիսի 5-ին: Հայաստանի Հանրապետությունը նշված Արձանագրությունն ստորագրել է 2001թ. նոյեմբերի 8-ին։

Երկրորդ լրացուցիչ արձանագրության նպատակն է ֆինանսական հանցագործությունների ոլորտում պարզեցնել Հանձնման մասին եվրոպական կոնվենցիայի կիրառումը, ինչպես նաև բուն կոնվենցիայում լրացումներ կատարելը։ Նշված կոնվենցիային Հայաստանի Հանրապետությունը միացել է 2001 թ. նոյեմբերի 21-ին։

2. Երկրորդ լրացուցիչ արձանագրությամբ մասնավորապես սահմանվում է.

ա) կոնվենցիայի 2-րդ հոդվածի 2-րդ կետը լրացվում է «Սույն իրավունքը կիրառվում է նաև այն հանցագործությունների նկատմամբ, որոնց համար նշանակվում են դրամական բնույթի պատիժներ» դրույթով,

բ) կոնվենցիայի 5-րդ հոդվածը փոխարինվում է ֆինանսական հանցագործությունների վերաբերյալ հստակեցված դրույթներով:

3. Հիշյալ Արձանագրությամբ սահմանվում է նաև, որ ցանկացած պետություն ստորագրելու, միանալու մասին փաստաթուղթը կամ վավերագիրն ի պահ տալիս կարող է հայտարարել, որ իրեն իրավունք է վերապահում չընդունել արձանագրությամբ նշված մի շարք պահանջներ։

4. Երկրորդ լրացուցիչ արձանագրությամբ Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է մի շարք պարտավորություններ, մասնավորապես.

- հարկերի, մաքսատուրքերի և դրանց առնչվող հանցագործությունների դեպքում հանձնումն իրականացնել ՀՀ օրենսդրությանը համապատասխան նույնաբնույթ հանցագործությունների պարագայում,

- չմերժել հանձնումը, եթե անգամ ՀՀ օրենսդրությամբ սահմանված չեն նույնաբնույթ հարկեր կամ տուրքեր, կամ նախատեսված չէ հարկի, տուրքի, մաքսատուրքի և փոխանակման նույնաբնույթ կարգավորում,

-չկատարել հանձնումն այն հանցագործության համար, որի վերաբերյալ Հայաստանի Հանրապետությունում հայտարարվել է համաներում,

- անձի բացակայությամբ կայացված դատավճիռն ի կատար ածելու համար պահանջվող անձին հանձնել այն ժամանակ, եթե Հայցողը բավարար հիմքեր է ներկայացնում՝ պաշտպանական նվազագույն իրավունքներն ապահովելու վերաբերյալ, կամ

- երաշխավորվում է պահանջվող անձի գործով կրկնակի դատավարության անցկացումը։

5. Երկրորդ լրացուցիչ արձանագրությամբ Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները բխում են ՀՀ միջազգային իրավական մյուս պարտավորություններից և ՀՀ Սահմանադրությանը համապատասխան (հոդվածներ 4, 9, 38 և այլն) կոչված են Կողմերի միջև հաստատելու բարիդրացիական, փոխշահավետ հարաբերություններ, ապահովել մարդու իրավունքների և ազատությունների դատական պաշտպանությունը և այլն։

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. 1978 թվականի մարտի 17-ին Ստրասբուրգում ստորագրված՝ Հանձնման մասին եվրոպական կոնվենցիայի երկրորդ լրացուցիչ արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

ՆԱԽԱԳԱՀՈՂ Վ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

5 սեպտեմբերի 2003 թվականի
ՍԴՈ - 446

print page Տպել էջը