ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐԳԵՆՏԻՆԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱՌԵՎՏՐԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 3-ԻՆ ԲՈՒԵՆՈՍ ԱՅՐԵՍՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան 30 սեպտեմբերի 2003թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ հետևյալ կազմով. նախագահող՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի (զեկուցող), Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի,

մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարար Կ. Ճշմարիտյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի, 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Արգենտինայի Հանրապետության կառավարության միջև առևտրատնտեսական համագործակցության մասին 1994 թվականի մայիսի 3-ին Բուենոս Այրեսում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան։

Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ .

1. Հայաստանի Հանրապետության կառավարության և Արգենտինայի Հանրապետության կառավարության միջև առևտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագիրն ստորագրվել է 1994թ. մայիսի 3-ին Բուենոս Այրեսում՝ երկու երկրների միջև բարեկամության և համագործակցության կապերն ընդլայնելու, երկկողմ տնտեսական հարաբերությունները զարգացնելու նպատակով։

2. Համաձայնագիրը սահմանում է առևտրատնտեսական համագործակցության հիմնական ուղղությունները՝ դրանք չսահմանափակելով միայն համաձայնագրով նախատեսվածներով։

Կողմերը ներմուծումների և արտահանումների հետ կապված մաքսային և այլ տուրքերի, ինչպես նաև երկու երկրների միջև ապրանքների փոխադրման վերաբերյալ նորմերի և ձևակերպումների կապակցությամբ միմյանց տրամադրում են առավելագույն բարենպաստման ռեժիմ։

Համաձայնագրի Կողմերը կաջակցեն և կնպաստեն հանրային և մասնավոր ոլորտների տնտեսավարող սուբյեկտների միջև անմիջական համագործակցությանը։

Համաձայնագրով ստեղծվում է հայ-արգենտինյան հանձնաժողով՝ համաձայնագրի կատարումը վերահսկելու նպատակով։

3. Համաձայնագրի գործողության ժամկետը 5 տարի է՝ այս ժամկետն ինքնաբերաբար մեկ տարով երկարացնելու հնարավորությամբ։

4. Սահմանելով երկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության հիմնական սկզբունքները, այն է՝ հավասարություն և փոխշահավետություն, համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համահունչ են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 9 հոդվածով սահմանված՝ արտաքին քաղաքականության սկզբունքներին։

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ .

1. Հայաստանի Հանրապետության կառավարության և Արգենտինայի Հանրապետության կառավարության միջև առևտրատնտեսական համագործակցության մասին 1994թ. մայիսի 3-ին Բուենոս Այրեսում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

ՆԱԽԱԳԱՀՈՂ Վ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

30 սեպտեմբերի 2003 թվականի
ՍԴՈ - 448

print page Տպել էջը