ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

1992 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-25-Ը ԿՈՊԵՆՀԱԳԵՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԸ ՔԱՅՔԱՅՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ՄԱՍԻՆ ՄՈՆՐԵԱԼԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՈՒՂՂՄԱՆ ՄԵՋ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան 30 սեպտեմբերի 2003թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ հետևյալ կազմով. նախագահող՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի (զեկուցող), Վ. Սահակյանի,

մասնակցությամբ՝ հրավիրված՝ Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Ս. Պապյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 21/1/ հոդվածի, 25 հոդվածի 1 կետի, 56 և 67 հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «1992 թվականի նոյեմբերի 23-25-ը Կոպենհագենում ստորագրված՝ Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին Մոնրեալի արձանագրության ուղղման մեջ ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի դիմումն է ՀՀ սահմանադրական դատարան։

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով ուղղումը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին Մոնրեալի արձանագրության ուղղումն ստորագրվել է 1992թ. նոյեմբերի 23-25-ը Կոպենհագենում՝ Մոնրեալի արձանագրությունում փոփոխություններ կատարելու նպատակով։ Օզոնային շերտի պահպանության մասին Վիեննայի կոնվենցիային և Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին Մոնրեալի արձանագրությանը Հայաստանի Հանրապետությունը միացել է 1999 թվականին։

2. Կոպենհագենյան ուղղումը, ի հավելումն Մոնրեալի արձանագրությամբ և Լոնդոնյան ուղղմամբ նախատեսված վերահսկվող նյութերի, նախատեսում է վերահսկվող նյութերի նոր խմբեր (հավելվածներ Գ և Ե)։

3. Կոպենհագենյան ուղղմամբ կողմերը պարտավորվում են, մասնավորապես.

- սահմանված ժամանակացույցին համապատասխան կրճատել ուղղմամբ նախատեսված վերահսկվող նյութերի սպառման և արտադրության ծավալը՝ աստիճանաբար վերացնելով դրանց սպառումն ու արտադրությունը,

- արձանագրության կողմ չհանդիսացող երկրների հետ առևտրային հարաբերություններում Մոնրեալի արձանագրությամբ սահմանված՝ ներմուծման և արտահանման արգելքները տարածել նաև ուղղմամբ նախատեսված վերահսկվող նյութերի նկատմամբ,

- Քարտուղարությանը ներկայացնել հաշվետվություն վերահսկվող նյութերի արտադրության, ներմուծման և արտահանման վիճակագրական տվյալների վերաբերյալ։

4. Մոնրեալի արձանագրության Կոպենհագենյան ուղղմամբ Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները բխում են ՀՀ միջազգային իրավական մյուս պարտավորություններից և ՀՀ Սահմանադրությանը համապատասխան (հոդվածներ 4, 10, 43 և այլն) կոչված են ըստ միջազգային իրավունքի սկզբունքների ու նորմերի ապահովել մարդկանց կոլեկտիվ իրավունքների պաշտպանությունը, շրջակա միջավայրի պահպանությունը և վերարտադրությունը, բնական պաշարների բանական օգտագործումը և այլն։

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. 1992 թվականի նոյեմբերի 23-25-ը Կոպենհագենում ստորագրված՝ Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին Մոնրեալի արձանագրության ուղղման մեջ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

ՆԱԽԱԳԱՀՈՂ Վ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

30 սեպտեմբերի 2003 թվականի
ՍԴՈ - 450

print page Տպել էջը