ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 22-ԻՆ ՍՏՈԿՀՈԼՄՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ԿԱՅՈՒՆ ՕՐԳԱՆԱԿԱՆ ԱՂՏՈՏԻՉՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան 30 սեպտեմբերի 2003թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ հետևյալ կազմով. նախագահող՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի (զեկուցող), Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի,

մասնակցությամբ՝ հրավիրված՝ Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Ս. Պապյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 21/1/ հոդվածի, 25 հոդվածի 1 կետի, 56 հոդվածի,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2001 թվականի մայիսի 22-ին Ստոկհոլմում ստորագրված՝ Կայուն օրգանական աղտոտիչների մասին կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան։

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով կոնվենցիան և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. Կայուն օրգանական աղտոտիչների մասին կոնվենցիան ստորագրվել է 2001թ. մայիսի 22-ին՝ Ստոկհոլմում։ Կոնվենցիան նպատակաուղղված է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ պաշտպանվող այնպիսի արժեքի պաշտպանությանը, ինչպիսին մարդու առողջությունն է։ Այդ արժեքի պաշտպանությունը կոնվենցիան իրականացնում է մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա կայուն օրգանական աղտոտիչների վտանգավոր ազդեցությունը կանխելուն ուղղված միջոցառումներ սահմանելու միջոցով։

2. Կողմերը պարտավորվում են արգելել կամ սահմանափակել կոնվենցիայով նախատեսված առանձին քիմիական նյութերի արտադրությունն ու օգտագործումը, դրանց ներմուծումն ու արտահանումը։ Այս պարտավորություններից շեղում թույլատրվում է միայն կոնվենցիայով սահմանված կոնկրետ բացառությունների դեպքում։

Կոնվենցիայով Կողմերն ստանձնում են նաև առանձին քիմիական նյութերի արտանետման կրճատմանը, քիմիական նյութեր պարունակող պաշարների և թափոնների կառավարմանն ուղղված այնպիսի միջոցառումներ ձեռնարկելու պարտավորություն, որոնք կապահովեն մարդու առողջության ու շրջակա միջավայրի պաշտպանությունը։ Կողմերը սույն պարտավորություններն իրականացնում են ըստ համապատասխան պլանի և կոնվենցիայի շրջանակներում ձեռնարկված միջոցառումների մասին տեղեկատվություն են տրամադրում Կողմերի Կոնֆերանսին։

Կոնվենցիան նախատեսում է նաև առանձին պարտավորություններ՝ կայուն օրգանական աղտոտիչների արտադրության ու օգտագործման, արտանետումների կրճատման վերաբերյալ տեղեկատվության փոխանակման, դրանց առնչվող հարցերի վերաբերյալ հասարակության իրազեկությունն ապահովելու կապակցությամբ։ Յուրաքանչյուր կողմ ստեղծում է ազգային համակարգող կենտրոն՝ տեղեկատվության փոխանակման նպատակների համար։

3. Կոնվենցիան, հաշվի առնելով զարգացող երկրների կարիքներն ու հնարավորությունները, տարբերակված մոտեցում է նախատեսում զարգացող և զարգացած երկրների համար։ Զարգացող երկրների կողմից կոնվենցիայով ստանձնված պարտավորությունների կատարումը պայմանավորվում է զարգացած երկրների կողմից տրամադրվող ֆինանսական և տեխնիկական աջակցությամբ։ Կոնվենցիայով ստեղծվում է ֆինանսական հստակ կանոնակարգված մեխանիզմ, որը նպատակաուղղված է զարգացող երկրների կողմից կոնվենցիայով ստանձնված պարտավորությունների կատարման համար անհրաժեշտ ներուժի ստեղծմանը։

Կոնվենցիան նախատեսում է նաև կոնվենցիայի արդյունավետությունը գնահատելու մեխանիզմ։

Կոնվենցիայի շրջանակներում կազմավորվում են կոնվենցիայի կատարումը վերահսկելու և գնահատելու իրավասությամբ օժտված համապատասխան մարմիններ, սահմանվում են դրանց լիազորությունները։

Կոնվենցիայի բաղկացուցիչ մասն են կազմում ընթացակարգային, գիտական, տեխնիկական և վարչական բնույթի հարցեր կանոնակարգող թվով վեց հավելվածներ։

Կոնվենցիային վերապահումներ կատարել չի թույլատրվում։

4. Կոնվենցիայի դրույթները համահունչ են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 9, 10 և 34 հոդվածների պահանջներին։

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. 2001 թվականի մայիսի 22-ին Ստոկհոլմում ստորագրված՝ Կայուն օրգանական աղտոտիչների մասին կոնվենցիայում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

ՆԱԽԱԳԱՀՈՂ Վ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

30 սեպտեմբերի 2003 թվականի
ՍԴՈ - 451

print page Տպել էջը