1977 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 27-ԻՆ ՍՏՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԱՐԳԵԼՄԱՆ ՄԱՍԻՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երեւան 11 նոյեմբերի 2003թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ հետևյալ կազմով. նախագահող՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի (զեկուցող), Մ. Սևյանի,
մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Դ. Հարությունյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 21 հոդվածի, 25 հոդվածի 1 կետի, 56 և 67 հոդվածների,
դռնբաց նիստում քննեց «1977 թվականի հունվարի 27-ին Ստրասբուրգում ստորագրված՝ Ահաբեկչության արգելման մասին եվրոպական կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։
Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի դիմումն է ՀՀ սահմանադրական դատարան։
Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով եվրոպական կոնվենցիան և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Կոնվենցիան ստորագրվել է 1977թ. հունվարի 27-ին՝ Ստրասբուրգում։ Հայաստանի Հանրապետությունն այն ստորագրել է 2001թ. նոյեմբերի 8-ին։ Կոնվենցիայի նպատակն է ահաբեկչության արգելմանն աջակցող պետությունների գործողությունների միասնականության ապահովումը, ինչպես նաև նման գործողություններ կատարած անձանց հետապնդման և դատապարտման արդյունավետ միջոցների կիրառումը։
2. Կոնվենցիան սահմանում է, որ ահաբեկչության դեմ պայքարում Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների միջև հանձնման և փոխադարձ իրավական օգնության վերաբերյալ նախկինում կնքված պայմանագրերը փոփոխվում և լրացվում են։
3. Կոնվենցիայով պետությանը տրված է առանձին դրույթների վերաբերյալ վերապահում կատարելու, հայտարարությամբ հանդես գալու, ինչպես նաև վեճերի արբիտրաժային լուծման հնարավորություն։
4. Կոնվենցիայով Կողմերը պարտավորվում են, մասնավորապես.
- 1-ին հոդվածով սահմանված հանցագործությունները հանձնման նպատակով չհամարել քաղաքական կամ դրան առնչվող հանցագործություններ,
- հանձնման պահանջը մերժելու դեպքում համապատասխան անձի նկատմամբ իրականացնել հետապնդում՝ ազգային օրենսդրությամբ սահմանված կարգով,
- 1-ին և 2-րդ հոդվածներով նախատեսված հանցագործությունների առնչությամբ միմյանց աջակցել իրավական օգնության ոլորտում,
- 5-րդ հոդվածով սահմանված հիմքով չկատարել հանձնման և իրավական օգնության վերաբերյալ խնդրանքները։
5. Կոնվենցիայով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները ՀՀ Սահմանադրության 4, 9, 15 հոդվածներին համապատասխան կոչված են ապահովելու մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանությունը, պետությունների հետ հաստատելու բարիդրացիական, փոխշահավետ հարաբերություններ։
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ .
1. 1977 թվականի հունվարի 27-ին Ստրասբուրգում ստորագրված՝ Ահաբեկչության արգելման մասին եվրոպական կոնվենցիայում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
ՆԱԽԱԳԱՀՈՂ Վ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
11 նոյեմբերի 2003 թվականի
ՍԴՈ - 452