1978 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 17-ԻՆ ՍՏՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ՓՈԽԱԴԱՐՁ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ (ԿԻՑ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ) ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երեւան 11 նոյեմբերի 2003թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ հետևյալ կազմով. նախագահող՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի (զեկուցող), Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Մ. Սևյանի,
մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Դ. Հարությունյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,
դռնբաց նիստում քննեց «1978 թվականի մարտի 17-ին Ստրասբուրգում ստորագրված՝ Քրեական գործերով փոխադարձ օգնության մասին եվրոպական կոնվենցիայի լրացուցիչ արձանագրության մեջ (կից հայտարարությամբ) ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։
Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան։
Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով արձանագրությունը (կից հայտարարությամբ) և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Քննության առարկա արձանագրությունն ստորագրվել է 1978թ. մարտի 17-ին, Ստրասբուրգում՝ նպատակ ունենալով դյուրացնել Քրեական գործերով փոխադարձ օգնության մասին 1959թ. ապրիլի 20-ին Ստրասբուրգում ստորագրված եվրոպական կոնվենցիայի կիրառումը ֆինանսական հանցագործությունների ոլորտում և լրացնել այդ կոնվենցիայի որոշ դրույթներ։ Կոնվենցիան ՀՀ ԱԺ-ի կողմից վավերացվել է 2001թ. նոյեմբերի 21-ին։
Հայաստանի Հանրապետության անունից արձանագրությունն ստորագրվել է 2002թ. նոյեմբերի 8-ին։
2. Արձանագրության համաձայն՝ Քրեական գործերով փոխադարձ օգնության մասին 1959թ. ապրիլի 20-ին Ստրասբուրգում ստորագրված եվրոպական կոնվենցիայի գործողությունը տարածվում է նաև ֆինանսական հանցագործությունների նկատմամբ, ինչի արդյունքում Պայմանավորվող կողմերը պարտավորվում են կոնվենցիայով նախատեսված պայմաններով միմյանց տրամադրել իրավական օգնություն նաև այդպիսի հանցագործությունների կապակցությամբ։
Արձանագրության 2-րդ հոդվածը, ընդլայնելով կոնվենցիայով տրամադրվող իրավական օգնության շրջանակը, ներառում է նաև իրավական օգնության տրամադրումը՝ կապված դատավճիռների կատարման հետ։
Արձանագրության Կողմերը պարտավորվում են ընդլայնել իրավական օգնության բնագավառում կոնվենցիայով նախատեսված տեղեկատվության շրջանակները, նախատեսելով նաև Կողմերի արդարադատության նախարարությունների միջև գերատեսչական համագործակցություն։
3. Հայաստանի Հանրապետությունը մտադիր է կից հայտարարությամբ արձանագրությունը վավերացնել վերապահումով, համաձայն որի՝
- չի կատարելու գույքի բռնագրավման վերաբերյալ հանձնարարությունները,
- չի ընդունում արձանագրության 2-րդ գլխի դրույթները։
Այս վերապահումներով արձանագրությունը վավերացվելու դեպքում Հայաստանի Հանրապետության համար չեն գործի արձանագրությամբ նախատեսված՝ գույքի բռնագրավման վերաբերյալ հանձնարարությունները կատարելու և դատավճիռների կատարման կապակցությամբ իրավական օգնություն տրամադրելու վերաբերյալ պարտավորությունները։
4. Քննության առարկա արձանագրության 5-րդ հոդվածի 1-ին կետը սույն արձանագրության վավերացման հնարավորությունը պայմանավորում է Քրեական գործերով փոխադարձ օգնության մասին 1959թ. ապրիլի 20-ին Ստրասբուրգում ստորագրված եվրոպական կոնվենցիայի նախօրոք կամ միաժամանակյա վավերացմամբ։ Ընդ որում, կոնվենցիայի չեղյալ հայտարարումը հանգեցնում է արձանագրության չեղյալ հայտարարմանը։
5. Արձանագրությամբ Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները բխում են միջազգային համագործակցության վերաբերյալ ՀՀ Սահմանադրության 9 հոդվածում ամրագրված սկզբունքներից։
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 1978 թվականի մարտի 17-ին Ստրասբուրգում ստորագրված՝ Քրեական գործերով փոխադարձ օգնության մասին եվրոպական կոնվենցիայի լրացուցիչ արձանագրության մեջ (կից հայտարարությամբ) ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
ՆԱԽԱԳԱՀՈՂ Վ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
11 նոյեմբերի 2003 թվականի
ՍԴՈ - 454