1946 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 13-ԻՆ ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երեւան 18 նոյեմբերի 2003թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ֆ. Թոխյանի (զեկուցող), Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Մ. Սևյանի,
մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Թ. Մարգարյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,
դռնբաց նիստում քննեց «1946 թվականի փետրվարի 13-ին Նյու Յորքում ստորագրված՝ Միավորված ազգերի կազմակերպության արտոնությունների և անձեռնմխելիությունների մասին կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։
Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան։
Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով կոնվենցիան և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Միավորված ազգերի կազմակերպության արտոնությունների և անձեռնմխելիությունների մասին կոնվենցիան ստորագրվել է 1946թ. փետրվարի 13-ին՝ Նյու Յորքում։ Կոնվենցիան, հիմնվելով ՄԱԿ-ի կանոնադրության 104 և 105 հոդվածների վրա, նպատակ ունի ՄԱԿ-ի անդամ պետությունների տարածքում այդ կազմակերպության և նրա պաշտոնյաների համար ապահովել այնպիսի արտոնություններ և անձեռնմխելիություն, որոնք թույլ կտան արդյունավետ իրականացնել իրենց գործառույթները։
2. Կոնվենցիայով ՄԱԿ-ին վերապահվում է իրավաբանական անձի կարգավիճակ։ Իր այդ կարգավիճակում այս կազմակերպությունը կարող է կնքել պայմանագրեր, ձեռք բերել և տնօրինել գույք, հանդես գալ դատարանում։
Կոնվենցիան անձեռնմխելիություն է տրամադրում ՄԱԿ-ի շինություններին, ակտիվներին, գույքին և արխիվներին, քանի դեռ ՄԱԿ-ը կամավոր չի հրաժարվում այդ անձեռնմխելիությունից։
3. Կոնվենցիայի մասնակից պետություններն ստանձնում են ֆինանսական պարտավորություններ՝ կապված ՄԱԿ-ը, նրա արխիվները, եկամուտներն ու գույքը՝ ուղղակի հարկերից, կազմակերպության հրատարակումները, ինչպես նաև ծառայողական օգտագործման համար ներմուծվող և արտահանվող ապրանքները մաքսատուրքերից ազատելու հետ։ Պայմանավորվող կողմերը պարտավորվում են նաև հարկումից ազատել ՄԱԿ-ի պաշտոնյաների աշխատավարձերը, կոնվենցիայով նախատեսված դեպքերում մաքսատուրքերից ազատել նրանց կողմից ներմուծվող ապրանքները։
4. Կոնվենցիային համապատասխան՝ ՄԱԿ-ի անդամ պետությունների տարածքում անձեռնմխելիությունից և արտոնություններից օգտվում են.
- ՄԱԿ-ի անդամ պետությունների ներկայացուցիչները՝ ՄԱԿ-ի գլխավոր և օժանդակ մարմիններում և նրանց կողմից հրավիրված խորհրդաժողովներում,
- ՄԱԿ-ի պաշտոնյաները՝ Գլխավոր քարտուղարի կողմից սահմանված ցանկին համապատասխան,
- ՄԱԿ-ի կողմից գործուղված փորձագետները։
5. Կոնվենցիայով արտոնությունները և անձեռնմխելիությունները Միավորված ազգերի կազմակերպության անդամ պետությունների ներկայացուցիչներին տրամադրվում են ոչ թե անձնական շահերի, այլ ՄԱԿ-ի հետ կապված իրենց գործառույթների անկախ իրականացման համար։ Ուստի, ըստ կոնվենցիայի, անդամ պետությունը ոչ միայն իրավունք ունի, այլև պարտավոր է զրկել իր ներկայացուցչին անձեռնմխելիությունից, երբ, անդամ պետության կարծիքով, անձեռնմխելիությունը խոչընդոտում է արդարադատության իրականացմանը և դրանից զրկելը կարող է տեղի ունենալ առանց վնասելու այն նպատակին, որի համար տրվել է անձեռնմխելիությունը։
6. Կոնվենցիայի համաձայն ՄԱԿ-ի անդամ պետությունների ներկայացուցիչներին տրամադրվող արտոնությունները և անձեռնմխելիությունները չեն կիրառվում ներկայացուցչի և այն պետության իշխանությունների միջև հարաբերություններում, որի քաղաքացին է նա հանդիսանում, կամ որի ներկայացուցիչն է հանդիսանում, կամ հանդիսացել է։
7. Մասնակից պետությունները պարտավորվում են ճանաչել նաև ՄԱԿ-ի կողմից իր պաշտոնյաներին տրվող անցագրերը և նրանց մուտքի արտոնագրեր տրամադրել արագացված կարգով։
8. Սույն կոնվենցիայի 18-րդ բաժնի գ) կետի դրույթների նկատմամբ Հայաստանի Հանրապետւթյունը հանդես է եկել վերապահմամբ, ըստ որի՝ այդ դրույթները չեն տարածվում ՀՀ քաղաքացիների վրա։
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 1946թ. փետրվարի 13-ին Նյու Յորքում ստորագրված՝ Միավորված ազգերի կազմակերպության արտոնությունների և անձեռնմխելիությունների մասին կոնվենցիայում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
ՆԱԽԱԳԱՀՈՂ Վ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
18 նոյեմբերի 2003 թվականի
ՍԴՈ - 456