ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

2003 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 4-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՄԻՋԵՎ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան 18 նոյեմբերի 2003թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի (զեկուցող), Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Մ. Սևյանի,

մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Թ. Մարգարյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «2003 թվականի ապրիլի 4-ին Երևանում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և Ժողովրդավարության և ընտրությունների աջակցության միջազգային ինստիտուտի միջև Երևանում Ժողովրդավարության և ընտրությունների աջակցության միջազգային ինստիտուտի ծրագրի իրականացման գրասենյակի կարգավիճակի մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան։

Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. Քննության առարկա համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության կողմից ստորագրվել է 2003թ. ապրիլի 4-ին՝ Ժողովրդավարության և ընտրությունների աջակցության միջազգային ինստիտուտին (այսուհետև՝ ԺԸԱՄԻ), նրա Ծրագրի իրականացման երևանյան գրասենյակին (այսուհետև՝ Գրասենյակ) և նրա անձնակազմին իրենց պաշտոնական գործառույթների իրականացման ընթացքում արտոնություններ և անձեռնմխելիություն սահմանելու նպատակով:

2. Ըստ համաձայնագրի նախաբանի երկրորդ պարբերության՝ ԺԸԱՄԻ-ն հիմադրվել է 1995 թվականի փետրվարի 27-ին Ստոկհոլմում ստորագրված՝ Ժողովրդավարության և ընտրությունների աջակցության միջազգային ինստիտուտի հիմնադրման մասին համաձայնագրով, որը մասնավորապես նպատակ ունի աշխարհում խրախուսել և զարգացնել ժողովրդավարությունը, բարելավել ընտրական ընթացակարգերը և օժանդակել ընտրական գործընթացների արդյունավետությանը։ Գրասենյակը ղեկավարում է ԺԸԱՄԻ-ի կողմից հաստատված՝ Հարավային Կովկասի ծրագիրը։

3. Ըստ համաձայնագրի՝ Գրասենյակն ունի իրավաբանական անձի կարգավիճակ։ Որպես իրավաբանական անձ՝ Գրասենյակն իրավասու է կնքել պայմանագրեր, ձեռք բերել և օտարել գույք, հանդես գալ դատարանում։

4. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը ԺԸԱՄԻ-ին, Գրասենյակին, նրա սեփականությանն ու ակտիվներին տրամադրում է անձեռնմխելիություն դատական հետապնդումից, միաժամանակ սահմանվում է ԺԸԱՄԻ-ի Գլխավոր քարտուղարի կողմից այդ անձեռնմխելիությունից հրաժարվելու հնարավորություն:

Համաձայնագրով Գրասենյակի շենքերն ու շինությունները, սեփականությունն ու ակտիվներն անձեռնմխելի են, դրանք չեն կարող խուզարկվել, բռնագրավվել, ենթարկվել հարկադիր օտարման։

Քննության առարկա համաձայնագրով արտոնություններ ու անձեռնմխելիություն է տրամադրվում ԺԸԱՄԻ-ի պաշտոնյաներին և փորձագետներին, ինչպես նաև ԺԸԱՄԻ-ի անդամ պետությունների և կազմակերպությունների ներկայացուցիչներին։

Հաշվի առնելով, որ արտոնություններն ու անձեռնմխելիությունը նշված անձանց տրամադրվում են իրենց գործառույթների անկախ և արդյունավետ իրականացումը երաշխավորելու նպատակով և ոչ թե անձնական շահի համար, համաձայնագիրը նախատեսում է նաև նրանց այդ արտոնություններից և անձեռնմխելիությունից զրկելու հնարավորություն։

5. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է ֆինանսական պարտավորություններ՝ ԺԸԱՄԻ-ն, Գրասենյակը, նրա սեփականությունն ու ակտիվները, ԺԸԱՄԻ-ի գործունեության կապակցությամբ ձեռք բերված ապրանքներն ու ծառայություններն ուղղակի հարկերից ազատելու, ծառայողական օգտագործման նպատակով ներմուծվող և արտահանվող առարկաները մաքսատուրքերից ազատելու, ԺԸԱՄԻ-ի կողմից նշանակված պաշտոնյաներին և փորձագետներին վճարված աշխատավարձը հարկերից ազատելու կապակցությամբ:

Հայկական կողմը պարտավորվում է նաև միջոցներ ձեռնարկել ԺԸԱՄԻ-ի շինությունների և անձնակազմի անվտանգության և պաշտպանության նպատակով, Գրասենյակի համար ապահովել հանրային ծառայությունների մատչելիությունը։

Համաձայնագիրը սահմանում է այն անձանց շրջանակը, որոնց Հայաստանի Հանրապետության կառավարությունը պարտավորվում է տրամադրել անվճար մուտքի արտոնագիր՝ Հայաստանի Հանրապետությունում նրանց գործունեության ժամկետով։

6. Համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համահունչ են ՀՀ Սահմանադրության 1, 4 և 9 հոդվածների դրույթներին: Որպես ինքնիշխան և իրավական պետություն՝ Հայաստանի Հանրապետությունը, միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան, պարտավորվել է ապահովել մարդու և քաղաքացու իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը նաև նրանց հատուկ կարգավիճակում գտնվելու ընթացքում։

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. 2003թ. ապրիլի 4-ին Երևանում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և Ժողովրդավարության և ընտրությունների աջակցության միջազգային ինստիտուտի միջև Երևանում Ժողովրդավարության և ընտրությունների աջակցության միջազգային ինստիտուտի ծրագրի իրականացման գրասենյակի կարգավիճակի մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

ՆԱԽԱԳԱՀՈՂ Վ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

18 նոյեմբերի 2003 թվականի
ՍԴՈ - 457

print page Տպել էջը