2002 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 3-ԻՆ ԴՈՒՇԱՆԲԵՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԱՋԻԿՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երեւան 19 դեկտեմբերի 2003թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի (զեկուցող), Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,
մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Թ. Մարգարյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,
դռնբաց նիստում քննեց «2002 թվականի ապրիլի 3-ին Դուշանբեում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության և Տաջիկստանի Հանրապետության միջև բարեկամության և համագործակցության մասին պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։
Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան։
Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով պայմանագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Քննության առարկա միջպետական պայմանագիրը երկու երկրների անունից ստորագրվել է 2002թ. ապրիլի 3-ին՝ Դուշանբեում։ Պայմանագրի նպատակն է երկկողմ հարաբերությունների և փոխշահավետ համագործակցության զարգացումը, Պայմանավորվող կողմերի միջև փոխհարաբերությունների իրավապայմանագրային հիմքերի ամրապնդումը։
2. Պայմանագիրը սահմանում է պայմանավորվող պետությունների համագործակցության սկզբունքները, որոնք բխում են Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության, Հելսինկյան Եզրափակիչ ակտի, այլ միջազգային փաստաթղթերի պահանջներից։
Պայմանագիրը նախատեսում է Պայմանավորվող կողմերի միջև համագործակցության հիմնական ուղղությունները։ Մասնավորապես առանձնացվում են համագործակցության հետևյալ բնագավառները. համընդհանուր անվտանգության, քաղաքականության, տնտեսության, գիտության և տեխնիկայի, առողջապահության, բնապահպանության, առևտրի, տրանսպորտի, տեղեկատվության փոխանակման, ինչպես նաև հանցավորության դեմ պայքարի բնագավառները։
Կոնկրետ բնագավառներում համագործակցությունը կանոնակարգելու նպատակով Պայմանավորվող կողմերն անհրաժեշտ են համարում կնքել առանձին համաձայնագրեր։
3. Պայմանավորվող կողմերը միմյանց քաղաքացիների համար երաշխավորում են հավասար իրավունքներ և ազատություններ՝ խտրականության արգելման սկզբունքին համապատասխան։ Մի Պայմանավորվող կողմն իր տարածքում բնակվող՝ մյուս Պայմանավորվող կողմի քաղաքացիներին տրամադրում է քաղաքացիական, քաղաքական, սոցիալ-տնտեսական և մշակութային իրավունքներ ու ազատություններ՝ մարդու իրավունքների միջազգային հանրաճանաչ նորմերին համապատասխան։
Պայմանավորվող կողմերը պարտավորություններ են ստանձնում նաև իրենց տարածքում գտնվող՝ միմյանց քաղաքացիների լեզվական և հոգևոր պահանջմունքների բավարարման կապակցությամբ։
4. Քննության առարկա պայմանագրին համապատասխան՝ երկու երկրները բարենպաստ պայմաններ կապահովեն միմյանց տնտեսավարող սուբյեկտների ձեռնարկատիրական գործունեության համար, տնտեսական հարաբերությունները կզարգացնեն առավել բարենպաստման ռեժիմի հիման վրա։
5. Պայմանագրում ամրագրված պարտավորությունները բխում են ՀՀ միջազգային իրավական այլ պարտավորություններից, կոչված են ապահովելու երկու երկրների միջև հարաբերությունների զարգացումը ՀՀ Սահմանադրության 9 հոդվածով նախատեսված արտաքին քաղաքականության սկզբունքներին համահունչ։
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 2002թ. ապրիլի 3-ին Դուշանբեում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության և Տաջիկստանի Հանրապետության միջև բարեկամության և համագործակցության մասին պայմանագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
ՆԱԽԱԳԱՀՈՂ Վ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
19 դեկտեմբերի 2003 թվականի
ՍԴՈ - 459