ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ԱՍՈՑԻԱՑՎԱԾ ԱՆԴԱՄԻ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԴԱՇԻՆՔԻՆ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՄԻԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան, 9 ապրիլի 1997 թվականի

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Ստեփանյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Հ. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,

մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Վ. Ավանեսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի եւ 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի, դռնբաց նիստում քննեց «Ասոցիացված անդամի իրավունքով Տնտեսական դաշինքին Ուկրաինայի միանալու մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան՝ Ասոցիացված անդամի իրավունքով Տնտեսական դաշինքին Ուկրաինայի միանալու մասին 1994 թվականի ապրիլի 15-ին Մոսկվայում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ։

Լսելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Ա. Գյուլումյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Վ. Ավանեսյանի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

Տնտեսական դաշինքի ստեղծման մասին պայմանագիրը կնքվել է Մոսկվա քաղաքում՝ 1993 թվականի սեպտեմբերի 24-ին։ Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդն այն վավերացրել է 1994 թվականի մարտի 29-ին։ Պայմանագրի 30 հոդվածին համապատասխան Տնտեսական դաշինքի անդամ պետությունների համաձայնությամբ եւ նրանց կողմից որոշված պայմաններով ասոցիացված անդամի իրավունքով դաշինքին կարող են միանալ այլ պետություններ։

Ասոցիացված անդամի իրավունքով Տնտեսական դաշինքին Ուկրաինայի միանալու մասին համաձայնագիրը կնքվել է 1994 թվականի ապրիլի 15-ին՝ Մոսկվա քաղաքում, հինգ տարի ժամկետով, եւ ուժի մեջ է մտնում այն օրվանից, երբ ավանդապահը ծանուցում կստանա, որ Կողմերը կատարել են դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը։

Համաձայնագրով Կողմերը պարտավորվում են գործունեության կոնկրետ ոլորտներում տնտեսական հարաբերությունները կարգավորել Տնտեսական դաշինքի նպատակների իրականացմանն ուղղված առանձին համաձայնագրեր կնքելով։

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. Ասոցիացված անդամի իրավունքով Տնտեսական դաշինքին Ուկրաինայի միանալու մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

9 ապրիլի 1997 թվականի
ՍԴՈ - 46

print page Տպել էջը