2003 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 3-ԻՆ ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ ԴԱՇՆԱՅԻՆ ԱՎԻԱՑԻՈՆ ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱՅԻ ՄԻՋԵՎ NAT-1-2425 ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երեւան 22 դեկտեմբերի 2003թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ հետևյալ կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի (զեկուցող),
մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Ս. Մարգարյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,
դռնբաց նիստում քննեց «2003 թվականի ապրիլի 3-ին Վաշինգտոնում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության և Ամերիկայի Միացյալ Նահանգների տրանսպորտի դեպարտամենտի դաշնային ավիացիոն ադմինիստրացիայի միջև NAT-1-2425 համագործակցության հուշագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։
Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան։
Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով հուշագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Քննության առարկա միջգերատեսչական պայմանագիրը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության և Ամերիկայի Միացյալ Նահանգների տրանսպորտի դեպարտամենտի դաշնային ավիացիոն ադմինիստրացիայի միջև, ստորագրվել է 2003թ. ապրիլի 3-ին Վաշինգտոնում։ Համագործակցության հուշագրի նպատակն է Կողմերի միջև քաղաքացիական ավիացիայի բնագավառում տեխնիկական համագործակցության խթանումն ու զարգացումը, համագործակցության պայմանների սահմանումը։
2. Համագործակցության հուշագիրը սահմանում է Պայմանավորվող կողմերի միջև համագործակցության հիմնական ձևերը, այն է՝ տեղեկատվության փոխանակում, համատեղ վերլուծությունների, հետազոտական և զարգացման ծրագրերի իրականացում, գիտական և տեխնիկական անձնակազմի, սարքավորումների և համակարգերի փոխանակում, գիտական միջոցառումների համատեղ կազմակերպում։
Հուշագիրը սահմանում է Պայմանավորվող կողմերի միջև անձնակազմի փոխանակման, ինչպես նաև մի Պայմանավորվող կողմից մյուսին վարձակալության տրվող սարքավորումների վարձակալության ընդհանուր պայմանները։
3. Համագործակցության հուշագրով Հայկական կողմը պարտավորվում է պաշտպանել սույն համագործակցության հուշագրի կամ դրա հավելվածների կամ լրացումների համաձայն իրականացվող աշխատանքից ծագող ցանկացած հայց՝ հարուցված Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության, Դաշնային ավիացիոն ադմինիստրացիայի կամ Միացյալ Նահանգների որևէ մարմնի կամ պաշտոնյայի դեմ, ինչպես նաև վերջիններիս զերծ պահել Հայաստանի Հանրապետության կառավարության կամ նրա որևէ գործակալության կամ երրորդ անձանց կողմից՝ սույն համագործակցության հուշագրի կամ դրա հավելվածների և լրացումների համաձայն իրականացված աշխատանքից ծագող անձնական վնասվածքի, մահվան կամ սեփականության վնասի կապակցությամբ ներկայացված որևէ պահանջից։
4. Համագործակցությունը կիրականացվի քննության առարկա հուշագրի մաս կազմող և երկու Կողմերի միջև համաձայնեցված հավելվածների ու լրացումների միջոցով։ Դրանցից առայժմ առկա է մեկը՝ Հավելված I-ը, որն ստորագրվել է հուշագրի հետ միաժամանակ՝ 2003թ. ապրիլի 3-ին, թռիչքային անվտանգության ուսումնասիրության համար տեխնիկական օգնություն տրամադրելու պայմանները սահմանելու նպատակով։
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 2003թ. ապրիլի 3-ին Վաշինգտոնում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության և Ամերիկայի Միացյալ Նահանգների տրանսպորտի դեպարտամենտի դաշնային ավիացիոն ադմինիստրացիայի միջև NAT-1-2425 համագործակցության հուշագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
ՆԱԽԱԳԱՀՈՂ Վ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
22 դեկտեմբերի 2003 թվականի
ՍԴՈ - 462