2003 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8-ԻՆ ՍՈՖԻԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երեւան 26 դեկտեմբերի 2003թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի (զեկուցող),
մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Ն. Դավիդյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,
դռնբաց նիստում քննեց «2003 թվականի սեպտեմբերի 8-ին Սոֆիայում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջև առողջապահության բնագավառում համագործակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։
Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան։
Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Քննության առարկա համաձայնագիրն ստորագրվել է 2003թ. սեպտեմբերի 8-ին Սոֆիայում՝ Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության կառավարությունների միջև առողջապահության բնագավառում համագործակցությունը զարգացնելու նպատակով։
2. Համաձայնագրով Կողմերն ստանձնում են առողջապահության բնագավառում երկկողմ համագործակցության զարգացմանն աջակցելու ընդհանուր պարտավորություն։ Համաձայնագիրը սահմանում է առողջապահության և բժշկագիտության բնագավառում երկկողմ համագործակցության հիմնական ուղղությունները, մասնավորապես՝ առաջնային և մասնագիտացված բժշկական օգնություն, կանխարգելիչ բժշկություն և շրջակա միջավայրի պաշտպանություն, դեղորայքային քաղաքականություն, գիտական և բժշկական ապահովագրություն, վիճակագրություն և համագործակցության այլ փոխհամաձայնեցված ձևեր: Կողմերը նաև հանձն են առնում աջակցել վարակիչ և մակաբուծական հիվանդությունների կանխարգելման և սանիտարական հսկողության բնագավառում իրենց իրավասու մարմինների միջև համագործակցության զարգացմանը, միմյանց տեղեկացնել իրենց երկրներում կազմակերպվող գիտական բժշկական միջոցառումների մասին, անվճար կարգով իրականացնել մասնագետների կամ փորձագետների խմբերի փոխանակում՝ դրա հետ կապված ծախսերը Կողմերի միջև բաշխելով ըստ համաձայնագրով սահմանված կարգի:
3. Համաձայնագրում հստակեցված են նաև Կողմերից մեկի քաղաքացիներին մյուս Կողմի տարածք բուժման ուղարկելու, Կողմերից մեկի տարածքում որոշակի ժամկետով օրինականորեն գտնվող մյուս Կողմի քաղաքացիներին անհրաժեշտ բժշկական օգնություն ցուցաբերելու կարգն ու պայմանները, ինչի հետ էլ կապված են Հայաստանի Հանրապետության ստանձնած ֆինանսական պարտավորությունները:
4. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները բխում են միջպետական հարաբերությունների հաստատման և զարգացման վերաբերյալ ՀՀ Սահմանադրության 9 հոդվածում ամրագրված սկզբունքներից, ինչպես նաև ուղղված են ՀՀ Սահմանադրության 34 հոդվածով երաշխավորված՝ յուրաքանչյուրի առողջության պահպանման իրավունքի իրացմանը:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 2003թ. սեպտեմբերի 8-ին Սոֆիայում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջև առողջապահության բնագավառում համագործակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
ՆԱԽԱԳԱՀՈՂ Վ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
26 դեկտեմբերի 2003 թվականի
ՍԴՈ - 463