2003 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԻՏՎԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՆՁՆԱԳՐԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՄՈՒՏՔԻ ԱՐՏՈՆԱԳԻՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՊԱՀԱՆՋԻ ՎԵՐԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երեւան 26 դեկտեմբերի 2003թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ հետևյալ կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի (զեկուցող), Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի,
մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռ. Շուգարյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,
դռնբաց նիստում քննեց «2003 թվականի սեպտեմբերի 15-ին Երևանում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և Լիտվայի Հանրապետության կառավարության միջև դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագիր ստանալու պահանջի վերացման մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։
Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան։
Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1.Հայաստանի Հանրապետության և Լիտվայի Հանրապետության կառավարությունների միջև դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագիր ստանալու պահանջի վերացման մասին համաձայնագիրն ստորագրվել է 2003թ. սեպտեմբերի 15-ին՝ Երևանում։ Համաձայնագրի նպատակն է երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը նպաստելը, ինչպես նաև դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց փոխադարձ այցելությունները դյուրացնելը։
2. Քննության առարկա համաձայնագրով Պայմանավորվող կողմերը փոխադարձաբար պարտավորվում են վավերական դիվանագիտական անձնագրեր ունեցող միմյանց քաղաքացիների մուտքն իրենց տարածք թույլատրել առանց մուտքի արտոնագրի՝ միաժամանակ իրենց տարածքում այդ քաղաքացիների մնալու հնարավորությունը սահմանափակելով 90 օրը չգերազանցող ժամկետով՝ առաջին մուտքից սկսած վեց ամսվա ընթացքում։
Ըստ համաձայնագրի՝ առանց մուտքի արտոնագրի մի Պայմանավորվող կողմի տարածք մուտք գործած՝ դիվանագիտական անձնագրեր ունեցող՝ դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչությունների անդամները, համապատասխան միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները և նրանց ընտանիքների անդամները կարող են մնալ այդ Պայմանավորվող պետության տարածքում իրենց հավատարմագրման ողջ ընթացքում։
Պայմանավորվող կողմերը պարտավորվում են նաև միմյանց տրամադրել վավերական դիվանագիտական անձնագրերի նմուշները։
3. Համաձայնագիրը Կողմերին իրավունք է վերապահում մերժել անցանկալի անձանց մուտքն իրենց տարածք, ինչպես նաև, ելնելով ազգային անվտանգության, հասարակական կարգի կամ հանրության առողջության նկատառումներից, կասեցնել կամ դադարեցնել համաձայնագրի կիրառումն ամբողջությամբ կամ մասամբ։
Համաձայնագիրը կնքվում է անորոշ ժամանակով՝ Կողմերին իրավունք վերապահելով ցանկացած ժամանակ գրավոր ծանուցելու միջոցով դադարեցնել համաձայնագրի գործողությունը։
4. Երկու պետությունների կողմից՝ դիվանագիտական անձնագրեր ունեցող քաղաքացիների համար առանց մուտքի արտոնագրի փոխայցելությունների կարգի սահմանումն այդ անձանց համար ընդլայնում է ՀՀ Սահմանադրության 22 հոդվածում և Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի 12 հոդվածում ամրագրված՝ անձի ազատ տեղաշարժվելու իրավունքի իրականացման սահմանները։ Քննության առարկա համաձայնագիրը համապատասխանում է ՀՀ Սահմանադրության 9 հոդվածով սահմանված՝ ՀՀ արտաքին քաղաքականության սկզբունքներին։
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 2003թ. սեպտեմբերի 15-ին Երևանում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և Լիտվայի Հանրապետության կառավարության միջև դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագիր ստանալու պահանջի վերացման մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
ՆԱԽԱԳԱՀՈՂ Վ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
26 դեկտեմբերի 2003 թվականի
ՍԴՈ - 464