ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

2003 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8-ԻՆ ՍՈՖԻԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան, 7 հունվարի 2004թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի (զեկուցող),

մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռ. Շուգարյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «2003 թվականի սեպտեմբերի 8-ին Սոֆիայում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության եւ Բուլղարիայի Հանրապետության միջեւ հյուպատոսական կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան։

Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով կոնվենցիան եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. Հայաստանի Հանրապետության եւ Բուլղարիայի Հանրապետության միջեւ հյուպատոսական կոնվենցիանստորագրվել է 2003 թ. սեպտեմբերի 8-ին Սոֆիայում՝ Կողմերի միջեւ փոխադարձ բարեկամական հարաբերությունների զարգացմանը եւ փոխշահավետ համագործակցության խորացմանը նպաստելու, իրենց քաղաքացիների եւ իրավաբանական անձանց իրավունքների եւ շահերի ավելի արդյունավետ պաշտպանությունն ապահովելու ձգտումով փոխադարձ հյուպատոսական հարաբերությունները կարգավորելու եւ զարգացնելու նպատակով։

2. Կոնվենցիայով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է փոխադարձ պարտավորություններ, որոնք վերաբերում են՝ ա) արարողակարգային խնդիրներին (հհ. 2-10), բ) աշխատանքային պայմանների ապահովման, իրավունքների եւ արտոնությունների ոլորտին (հհ. 11-32), գ) գործառույթներին եւ դրանց իրականացման հետ կապված հարցերին (հհ. 33-56):

Առաջին խմբի դրույթները վերաբերում են հյուպատոսական հիմնարկների բացման, ղեկավարի եւ անձնակազմի աշխատակիցների նշանակման, նրանց ժամանելու եւ մեկնելու, քաղաքացիության հետ կապված հարցերին, ինչպես նաեւ persona non grata կամ անցանկալի անձ հայտարարելու, հյուպատոսական եւ բնակելի շինություններ ձեռք բերելու խնդիրներին (հհ. 2-10):

Երկրորդ խմբում ներկայացված են նորմեր, որոնք վերաբերում են հյուպատոսական հիմնարկների եւ աշխատակիցների պաշտպանությանը, նրանց անձնական անձեռնմխելիությանը, հյուպատոսական շինությունների եւ պաշտոնատար անձանց բնակարանների, հյուպատոսական արխիվի եւ փաստաթղթերի անձեռնմխելիությանը, հարկային, մաքսային եւ այլ արտոնությունների ու պարտավորությունների, ինչպես նաեւ արտոնություններից ու անձեռնմխելիությունից հրաժարվելու հարցերին (հհ. 11-32):

Երրորդ խմբի հոդվածներով սահմանվում են բուն հյուպատոսական գործառույթները, որոնք առնչվում են տեղեկատվությանը, անձնագրերի եւ արտոնագրերի տրամադրմանը, Ներկայացվող պետության քաղաքացիների ձերբակալման ու կալանավորման դեպքերի հետ կապված խնդիրներին, ժառանգության, խնամակալության եւ հոգաբարձության հարցերին, քաղաքացիական կացության եւ այլ ոլորտներին: Այս նույն խմբում են արծարծված նաեւ դատական եւ այլ փաստաթղթերի փոխանցման հարցերը, Ներկայացվող պետության նավերին եւ օդանավերին, դրանց անձնակազմի անդամներին օգնություն ցուցաբերելու խնդիրները (հհ. 33-56):

3. Կոնվենցիան հարազատ է մնում Հայաստանի Հանրապետության սահմանադրական պարտավորությանը՝ իր արտաքին քաղաքականությունն իրականացնել միջազգային նորմերին համապատասխան՝ բոլոր պետությունների հետ բարիդրացիական, փոխշահավետ հարաբերություններ հաստատելու նպատակով (ՀՀ Սահմանադրության հ. 9), ինչպես նաեւ Հյուպատոսական կապերի մասին Վիեննայի կոնվենցիայի (1963թ. 24 ապրիլի) դրույթներին, որին Հայաստանը միացել է 1992 թվականին, եւ որով, փաստորեն, Հայաստանի Հանրապետությունն արդեն իսկ պարտավորվել է տրամադրել հյուպատոսական հիմնարկներին եւ դրանց ղեկավարներին եւ աշխատակազմին բոլոր այն արտոնությունները, որոնք նախատեսված են քննվող կոնվենցիայով:

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. 2003 թ. սեպտեմբերի 8-ին Սոֆիայում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության եւ Բուլղարիայի Հանրապետության միջեւ հյուպատոսական կոնվենցիայում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

ՆԱԽԱԳԱՀՈՂ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

7 հունվարի 2004 թվականի
ՍԴՈ - 465

print page Տպել էջը