ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

1997 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16-ԻՆ ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ՌՄԲԱՀԱՐՈՒՄՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան 7 հունվարի 2004թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի (զեկուցող), Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի,

մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Դ. Հարությունյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «1997 թվականի դեկտեմբերի 16-ին Նյու Յորքում ստորագրված՝ Ահաբեկչական ռմբահարումների դեմ պայքարի մասին միջազգային կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան։

Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով կոնվենցիան եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. Ահաբեկչական ռմբահարումների դեմ պայքարի մասին միջազգային կոնվենցիան ընդունվել է Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 1997թ. դեկտեմբերի 15-ի 52/164 բանաձեւով՝ Նյու Յորքում։ Այն ուժի մեջ է մտել 2001թ. մայիսի 23-ին։

Կոնվենցիան ընդունվել է ի իրացումն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 1994թ. դեկտեմբերի 9-ի 49/60 բանաձեւին կից «Միջազգային ահաբեկչության բացառման միջոցների մասին» հռչակագրի դրույթների։ Կոնվենցիան կոչված է լրացնելու ահաբեկչության բոլոր ձեւերի եւ դրսեւորումների կանխարգելման, խափանման եւ բացառման վերաբերյալ միջազգային իրավական նորմերի համակարգը։ Կոնվենցիան նպատակ ունի ամրապնդել միջազգային համագործակցությունը՝ ահաբեկչական ռմբահարումները կանխարգելելու համար արդյունավետ եւ գործնական միջոցներ մշակելու եւ ընդունելու գործում։

2. Քննության առարկա Կոնվենցիայի 2-րդ հոդվածը սահմանում է ահաբեկչական ռմբահարման հանցակազմը։

Պայմանավորվող կողմերը պարտավորվում են իրենց ներպետական օրենսդրությամբ որպես հանցագործություն ճանաչել կոնվենցիայի 2-րդ հոդվածով նախատեսված արարքները, դրանց կատարման փորձը, հանցակցությունն այդ արարքներին եւ սահմանել այդ արարքներին համարժեք պատժամիջոցներ։

Պայմանավորվող կողմերը ձեռնարկում են համապատասխան միջոցներ՝ իրենց քաղաքացիների կողմից կամ իրենց տարածքում կատարված՝ կոնվենցիայի 2-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունների նկատմամբ իրենց իրավազորությունը հաստատելու համար։

Կոնվենցիայով նախատեսված հանցագործությունները՝ որպես հանձնման հանգեցնող հանցագործություններ, ընդգրկված են համարվում մինչեւ սույն կոնվենցիայի ուժի մեջ մտնելը Պայմանավորվող կողմերի միջեւ կնքված հանձնման մասին պայմանագրերում եւ պետք է ներառվեն նաեւ հետագայում կնքվելիք նման պայմանագրերում։ Այն դեպքում, երբ Մասնակից պետությունը հանձնումն իրականացնում է համաձայնագրի առկայության պայմանով եւ մեկ այլ Մասնակից պետությունից, որի հետ նա հանձնման մասին համաձայնագիր չունի, ստանում է հանձնման վերաբերյալ խնդրանք, իր հայեցողությամբ կարող է սույն Կոնվենցիան դիտել որպես իրավական հիմք՝ կոնվենցիայի 2-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունների կապակցությամբ հանձնում իրականացնելու համար։

Քննության առարկա կոնվենցիայով Պայմանավորվող կողմերն ստանձնում են նաեւ կոնվենցիայով նախատեսված հանցագործությունների քննության, քրեական կամ հանձնման վարույթների կապակցությամբ միմյանց իրավական օգնություն տրամադրելու պարտավորություն։

Կոնվենցիայով նախատեսված հանցագործությունները հանձնման եւ փոխադարձ իրավական օգնության նպատակներով չեն կարող համարվել քաղաքական կամ դրան առնչվող հանցագործություններ։

3. Կոնվենցիան նախատեսում է ահաբեկչական ռմբահարումների կանխարգելման գործում Պայմանավորվող կողմերի համագործակցության հիմնական միջոցները։

Կոնվենցիան նաեւ երաշխավորում է դրանով նախատեսված հանցագործության կատարման մեջ մեղադրվող անձանց իրավունքների պաշտպանությունը՝ մարդու իրավունքների միջազգային իրավանորմերին համապատասխան։

4. Քննության առարկա կոնվենցիան համահունչ է ՀՀ Սահմանադրության 1, 4 եւ 9 հոդվածներում ամրագրված՝ պետության ինքնիշխանության, մարդու իրավունքների ու ազատությունների պաշտպանության եւ արտաքին քաղաքականության սկզբունքներին։

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. 1997թ. դեկտեմբերի 16-ին Նյու Յորքում ստորագրված՝ Ահաբեկչական ռմբահարումների դեմ պայքարի մասին միջազգային կոնվենցիայում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

ՆԱԽԱԳԱՀՈՂ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

7 հունվարի 2004 թվականի
ՍԴՈ - 467

print page Տպել էջը